Պուտինը հետաձգեց զորահանդեսը, ԱՄՆ-ը «փորփրում» է չինական լաբորատորիան, Գերմանիան II համաշխարհայինից ի վեր ամենածանր ճգնաժամն է գուժում

Պաշտոնական տվյալներով` Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 6 հազար նոր դեպք: Մեկ օրվա կտրվածքով սա ամենաբարձր ցուցանիշն է ողջ աշխարհում: Կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը Ռուսաստանում հասել է գրեթե 43 հազարի, մահացածների թիվը երեկոյան տվյալներով՝ 361 էր:

Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ Հայրենական մեծ պատերազմում նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի 75-ամյակին նվիրված մայիսի 9-ի տոնակատարությունը հետաձգվեց: Որոշումն ընդունվեց երկրում կորոնավիրուսի համավարակի տարածման կապակցությամբ: Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում ասաց. «Մայիսի 9-ին միջոցառումներ անցկացնելու համար որոշումը պետք է արդեն այս օրերին ընդունել, սակայն հաշվի առնելով կորոնավիրուսի վտանգը և այն հանգամանքը, որ մենք պիկը դեռ չենք անցել, ես չեմ կարող արձակել զորահանդեսին և զանգվածային միջոցառումներին պատրաստվելու հրահանգ»: Զորահանդեսի անցկացման նոր ժամկետ չի նշվում։

Հաղթանակին նվիրված միջոցառումներ տեղի չեն ունենա նաև Դաշնության այլ շրջաններում: ՌԴ-ում մինչև ապրիլի 30-ը գործում է մասնակի կարանտինի և ինքնամեկուսացման ռեժիմ: Բնակիչների մեծ մասին կարգադրել են տանը մնալ: Աշխատում են պետական հիմնարկները, իրավապահները, բանկերը, կապի և տրանսպորտի ծառայությունները, ռազմաարդյունաբերական համալիրի հիմնարկները և պետության համար կենսական նշանակության այլ կառույցներ:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերն անցել են 2 միլիոն 300 հազարը, մահացել է 160 հազարից ավելի մարդ:

Աշխարհում վատթարագույն ցուցանիշները, ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգներում են, որտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել էր 755,162-ի, վերջին 24 ժամում վարակվել էին՝ 16,370 մարդ, իսկ մահացածների թիվը հասել է՝ 40,109-ի:
Միաժամանակ Թրամփը շարունակում է թեժ պահել Չինաստանին մեղադրելու թեման: Չինաստանը կարող է բախվել հետևանքների, եթե ապացուցվի, որ գիտակցաբար է թույլ տվել կորոնավիրուսի բռնկումը, այս մասին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք հետաքննություն ենք անցկացնում, տեսնենք՝ ինչպես կընթանա: Եթե նրանք գիտակցաբար են թույլ տվել դա, ապա հետևանքներ պետք է լինեն»,- ասել է նա: Թրամփի խոսքով՝ մինչև վերջին իրադարձությունները Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունները կառուցողական էին: «Մենք առևտրային համաձայնագիր ենք կնքել, Չինաստանը մեր ֆերմերներից 250 մլրդ դոլարի արտադրանք է գնում: Հարաբերությունները լավ էին, երբ մենք ստորագրեցինք այն: Արդյո՞ք զայրացած եմ Չինաստանի վրա: Հնարավոր է՝ այո՛: Բայց ամեն ինչ կախված է նրանից՝ արդյո՞ք կորոնավիրուսի բռնկումը սխալ էր, թե՞ գիտակցաբար է արվել»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ հույս ունի՝ չինական իշխանությունները կապահովեն օտարերկրյա մասնագետների մուտքը Ուհանի լաբորատորիա, որտեղից, ամերիկյան մի շարք ԶԼՄ-ների պնդմամբ, կարող էր տարածվել կորոնավիրուսը: Միաժամանակ, ապրիլի 16-ին Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը ընդգծել է, որ կորոնավիրուսի արհեստական ստեղծման մասին վարկածը որևէ ապացուցողական հիմք չունի:
Ընդհանուր առմամբ, սակայն, ամերիկյան իշխանություններին հաջողվել է որոշակիորեն կայունացնել համաճարակի տարածման շուրջ իրադրությունը: Այդ կայունացումն էր պատճառը, որ հինգշաբթի երեկոյան նախագահ Թրամփը հանդես եկավ երկրի տնտեսությունը աստիճանանբար վերագործարկելու և բնականոն կյանքի վերադառնալու օգտին` հրապարակելով այդ նպատակին միտված իր եռաքայլ պլանը:

Կորոնավիրուսի պատճառով հարկադիր պարապուրդն ավարտին հասցնելու այս ծրագիրը, սակայն, բավական լուրջ հակազդեցության է արժանանում մի շարք դեմոկրատ նահանգապետերի կողմից, որոնք որոշեցին առայժմ չհետևել Սպիտակ տան խորհուրդներին և երկարաձգել կարանտինային միջոցառումները:

Դեմոկրատ նահանգապետերի այդ պահվածքն էր պատճառը, որ անցած գիշեր Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրառումների մի շարք կատարեց՝ նշելով՝ «Ազատագրենք Վիրջինիան», «Ազատագրենք Միչիգանը» և «Ազատագրենք Մինեսոտան»: Ըստ «Ազատության»՝ Սպիտակ տան ղեկավարի այս գործողություններին զուգահեռ, այս նահանգներում հարյուրավոր մարդիկ դուրս եկան փողոցներ՝ դեմոկրատ նահանգապետերից պահանջելով հետևել Թրամփի տնտեսության վերագործարկման եռաքայլ պլանին` թույլ տալով մարդկանց վերադառնալ իրենց բնականոն տնտեսական գործունեությանը:

«Ես կարծում եմ, որ մեր բոլորի աշխատանքն էլ կենսական նշանակություն ունի Մինեսոտա նահանգում, ուստի որևէ նահանգապետ չպետք է որոշի, թե երբ մենք պետք է վերադառնանք աշխատանքի», - հայտարարել է ցույցի մասնակիցներից մեկը: Դոնալդ Թրամփը, ի դեպ, ևս այս ցույցերն ու դրանց ընթացքում հնչող պահանջները արդարացված է համարում: «Այդ մարդիկ իրենց կարծիքն են արտահայտում, ես տեսնում եմ, թե ովքեր են նրանք և ինչ են անում: Ըստ իս, դրանք շատ պատասխանատու մարդիկ են, և նրանց նկատմամբ [նահանգային իշխանությունները] փոքր-ինչ կոշտ դիրքորոշում են որդեգրել», - երեկ երեկոյան կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թրամփը:

Ինչպես հաղորդում է ռադիոկայանը՝ Սպիտակ տան և նահանգապետերի միջև` կարանտինային միջոցառումների տևողության շուրջ այս բանավեճի կիզակետում է հայտնվել Միչիգանի նահանգապետ Գրեթհեն Վիթմերը, որն ըստ Reuters գործակալության, նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Ջոզեֆ Բայդենի կողմից կարող է առաջադրվել որպես փոխնախագահի թեկնածու: «Ես երկրում աշխատող բազմաթիվ փորձագետների եմ լսել և հանգել եմ եզրակացության, որ այն, ինչ մենք այսօր ենք անում, ճիշտ է` մենք մարդկային կյանքեր ենք փրկում: Տնտեսությունը կվերագործարկվի այն ժամանակ, երբ դա անվտանգ կլինի», - նշել է Միչիգանի նահանգապետը:

Եվրոպայի միակ խոշոր պետությունը, որտեղ իրադրությունը զգալիորեն տարբերվում է Իսպանիայից, Իտալիայից, դա՝ Գերմանիան է: Գերմանիայի իշխանությունները հայտարարեցին, որ կորոնավիրուսի համաճարակը ամբողջությամբ վերահսկվում է: Ավելին, ըստ գերմանացի համաճարակաբանների, երկրում արդեն մի քանի օր է, ինչ զգալիորեն նվազել է կորոնավիրուսի տարածման ծավալը, եթե համաճարակի պիկային շրջանում մեկ հիվանդը միջինը երկու մարդու էր վարակում, ապա այսօր արդեն այդ ցուցանիշը մեկից էլ քիչ է, նշում են Բեռլինում գործող Ռոբերտ Կոխի անվան համաճարակաբանության ինստիտուտի աշխատակիցները:

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները, սակայն, ահազանգում են, որ չնայած համաճարակաբանական իրավիճակի ակնհայտ բարելավմանը, երկրին տնտեսական բավական ծանր ժամանակներ են սպասում: «Գերմանական տնտեսությունը նման ծանր ճգնաժամում չի գտնվել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Չի բացառվում անգամ, որ այս ճգնաժամն ավելի լուրջ է, քան բանկային ոլորտում և ֆոնդային շուկաներում ծագած նախորդ ճգնաժամերը: Մենք մտավախություն ունենք, որ բազմաթիվ ընկերություններ ոչ միայն ծանր կորուստներ կկրեն, այլև կվտանգվի նրանց գոյությունն ինքնին», - նախօրեին Բեռլինում նշել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Ալտմայերը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3786 անգամ
Լրահոս
Ախուրյանի ՔՊ-ական համայնքապետն աշխատանքից ազատել է ԲՀԿ-ական տեղակալին Գիտությունը պետք է զարգանա տնտեսության և արդյունաբերության հետ մեկտեղ. Ռոբերտ Քոչարյան «Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Երուսաղեմում ճրագալույցի պատարագին կմասնակցեն նաև հավատացյալներ՝ սահմանափակ թվով․ «Փաստինֆո» Արտակարգ դեպք Աղվերան-Արզական ճանապարհին․ հողազանգվածը սարից թափվել է և ճանապարհը դարձրել անանցանելի Վաղը կհնչի ՀՀ ապագա վարչապետ Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»․ Ուժեղ Հայաստան Եգիպտոսի փոստային ծառայությունը նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել՝ հայազգի դիվանագետի դիմանկարով Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ Տղաների վիճակը ծայրահեղ ծանր է Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am