Պատմական գործարք՝ նավթային պատերազմի շուրջ

Վերջ նավթային պատերազմին, կամ պատմական գործարք` համաճարակի պահին. այսպես են արևմտյան լրատվամիջոցները բնորոշում OPEC-ի` նավթ արտահանող երկրների կազմակերպության, Ռուսաստանի և շուկայի մյուս խոշոր դերակատարների միջև նախօրեին ձեռք բերված համաձայնությունը:

Մի քանի օր շարունակված թեժ բանակցություններից հետո աշխարհի նավթային պաշարների խոշորագույն մասը տնօրինող պետությունները, այդ թվում` Ադրբեջանը, համաձայնեցին գնալ արտահանման ծավալների աննախադեպ նվազեցման:
Մի քանի շաբաթից փաստաթղթի տակ ստորագրած երկրներից յուրաքանչյուրը շուրջ քսան տոկոսով կնվազեցնի արդյունահանումը, ընդհանուր առմամբ, մայիս֊հունիսից արդեն համատեղ արտահանումը կկրճատվի օրական 9,7միլիոն բարելով: Այս ծավալի կրճատում պատմության մեջ երբևէ չէր եղել, անգամ 2008 թվականին ֆինանսական ճգնաժամից հետո համաշխարհային շուկա էր արտահանվել չորս անգամ ավելի շատ:
Գործարքն ուժի մեջ կլինի երկու տարի՝ մինչև 2022 թվականի ապրիլը:

Ռուսաստանը, որ շաբաթներ առաջ հրաժարվել էր առաջարկից, այսօր ողջունել է գործարքը: Կրեմլի խոսնակը պնդել է․ - «Սա թույլ կտա խուսափել քաոսից ու նավթի գների հետագա անկումից»: Մասնավոր ընկերությունները, մինչդեռ, ավելի բաց տեքստով են մեկնաբանում։ «Սա ծանր ու նվաստացուցիչ հաշտություն էր Ռուսաստանի համար, բայց`անհրաժեշտ», - ՌԲԿ-ին ասել է խոշորագույն ընկերություններից մեկի` «Լուկոյլի» փոխնախագահ Լեոնիդ Ֆեդունը:

Ինչպես հաղորդում է «Ազատությունը», փաստացի, խաղի այս կանոնները Ռուսաստանին պարտադրվեցին ՕՊԵԿ-ի ու դրա առաջնորդ Սաուդիան Արաբիայի կողմից: Անցած ամիս, երբ Կրեմլը չէր համաձայնել կրճատումներին, կազմակերպության` տարիներ առաջ ձեռք բերած համաձայնությունը հօդս էր ցնդել, և անդամներից յուրաքնայուրը հնարավորություն էր ստացել շուկա արտահանել այնքան, որքան կկամենա: Եվ սա այն դեպքում, երբ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ողջ աշխարհում արտադրության ծավալներն օր-օրի ընկնում էին, տնտեսությունները` կանգնում, նավթի պահանջարկը` նվազում:

Գնորդներ գտնելու համար արաբական երկրները սկսել էին զգալի զեղչեր առաջարկել, արդյունքում նավթի գինը կտրուկ նվազել էր` հասնելով երեսուն տարի առաջ` Պարսից ծոցի պատերազմի ժամանակ արձանագրված ցուցանիշին: Իրավիճակն է՛լ ավելի էր սրվել, երբ կորոնավիրուսի համաճարակը տարածվել էր աշխարհով մեկ: «Նավթային արդյունաբերությունը հայտնվել է մի այնպիսի շոկային իրավիճակում, որը պատմության մեջ երբևէ չի տեսել», - օրերս փաստել էր Միջազգային էներգետիկ գործակալությունը:
Հետագա գնանումը կանխելու և շուկայում կայունություն ապահովելու համար վիճաբանությանը միջամտել էր Միացյալ Նահանգների նախագահը: «Ես հենց նոր հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սաուդիան Արաբիայի թագավոր Սալմանի հետ։ Սրանք շատ արդյունավետ քննարկումներին էին, որոնք թույլ կտան լավ վիճակում պահել նավթարդյունաբերությունը: Մենք չենք ուզում, որ այս ոլորտում աշխատատեղեր կրճատվեն», - մի քանի օր առաջ հայտարարել էր նա Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:

Կողմերի հետ հեռախոսազրույցներից բացի, Թրամփը նաև սպառնացել էր, որ եթե Մոսկվան ու Էլ Ռիյադն ի վերջո համաձայնության չգան, Վաշինգտոնը զգալի մաքսատուրքեր կսահմանի Ամերիկա ներմուծվող նավթի վրա: Ռուսաստանի նախագահը հաջորդ օրը պնդել էր, որ Մոսկվան կողմ է կրճատումներին, բայց`դաշնակցային սկզբունքով: Ավելին, Պուտինը հայտարարել էր, թե իրականում Սաուդիան Արաբիան է հրաժարվել գործարքից, ինչը Էլ Ռիադը բացահայտ սուտ էր որակել:

Ավելի ու ավելի սրվող այս տարաձայնություններից հետո, երեկ, երբ հայտարարվեց համաձայնության մասին, Միացյալ Նահանգների նախագահը Թվիթերում գրեց․ - «Սա փայլուն համաձայնություն է բոլորի համար, այն հնարավորություն կտա պահպանել հարյուր հազարավոր աշխատատեղեր»:

Գործարքը ողջունել են նաև OPEC+ի անդամ մյուս պետությունները, այդ թվում` Ադրբեջանը, որը պարտավորվել է 164 հազար բարելով կրճատել արտահանումը` օրական ցուցանիշը հասցնելով մոտ կես միլիոն բարելի: «Սա թույլ կտա կայունացնել գները», -հայտարարել է պաշտոնական Բաքուն:

Սակայն փորձագետները զգուշավոր լավատեսությամբ են խոսում գործարքի մասին՝ փաստելով, որ շոշափելի արդյունքների հասնելու համար կրճատումները պետք է ավելի վաղ սկսվեին և ավելի մեծ ծավալներով արվեին: Bloomberg-ը, հղում անելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերին, պնդում է, որ ի սկզբանե նավթային կարտելի ղեկավարները հորդորել են ոչ թե 9,7 միլիոն, այլ դրա կրկնապատիկը կրճատել, քանի որ, ըստ հաշվարկների, այսօր համաշխարհային շուկայում նավթի ավելցուկը հասնում է 20-25 միլիոն բարելի: «Այսպիսի իրավիճակ երբեք չի եղել. երեք տարի առաջ առաջարկը ընդամենը երեք միլիոն բարելով էր գերազանցում պահանջարկը, այսօր` 20», նշել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3414 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am