Մահաբեր սարսափ. Ո՞ւմ է ձեռնտու Հայաստանի հարևանի արագ մեկուսացումը

Կորոնավիրուսը հասել է Հայաստանի սահմաններին. Հարևան Իրանը դիմագրավում է մահաբեր հիվանդության մարտահրավերը: Այսօր Երևանում կայացել է կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նիստի արդյունքներով ընդունված որոշումները. 1. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: 2. Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ: 3. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ: 4. Որևէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար: 5. Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար: 6. Կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշում, որը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: Հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք և հույս ունեմ՝ չենք ունենա: Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար»:

Իրանում կորոնավիրուսի վարակման առաջին դեպքերի մասին տեղեկատվությունը տարածվել է փետրվարի 19-ին: Պաշտոնական տվյալներով՝ վարակվածների թիվը հասել է 43-ի, ընդ որում՝ գրանցվել է 8 զոհ:

Չինաստանում սկիզբ առած կորոնավիրուսն ընդարձակում է սահմանները՝ Եվրոպայից մինչև մեր տարածաշրջան: Երեկ Թեհրանը հայտարարեց, թե երկրում ևս երկու հիվանդ է մահացել, ըստ այդմ՝ Իրանում արդեն հիվանդության զոհ է դարձել առնվազն 8 մարդ, ինչը մահացության ամենաբարձր ցուցանիշն է Չինաստանի սահմաններից դուրս: Ավելանում է նաև նոր հիվանդների թիվը. այս պահին Իրանի հիվանդանոցներում բուժվում է կորոնավիրուսով վարակված ավելի քան 4 տասնյակ մարդ: Ընդ որում, ակնկալվում է, որ այս ցուցանիշն առաջիկայում կարող է ավելանալ, քանի որ 785 մարդ գտնվում է կարանտինի մեջ:

Հայաստան վարակի ներթափանցումը կանխելու համար Փաշինյանը երեկ ուշ երեկոյան հայտարարեց՝ Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես կդադարեցվի. չվերթները երկու շաբաթով կչեղարկվեն, Մեղրիի սահմանակետը կփակվի:
Ավելի վաղ Իրանի հետ հաղորդակցությունը դադարեցնելու որոշում ընդունեցին Վրաստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իրաքի ու Քուվեյթի իշխանությունները:
Եվրոպայում ուշադրության կենտրոնում Իտալիան է, որտեղ արձանագրվել է հիվանդացության ու մահվան ամենաբարձր ցուցանիշը՝ առնվազն երեք մարդ մահացել է, 130-ը՝ ախտահարվել: Հիվանդների մեծ մասը հյուսիսում են՝ Լոմբարդիայի և Վենետոյի վարչական շրջաններում, ինչն էլ ստիպեց երեկ տեղական իշխանություններին ժամանակից շուտ փակել Վենետիկի հայտնի դիմակահանդեսը: Վիրուսի մասին տեղեկությունները օրեր առաջ էին տարածվել: Վենետիկի դիմակահանդեսին բնորոշ պսպղուն ու խայտաբղետ հանդերձանքի փոխարեն այս տարի տեղում բժշկական դիմակներն էին գերակշռում:

Առայժմ իտալացի բժիշկներին չի հաջողվում գտնել՝ երբ և ինչ ճանապարհով է վարակը երկիր ներթափանցել: Դրա տարածումը կանխելու համար տեղական իշխանությունները հյուսիսում ավելի քան մեկ տասնյակ քաղաքների ելումուտը փակել են: Շուրջ 50 հազար մարդ այժմ չի կարող ճանապարհորդել։ «Հյուսիսը՝ վիրուսային պաշարման մեջ», «Վիրուս պարալիսիս», - գրել են տեղական թերթերը: Reuters-ի կադրերում ամայացած մայրուղիներ են ու փողոցներ: Չեղարկվել են տասնյակ մարզական հանդիպումներ, այդ թվում՝ Սերիա Ա-ի ֆուտբոլային խաղերը:

Միլանի համալսարանները մի քանի օր է՝ փակ են, ըստ քաղաքապետի՝ դպրոցները ևս կփակվեն. - «Ես կարծում եմ, մենք նաև այդ քայլին պետք է գնանք, և պատրաստվում եմ ներկայացնել այդ առաջարկը Լոմբարդիայի վարչական շրջանի ղեկավարին: Միաժամանակ, ուզում եմ ընդգծել, որ սա զուտ կանխարգելիչ քայլ է, մենք չենք ուզում խուճապ տարածել»։

Վերջին օրերին մտահոգիչ պատկեր է արձանագրվել նաև Հարավային Կորեայում, որտեղ նոր վիրուսից 6 մարդ է մահացել, 600-ը՝ հիվանդացել: Իշխանությունները տագնապի ամենաբարձր շեմն են սահմանել, դպրոցներում և հիվանդանոցներում դասերը հետաձգվել են առնվազն մեկ շաբաթով: Երկրի նախագահը հորդորել է կառավարությանը «աննախադեպ և արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ հիվանդության տարածումը կանխելու համար»: Չինաստանում, որտեղից և անցած տարեվերջին սկիզբ էր առել համաճարակը, հիվանդացության տեմպերը մի փոքր դանդաղել են։ Նախագահ Սի Ծինփինը, սակայն, երեկ պնդել է՝ այս վարակը առողջապահության համակարգում արձանագրված ամենամեծ մարտահրավերն է հանրապետության հիմնադրումից ի վեր:

Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել սահմանափակել Իրանից և հակառակ ուղղությամբ ֆիզիկական անձանց տեղաշարժը՝ պայմանավորված Իսլամական Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թվի աճով: Այդ մասին ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության այսօր տարածած հայտարարության մեջ:

Վրաստանի ԱԳՆ-ում ընդգծել են, որ «ներկայումս Իրանում գրանցված է կորոնավիրուսի տարածման ամենաբարձր ցուցանիշը Չինաստանից հետո»: «Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել սահմանափակել Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ֆիզիկական անձանց տեղաշարժը: Կառավարության որոշմամբ՝ տվյալ փուլում դադարեցված է Իրանից Վրաստան ուղևորների տեղափոխումը: Ավիաընկերությունները հնարավորություն կունենան Վրաստանի օդային տարածք տեղափոխել ինքնաթիռներն առանց ուղևորների, որպեսզի Իրանից ժամանած զբոսաշրջիկները կարողանան վերադառնալ»,-ասված է հայտարարության մեջ:

ԱԳ նախարարությունում պարզաբանել են, որ «ներկայում տեղաշարժման համար բաց կմնա ցամաքային սահմանը», սակայն անցակետերում «գործում են խիստ սահմանափակումներ»: «Նշված ուղղությամբ մենք սերտորեն համագործակցում ենք հարևան երկրների հետ: Վրաստանի կառավարությունը հետևում է իրավիճակի զարգացմանը, ինչպես նաև շարունակում աշխատանքը հարևան Ադրբեջանի և Հայաստանի հետ: Անհրաժեշտության դեպքում հետագայում չի բացառվում նաև ցամաքային սահմանով տեղաշարժի սահմանափակումը»,-ասված է հայտարարության մեջ:

Կորոնավարակի տարածումը կանխելու համար, Թուրքիան ժամանակավորապես փակել է ցամաքային սահմանը Իրանի հետ: Իրանի համար սահմանափակումներ են գործում նաև Իրաքի հետ ընդհանուր սահմանի վրա: Իրաքի իշխանությունները երկարացրել են Իրանից ուղևորվող անձանց մուտքի արգելքի ժամկետը: Միակ բացառությունը գործում է Իրաքի քաղաքացիների համար:

Դատելով միջազգային մամուլի, հեռուստատեսային հաղորդումների մեկնաբանությունները՝ աշխարհում քննարկում են կորոնավիրուսի ստեղծման ամենաանհավանական տարբերակները, օրինակ, արհեստական ճանապարհով ստեղծումն ու տարածումը: Ռուսական թոքշոուների հիմնական մեխը՝ Միացյալ Նահանգների ուղղությամբ: Այստեղ գրեթե մեղադրում եմ ԱՄՆ-ին՝ Չինաստանի հետ առևտրատնտեսական խնդիրների պատճառով կորոնավիրուսի միջոցով Չինաստանի հետ հաշվեհարդար լինելու տարբերակը:

Սակայն կան նաև փորձագետներ, որոնք հավանական են համարում նույնիսկ չինական վարկածը: Այն է՝ կորոնավիրուսի համաճարակի օգնությամբ Չինաստանի կողմից ֆինանսական ակտիվները կրկին գնելու հնարավորություն ստանալը՝ բորսաներում վիրուսի համաճարակից հետո գների անկման համատեքստում:

Բայց այս ամենի մեջ ուշագրավ է այն հանգամանքը, որ Իրանը, որը ԱՄՆ-ի թշնամական պետություն է համարվում, կորոնավիրուսի միջոցով հեշտությամբ մեկուսացավ: Մի առիթով, ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը Երևանում բարձրացրել էր Իրանի հետ սահմանի փակման հարցը:
Կորոնավիրուսն, ակամայից, կարծես, դարձել է աշխարհաքաղաքական մահակ, սկզբից Չինաստանի, այժմ էլ՝ Իրանի նկատմամբ: Ուզենք, թե չուզենք, նաև այս նկատառումը պետք է հաշվի առնենք:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5318 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am