Իրանի ԱԳ նախարարը Վիեննայում կհանդիպի ԱԷՄԳ-ի ներկայացուցիչների հետ
IRNA գործակալությունը հայտնում է ,որ Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը Վիեննայում է:Նախարարին ուղեկցում է Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, հավանաբար, կհայտարարի Թեհրանի կողմից Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված համաձայնագրի կատարման արդյունքները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զարիֆը Վիեննայում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։ Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ստորագրվել է Վիեննայում 2015 թվականի հուլիսի 14-ին։ Փաստաթուղթը ստորագրել են Իրանը և «վեցյակը»՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան։
