Ընդդեմ համատարած կեղծիքների ու կլանի բունտ է հասունանում

Ադրբեջանի խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունների արդյունքների հետ չհաշտվող ընդդիմությունը պլանավորել է փետրվարի 16-ին բողոքի հանրահավաք անցկացնել կեղծված ընտրությունների դեմ: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջըլին՝ նշելով, որ հանրահավաք անցկացնելու համար մի քանի կուսակցությունների և անկախ թեկնածուների հետ միասին դիմել են Բաքվի քաղաքապետարան, հաղորդում է «Ազատությունը»:

Ընտրությունները խստորեն քննադատել է նաև Ադրբեջանի էթնիկ փոքրամասնության՝ թալիշների Ազգային խորհուրդը: Խորհրդի հայտարարությունում նշված է, որ հարավային շրջանում, ինչպես և երկրի մյուս մասերում, չնայած բնակչության դժգոհություններին ու բողոքներին, խաբեությունների և բռնությունների միջոցով «ընտրվել են» մարդիկ, որոնք ոչ մի անգամ չեն բարձրացրել բնակչությանը հուզող սոցիալ-տնտեսական, մշակութային, էթնիկ-ազգային խնդիրները:

«Թալիշների ազգային խորհուրդը» խստորեն դատապարտել է հերթական կեղծված ընտրությունները և պահանջել չեղարկել արդյունքները: Հաղորդելով այս մասին՝ «Թուրան» լրատվական գործակալությունը նշում է, որ թալիշների այս խորհուրդը ձևավորվել է անցած դեկտեմբերին՝ թալիշ մտավորականների և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից:

Ադրբեջանի ընտրությունները քննադատել են ոչ միայն տեղական կազմակերպությունները, անկախ թեկնածուները, այլև միջազգային դիտորդները: ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունն ընտրությունների հաջորդ օրը հայտարարել էր, թե ընտրությունները չեն համապատասխանել եվրոպական ժողովրդավարության չափանիշներին և չեն արտացոլում մարդկանց ազատ կամարտահայտությունը: Ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունները համատարած կեղծվել են:

Մոսկվան պաշտպանել է Ադրբեջանի ընտրությունները և քննադատել եվրոպական դիտորդական առաքելությանը: Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվական դեպարտամենտի մեկնաբանությունում նշված է, որ ԱՊՀ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության դիտորդների գնահատմամբ՝ ընտրություններն անցկացվել են ազգային օրենսդրությանը համապատասխան, քաղաքացիների ընտրական իրավունքի կոպիտ խախտումներ չեն արձանագրվել:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, թե եվրոպական կառույցների դիտորդները կողմնակալ ու սուբյեկտիվ ամփոփիչ գնահատականներ են տվել, որոնք չեն համապատասխանում իրական պատկերին: «Շնորհավորում ենք մեր ադրբեջանցի ընկերներին ընտրությունները հաջողությամբ անցկացնելու համար, որոնք վկայում են բնակչության աջակցությունը Ադրբեջանի ղեկավարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ ուղղված երկրի ժողովրդավարացմանն ու հասարակական-քաղաքական կյանքի արդիականացմանը:

Հույս ունենք, որ նորընտիր Միլի մեջլիսի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև կշարունակվի սերտ և կառուցողական համագործակցությունը՝ Ռուսաստանի և Ադրբեջանի ավանդական բարեկամության և ռազմավարական գործընկերության ոգով», - նշված է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում տեղադրված մեկնաբանությունում:

Հիշեցնենք, «Ենի Ազերբայջանի» տարած հաղթանակի կապակցությամբ Ալիևին շնորհավորել էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով. «Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս, արտահերթ ընտրություններում արձանագրված արդյունքները ակնհայտորեն հաստատեցին այն բարձր վարկանիշը, որ Ձեր գլխավորած կուսակցությունն ունի Ադրբեջանի քաղաքացիների շրջանում»: Պուտինը նաև վստահեցրել էր, որ Մոսկվայի և Բաքվի «ռազմավարական հարաբերությունները» հետագայում է՛լ ավելի կամրապնդվեն:

Ադրբեջանում անցած կիրակի կայացած խորհրդարանական ընտրությունները Վաշինգտոնը նույնպես քննադատեց: Երկրում Միացյալ Նահանգների դեսպանատունը հատուկ հայտարարություն էր տարածել, մեջբերելով ԵԱՀԿ դիտորդների գնահատականը, ըստ որի՝ քվեարկությունը չի համապատասխանել ժողովրդավարության չափանիշներին: «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը ցույց տվեց, որ տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ: Բաքուն պարտավոր է շուտափույթ հետաքննել դրանք և իրագործել միջազգային համայնքի կողմից նախկինում և այժմ տրված բոլոր հանձնարարականները», նշել է Ամերիկայի դեսպանատունը՝ հավելելով. - «Դա Ադրբեջանի իշխանությունների ստանձնած պարտավորությունն է միջազգային համայնքի, բայց նախ և առաջ՝ սեփական ժողովրդի առաջ»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2026 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am