Եվրոպան չճանաչեց Ալիևի նոր խաղը

Ըստ միջազգային դիտորդների, Ադրբեջանում կայացած ընտրություններ չեն համապատասխանել եվրոպական ժողովրդավարության չափանիշներին
Լցոնումների, բազմակի քվեարկությունների, անկախ դիտորդների նկատմամբ ճնշումների ուղեկցությամբ կիրակի օրը Ադրբեջանում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունները ավարտվեցին իշխող ընտանիքի հերթական հաղթանակով: Ըստ «Ազատության»՝ նախնական արդյունքների համաձայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցությունը նոր գումարման Միլի մեջլիսում առնվազն 71 պատգամավոր կունենա: Այդ մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Բացառապես մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների ընթացքում մի շարք ընտրատարածքներում հաջողության են հասել նաև անկախ թեկնածուներ, որոնց մեծ մասը, սակայն, ոչ միայն սերտ կապեր ունի իշխող կուսակցության հետ, այլև բացահայտորեն աջակցում էր «Ենի Ազերբայջանի» նախընտրական ծրագրին: Այս պահի դրությամբ հայտնի է, որ պատգամավորական մանդատ կունենան երկու ընդդիմադիր գործիչներ՝ Էրքին Գադիրլին և Վուգար Բայրամովը:

Ընտրություններին մասնակցում էր 1314 թեկնածու երկու տասնյակ քաղաքական ուժերից: 17 տարի առաջ հորից իշխանությունը ժառանգած նախագահ Իլհամ Ալիևը արտահերթ խորհրդարանական ընտրություններ նախաձեռնեց նախատեսված հերթական ընտրություններից ինը ամիս առաջ՝ այդ որոշումը պայմանավորելով երկրում ընթացող լայնածավալ տնտեսական բարեփոխումներով:

Պաշտոնական Բաքուն անցած շաբաթներին հավաստիացնում էր, որ ընտրությունները կլինեն թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Ադրբեջանական ընդդիմությունը, սակայն, պնդում է, թե ընտրությունները համատարած կեղծվել են: Այս ընտրությունները հիմնականում բոյկոտած ընդդիմադիր ուժերը կոչ են արել իրենց աջակիցներին փետրվարի 16-ին դուրս գալ փողոց` ընդդեմ քվեարկության կեղծված արդյունքների:

«29 ընտրատեղամասերում եղել են ոստիկանական ռեյդեր, ինչին ականատես են եղել ԵԱՀԿ-ի, ԱՄՆ-ի դեսպանատան և այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների դիտորդները», - հայտարարել է նորաստեղծ «Ումիդ» ընդդիմադիր ուժի առաջնորդ Իգբալ Աղազադեն: «Խոսում էին թափանցիկ ընտրությունների մասին, ստացվել է թափանցիկ կեղծարարություն», - իր հերթին հայտարարել է Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերեմլին:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը, ինչպես երեկ հայտարարել է դիտորդական առաքելության ղեկավար Արթուր Գերասիմովը, նույնպես արձանագրել է, որ ընտրությունները անցկացվել են խախտումներով, ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավար. - «Ընտրողները չունեին ընտրության լայն հնարավորություն, քանի որ երկրում կա իրական քաղաքական քննարկումների պակաս, քվեարկության ընթացքում արձանագրվել են ընտրողների, թեկնածուների վրա ճնշումների դեպքեր, չկար իրական մրցակցություն»: «Ընտրությունները չեն համապատասխանել եվրոպական ժողովրդավարության չափանիշներին և դրանք չի կարելի համարել բնակչության ազատ կամարտահայտություն», - հայտարարել են ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի, ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունների ղեկավարները:

Ինչպես միջազգային ու տեղական դիտորդները, այնպես էլ տեղական անկախ մամուլը, սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները փաստում են, որ ընդունված ընտրական պրակտիկան պահպանվել է՝ լցոնումներ, բազմակի քվեարկության, անկախ դիտորդների աշխատանքը խոչընդոտելու դեպքեր, բռնություններ լրագրողների նկատմամբ:

Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի ղեկավար Հաքիֆ Ղուրբանովը «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում նշել է, որ աննախադեպ էին հատկապես անկախ դիտորդների նկատմամբ ճնշումները. - «Նրանց չէին թույլատրում հարցեր տալ, շփվել մարդկանց հետ... Նախորդ ընտրությունների համեմատ, այս անգամ ճնշումները ավելի ուժեղ էին և կրում էին զանգվածային բնույթ»: Բռնության ենթարկված անկախ դիտորդներից մեկը՝ Ժալյա Բայրամովան պատմել է, որ Լենքորանի ընտրատեղամասերից մեկում անծանոթ կինը հարձակվել է իր վրա, մազերից քաշել և ճանկռոտել դեմքը՝ փորձելով կանխել քվեարկության ընթացքի նկարահանումը:
Մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հակադարձում է, թե որոշ խախտումներ եղել են, սակայն դրանք համատարած բնույթ չեն կրել, և յուրաքանչյուր նմանօրինակ դեպք հետաքննվում է։

Ի դեպ, կիրակնօրյա քվեարկությունը նաև աչքի է ընկել ադրբեջանցի ընտրողների համեմատական պասիվությամբ: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 47 տոկոսը, ինչը 8 տոկոսով պակաս է նախորդ խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված ցուցանիշից:

Կարելի է կանխատեսել, որ ինչպես օրեր առաջ՝ Ալիևը քննադատեց ԵԽ-ին, այնպես էլ ապագայում նա հանդես կգա նոր դաժան քննադատությամբ՝ եվրոպական կազմակերպությունների հասցեին: Նա արդեն նախօրոք՝ մինչև ընտրությունները հրապարակավ քննադատեց ԵԽ-ին՝ մեղադրելով Ադրբեջանի ու Թուրքայի նկատմամբ սխալ դիրքորոշում ունենալու, երկակի ստանդարտներ կիրառելու համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2814 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am