«Կռվախնձորի» նոր թեմա

Թուրքական պաշտոնական աղբյուրների պնդմամբ՝ երկրի զինված ուժերն ավելի քան հինգ տասնյակ օդային և հրետանային հարվածներ են իրականացրել` խոցելով Սիրիայի հյուսիսում` Իդլիբ նահանգում, լայնածավալ հարձակման անցած կառավարական բանակի ստորաբաժանումների զինծառայողներին: Այդ մասին երեկ ուշ երեկոյան հայտարարեց Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը շտապ կարգով ժամանել էր Սիրիային սահմանակից Հաթայ գավառ` սահմանից այն կողմ ծավալված ռազմական գործողությունների ընթացքին հետևելու նպատակով: «Այս պահի դրությամբ հարվածներ են հասցվել սիրիական վարչակազմի շուրջ 54 թիրախների: Տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվության համաձայն՝ այդ հարվածների հետևանքով Սիրիայի կառավարական բանակի 76 զինծառայող է չեզոքացվել», - թուրքական բանակի հրամանատարական կազմի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարում էր Հուլուսի Աքարը:

Իրավիճակն Իդլիբում սրվեց երկուշաբթի վաղ առավոտյան, երբ Բաշար Ասադին հավատարիմ ուժերը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Սարաքիբ քաղաքի ուղղությամբ առաջխաղացման ընթացքում հրետակոծեցին Իդլիբի նահանգում տեղակայված թուրքական ռազմական դիտորդական հենակետերից մեկի ծառայողներին: Այդ հարվածի հետևանքով զոհվել էին հինգ թուրք զինվորականներ և թուրքական բանակի հետ պայմանագրային հիմունքներով համագործակցող երեք քաղաքացիական աշխատակիցներ:

Հիշեցնենք, որ թուրքական դիտորդական կետերը ստեղծվել էին Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում, և թուրքական կողմը որպես կանոն ռուսաստանցիներին զգուշացնում էր իր զինվորականների տեղաշարժի մասին: Թուրքիայի պաշտպանության նախարարի պնդմամբ՝ վերջին միջադեպից առաջ ևս ռուսաստանցիները նախազգուշացված են եղել: «Իդլիբում ծառայող մեր գործընկերները Սիրիայում գործող ռուսական ստորաբաժանման հրամանատարությանը սպասվող տեղաշարժերի մասին տեղեկացրել են դրանից մեկ օր առաջ, այն էլ երկու անգամ` կիրակի ցերեկը՝ ժամը 4-ին, և նույն օրը` երեկոյան ժամը 10:30», - նշում էր Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Ռուսաստանի զինվորական ղեկավարությունը, սակայն, կտրականապես հերքում է Անկարայից հնչող այս պնդումները` նշելով, որ Իդլիբում գտնվող թուրքական ստորաբաժանումների տեղաշարժի մասին ռուս զինվորականները որևէ պատկերացում չեն ունեցել, ուստի և չէին կարող դրա մասին զգուշացնել իրենց սիրիացի զինակիցներին:
Մինչդեռ պաշտոնական Անկարային Մոսկվայի այս արդարացումներն ակնհայտորեն չեն գոհացնում: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն այսօր Անկարայում հնչեցրած ելույթում նշում էր, որ Սիրիայում իրադրության կարգավորմանն ուղղված ռուս-թուրքական համատեղ ջանքերը վերջին իրադարձությունների պատճառով զգալիորեն տուժել են:

«Թեև Աստանայի և Սոչիի գործընթացները դեռ ուժը կորցրած չեն ճանաչվել, բայցևայնպես դրանց լուրջ վնաս է հասցվել: Բացի այդ, Մոսկվայից հնչող արդարացումները, թե իբր իրենք ի վիճակի չեն ամբողջությամբ վերահսկել Բաշար Ասադի վարչակազմը, այնքան էլ տեղին չեն», - հայտարարում էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:

Փաստորեն բախումների նոր ալիք տեղի ունեցավ Իդլիբում. սիրիական զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող այդ միակ նահանգում թուրքական ստորաբաժանումներն ու սիրիական կառավարական բանակը փոխադարձ կրակահերթ են բացել, երկու կողմից էլ կային զոհեր:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նշել է. «Այսօր սիրիական վարչակազմի կողմից իրականացված հրետանային հարվածների հետևանքով Իդլիբում 4 թուրք զինվորական է զոհվել: 9 զինծառայող վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Այս պահին Իդլիբում ռազմական գործողությունները շարունակվում են, և թուրքական բանակի պատասխան գործողության արդյունքում 30-35 սիրիացի զինվորականներ չեզոքացվել են», - հայտնել է Թուրքիայի նախագահը:

Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների խախտումների դիտարկման կենտրոնի» տվյալներով՝ թուրքական հարվածների հետևանքով զոհված սիրիացի զինվորականների թիվը 6-ն է: Էրդողանը նշել է, որ Անկարան Սիրիայի դաշնակից Ռուսաստանի իշխանություններին զգուշացրել է՝ եթե չեն կարողանում Իդլիբում կանգնեցնել Բաշար Ասադի բանակին, ապա «թող չփորձեն խոչընդոտներ հարուցել թուրքական բանակի համար»: «Թուրքիան չի անտեսի իր զինվորականների մահն Իդլիբում: Հրետանային հարվածների բոլոր մասնակիցները կարժանան Անկարայի կոշտ արձագանքին», - հայտարարել է Էրդողանը` հավելելով, որ լի են վճռականությամբ սեփական անվտանգության համար գործողությունները շարունակելու հարցում: «Ով կասկածի տակ է դնում մեր վճռականությունը, շուտով կհասկանա, որ սխալվել է», - ասել է Թուրքիայի նախագահը:

Սիրիական բանակին ռազմական, մասնավորապես օդից աջակցություն ցուցաբերող ռուսական կողմը հայտարարում է, որ թուրք զինվորները զոհվել են ահաբեկիչների կողմից արձակված կրակահերթերի հետևանքով: Թուրքիայի իշխող ուժը, մինչդեռ, պնդում է, որ Անկարան Մոսկվային տրամադրել է իր զինվորականների տեղաշարժի մասին տեղեկատվությունը: «Ռուսաստանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում»,- Թվիթերում գրել է «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, իր հերթին արձագանքելով Իդլիբի շուրջ ընթացող վերջին զարգացումներին, ասել է, թե ռուս ու թուրք զինվորականները գտնվում են մշտական կապի մեջ, և անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի կազմակերպել նաև նախագահների հեռախոսազրույցն ամենակարճ ժամկետում:

Հիշեցնենք, որ Թուրք-ռուսական հերթական առճակատման թատերաբեմ դարձած Իդլիբը սիրիական ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին նահանգն է, որում բնակվում է մոտ 3 միլիոն մարդ, այդ թվում՝ 100 հազարավոր փախստականներ երկրի այլ շրջաններից: ՄԱԿ-ի տվյալներով՝ Իդլիբում սիրիական կառավարական զորքերի հարձակողական գործողությունների մեկնարկից ի վեր՝ ապրիլից սկսած, Սիրիայի հյուսիսարևմտյան շրջաններում ավելի քան 400 հազար մարդ դարձել է փախստական, դատարկվել են քաղաքներ և գյուղեր: Անկարան պնդում է, որ տասնյակ հազարավոր իդլիբցիներ ապաստան են փնտրում երկրի հյուսիսում՝ թուրքական սահմանի մոտ: Թուրքիան շեշտում է, որ իր զինվորականներն Իդլիբում են ռազմական գործողությունները կանխելու նպատակով` թույլ չտալու փախստականների նոր հոսք դեպի իր սահմաններ: Այդ նպատակով 2018-ին Սոչիում էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել էին Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծել, սակայն կողմերը պարբերաբար միմյանց մեղադրում են պայմանավորվածությունները խախտելու համար: Անցած ամիս էրդողանը նշել էին, թե այլևս լցվել է իր համբերության բաժակը՝ Մոսկվայի կողմից խոստումները շրջանցելու պատճառով: «Մենք փորձում ենք փրկել տառապյալներին, ի՞նչ են ասում ռուսները՝ «մենք պայքարում ենք ահաբեկիչների դեմ», ովքե՞ր են ահաբեկիչները, սիրիացինե՞րը, ովքեր պաշտպանում են իրենց հողերը», - ընդգծել է Էրդողանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, նրանք քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը: «Մանրամասն ուսումնասիրվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակը: Կողմերը փոխադարձ անհանգստություն են հայտնել Իդլիբի դեէսկալացիոն գոտում իրավիճակի սրման կապակցությամբ»,- գրված է Կրեմլի մամուլի ծառայության հայտարարությունում: Նշվում է, որ Պուտինն ուշադրություն է դարձրել ահաբեկչական խմբավորումների ակտիվացման վրա, որոնց գրոհների արդյունքում զոհվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ: Կողմերն այս առիթով պայմանավորվել են ձեռնարկել հրատապ միջոցներ: Էրդողանը, իր հերթին, խոսելով Սիրիայում թուրք զինվորների հրետակոծության մասին, նշել է, որ հետագայում, եթե նման գործողությունները կրկնվեն, «Անկարան կօգտագործի ինքնապաշտպանության իր իրավունքը»:

Պաշտոնական Մոսկվան չի բացառում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև Սիրիայի շուրջ նոր բանակցությունների անցկացումը: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով` անհրաժեշտության դեպքում նախագահների բանակցությունները կարելի է կազմակերպել «բավական սեղմ ժամկետներում»: Այդ բանակցությունների ընթացքում, ըստ Պեսկովի, կողմերը կարող են քննարկել այն ակտիվությունը, որ ահաբեկչական կառույցները շարունակում են ցուցաբերել Իդլիբում»:

Այսպիսով, Թուրքիան կոչ է անում Ռուսաստանին սաստել Սիրիայի կառավարական ուժերին Իդլիբի շրջանում: Հայտարարությանը նախորդել էր թուրքական ուժերի դեմ հարձակումը Իդլիբում: «Ես իմ գործընկեր Սերգեյ Լավրովին ասել եմ, որ ռեժիմը սադրիչ գործողությունների է դիմում Իդլիբի շուրջ մեր դիտարկման կետերի ուղղությամբ, և մենք հակահարված կտանք, եթե իրենք շարունակեն այս գործողությունները: Ռուսական կողմը որքան հնարավոր է արագ պետք է սաստի վարչակարգին»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Մոսկվան և Անկարան ներգրավված են Սիրիայի հակամարտությունում, որտեղ ռուսական կողմը աջակցում է Բաշար Ասադի կառավարությանը, իսկ Թուրքիան՝ընդդիմադիր զինյալներին, որոնք փորձում էին տապալել Ասադին: ՌԴ-ն ու Թուրքիան միասին ջանքեր են գործադրել Իդլիբում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, սակայն Սիրիայի կառավարական ուժերի գործողությունները անհանգստացնում են Թուրքիային, որը մտահոգված է փախստականների հնարավոր նոր ալիքով: Մոսկվան իր հերթին իր մտահոգությունն է հայտնում Իդլիբի զինյալների հարձակումների վերաբերյալ:

Թուրքիան կրկին ռմբակոծեց տասնյակ թիրախներ Իդլիբի շրջանում ի պատասխան իր ուժերի դեմ հարձակումների, որոնց արդյունքում եղան զոհեր: Պուտինի ու Էրդողանի համար այժմ սիրիական ճգնաժամի համատեքստում նոր լարվածություն հիմքեր են ստեղծվել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2388 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am