ԵՄ-ն «կուլ է գնում» Անկարային

Էրդողանը Եվրոպային դրեց ընտրության առջև Արևմտյան լրատվամիջոցների պնդմամբ, Եվրամիության ղեկավար մարմինը` Եվրոպական հանձնաժողովը, այսօր արդեն կարող է Թուրքիայի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու որոշում կայացնել: Այս մասին տեղեկացրեց բրիտանական BBC-ին` պնդելով, որ այս առթիվ քաղաքական որոշումը Բրյուսելում արդեն իսկ կայացվել է: Որ այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը` անուղղակիորեն վկայում է նաև այն հանգամանքը, որ այսօր արդեն Թուրքիան, իր հերթին, հայտարարեց, թե վերացնում է մուտքի արտոնագրերը Եվրամիության անդամ բոլոր պետությունների` այդ թվում Կիպրոսի հունական հատվածի քաղաքացիների համար: Համապատասխան որոշումը երեկ առավոտյան հրապարակվել է թուրքական կառավարության պաշտոնաթերթում: «Այս քայլը Կիպրոսի պաշտոնական ճանաչում չի նշանակում: Պարզապես, եթե ԵՄ-ն որոշի վերացնել մուտքի արտոնագրերը Թուրքիայի քաղաքացիների համար, մենք էլ այլևս վիզա չենք պահանջի Եվրամիության անդամ պետությունների քաղաքացիներից», - Reuters-ի թղթակցի հետ զրույցում նշել է թուրք պաշտոնյաներից մեկը: Թուրքիայի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացումը հնարավոր է դարձել փախստականների շուրջ համաձայնագրի շրջանակներում: Այս պայմանավորվածության համաձայն՝ Բրյուսելը հնարավորություն կստանա Թուրքիա վերադարձնել ԵՄ տարածք մուտք գործած անօրինական ներգաղթյալներին: Դրա դիմաց Անկարան ֆինանսական օգնություն է ստանալու եվրոպացիներից, իսկ Թուրքիայի քաղաքացիները հնարավորություն են ստանալու 90 օր ժամկետով ազատորեն մուտք գործել Շենգենյան գոտու տարածք: «Կարծում եմ, որ շատ հստակ է` վիզային ռեժիմի ազատականացումը չի կարող միակողմանի գործընթաց հանդիսանալ: Այն պետք է ուղեկցվի նախապայմաններով, որոնք չկատարելու դեպքում այս ողջ գործընթացը կամ ընդհանրապես դադարեցվում է, կամ էլ՝ սառեցվում», նշեց Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը: Ընդհանուր առմամբ, Թուրքիային թվով 72 նախապայման է առաջ քաշված: Դրանց թվում են Կիպրոսի հետ հարաբերությունների հաստատումն ու ազգային փոքրամասնությունների` նախևառաջ քրդերի իրավունքները սահմանափակող օրենքների վերանայումը: Գերմանական Der Spiegel-ը, վկայակոչելով Եվրոպական հանձնաժողովին մոտ կանգնած աղբյուրները, պնդում է, որ Թուրքիան առաջ քաշված պահանջներից մոտ հինգ տասնյակն արդեն իսկ կատարել է: «Վերջնական հաշվարկը, սակայն, տեղի կունենա չորեքշաբթի օրը», - գրում է գերմանական պարբերականը` նշելով նաև, որ Անկարայի հետ բանակցություններում շրջադարձային էր ապրիլի 23-ին թուրքական Գազիանթեփ քաղաքում կայացած ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը: «Թուրքիան այսօր լավագույն օրինակն է աշխարհի համար, թե ինչպես է պետք վարվել փախստականների հետ: Որևէ մեկը Թուրքիային դասեր տալու իրավունք չունի: Ես հպարտ եմ, որ մեր գործընկերը Թուրքիան է, և միանշանակորեն վստահ եմ, որ մենք հաջողության ենք հասնելու», օրեր առաջ Գազիանթեփի համաժողովի ավարտին հայտարարեց ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Արևմտյան մամուլի գնահատմամբ, սակայն, ԵՄ-ն այսօր պարզապես ստիպված է ընդառաջել Անկարային: Der Spiegel-ի հոդվածագիրը, օրինակ, նկատում է «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի համար վիզային ազատ ռեժիմի սահմանումը մեծ պարգև է: Դրան հասնելու համար նա նույնիսկ սպառնաց տապալել փախստականների շուրջ համաձայնագրի իրագործումը: Այդ սպառնալիքը նշանակում էր, որ Թուրքիան փախստականների հոսքը Էգեյան ծովով Հունաստան և ԵՄ տարածք այլևս չէր կանխելու: Էրդողանը Եվրոպային դրեց շատ հստակ ընտրության առջև` կամ փախստականներ, կամ էլ ազատ վիզային ռեժիմ Թուրքիայի քաղաքացիների համար»: ​​Թուրքական իրականություն. «Նրանք ուզում են իրենց դիմաց ենթարկվող հայի տեսնել» Թուրքիայի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու որոշմամբ ԵՄ-ն կրկին ի ցույց դրեց իր կախվածությունն Անկարայից: Սակայն թե՛ ԵՄ-ն, թե՛ արևմտյան երկրները հստակ գիտակցում են, թե ուր է տանում Էրդողանն այսօր Թուրքիան: Թուրքական խորհրդարանում վերջին մի քանի օրերին տեղի ունեցող իրադարձությունները բավարար են տեսնելու ու հասկանալու, թե որքանով է այսօրվա Թուրքիան հանդուրժող: Օրեր առաջ Թուրքիայի խորհրդարանում պատգամավորների անձեռնմխելիության սահմանափակման վերաբերյալ օրենսդրական փոփոխության շուրջ քննարկումներ էին: Թուրքիայում օրակարգային դարձած պատգամավորների անձեռնմխելիության սահմանափակման վերաբերյալ օրինագիծը լուրջ տարաձայնությունների պատճառ է դարձել: Քրդամետ կուսակցության պատգամավորները պնդում են, որ այս նախագիծը ուղղված է իրենց դեմ: Նախատեսվում է, որ առաջարկը քվեարկության կդրվի հաջորդ շաբաթ: Օրենսդրական փոփոխությունը կընդունվի անհրաժեշտ 367 կողմ քվեն ստանալու դեպքում: Առնվազն 330 քվե ստանալու պարագայում նախագահ Էրդողանը կարող է հանրաքվեի դնել օրինագիծը, կամ հետ ուղարկել խորհրդարան՝ փոփոխման համար: Քննարկումները խորհրդարանում վերածվեցին աղմկահարույց ծեծկռտուքի: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների միջև վեճ առաջացավ, երբ ընդդիմադիր պատգամավորները դժգոհել են, թե նիստի դահլիճը փոքր է: Քրդամետ կուսակցության ներկայացուցիչները պահանջեցին նիստը տեղափոխել ավելի մեծ դահլիճ, որպեսզի ներկաները կանգնած չհետևեն սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներին: Սակայն հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ ավելի մեծ դահլիճ չկա` առաջարկելով դուրս հրավիրել լրատվամիջոցների ներկայացուցիչներին և պատգամավորների խորհրդականներին: Լրագրողները լքել էին դահլիճը, բայց կրքերը ավելի են բորբոքվել, երբ քրդամետ կուսակցության պատգամավորները առարկել են իրենց խորհրդականներին դահլիճից դուրս հրավիրելու որոշման դեմ: Նիստը ընդմիջվել էր, սակայն վեճը չի ավարտվել: Ավելին՝ երկրորդ նիստի ժամանակ պատգամավորների միջև կրկին սկսված աթոռակռիվը վերածվել է ձեռնամարտի: Ծեծկռտուքին մասնակցել էր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, ինչպես նաև մի շարք կին պատգամավորներ: Իշխանամետ և ընդդիմադիր ուժերի միջև տեղի ունեցած քաշքշուկի հետևանքով հինգ պատգամավոր է տուժել, իսկ նիստը հետաձգվեց մինչև երկուշաբթի: Նույն ծեծկռտուքը, սակայն շարունակվեց նաև երկուշաբթի օրը: Գարո Փայլանը հայտնեց, որ երկուշաբթի սահմանադրական հանձնաժողովի նիստին տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները հատուկ են իրեն թիրախավորել, հարվածներ հասցրել և վիրավորել։ ԱԶԿ-ի և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների միջև ձեռնամարտից հետո իշխող ուժի պատգամավոր Մեհմեթ Մեթիները Գարո Փայլանին է մեղադրել կռիվը հրահրելու մեջ։ Թուրքական «Բիանեթ» գործակալությանը տված հարցազրույցում Փայլանը, մասնավորապես, ասել է. «Մի շարք պատգամավորներ ծրագրված կերպով վրաս հարձակվեցին։ Իսկույն նրանց թիրախում հայտնվեցի և 20-30 վայրկյանի ընթացքում շուրջ 100 բռունցքի հարված ստացա։ Հետո էլ իմ հասցեին խտրական արտահայտություններ հնչեցրեցին»։ Փայլանը ընդգծել է, որ նման վերաբերմունքի է արժանացել հատկապես հայ լինելու համար, քանի որ իրեն հասցեագրված վիրավորանքները ազգային ինքնությանն էին վերաբերում. «Չեն կարողանում մարսել, որ հայկական ինքնությամբ մեկը իրենց ստերն է ջրի երես հանում և անսասան է մնում։ Նրանք ուզում են իրենց դիմաց ենթարկվող հայի տեսնել։ Ինձ թիրախավորել և հաշվեհարդար էին տեսնում որպես իրավական պայքար տանող հայ»: Թուրքական խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովում պարբերաբար կրկնվող կռիվների և լարվածության պատճառը պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ օրինագիծն է։ Ամիսներ տևած բուռն քննարկումներից հետո հանձնաժողովում ընդունեց օրենսդրական փոփոխության առաջարկը՝ առանց քրդամետ ԺԴԿ-ի մասնակցության․տեղի ունեցած ծեծկռտուքից հետո կուսակցության պատգամավորները լքել են օրինագծի քննարկման դահլիճը՝ այսպիսով բոյկոտելով այն։ Քվեարկությունը անցկացվել է խորհրդարանում ներկայացված մյուս երեք կուսակցությունների պատգամավորների մասնակցությամբ։ Սահմանադրական հանձնաժողովի ընդունած օրինագծի առաջարկը խորհրդարանում քննարկման կդրվի մայիսի 16-ին։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 19 անգամ
Լրահոս
«Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am