ՌԴ-ն դեպի Չինաստան գազի ծավալները կկրճատի
Ռուսաստանը մտադիր է կրճատել գազի ծավալները, որի մատակարարումը դեպի Չինաստան նախատեսվում է այս տասնամյակի վերջին` «Սիբիրի ուժ» խողովակատարով: Այս մասին գրում է Reuters-ը` վկայակոչելով «Գազպրոմ»-ին մոտ կանգնած աղբյուրներին: Ռուսական ընկերությունը նման քայլի կգնա էներգակիրների համաշխարհային գների անկայունության պատճառով և Չինաստանի տնտեսությունում խնդիրների պատճառով: Աղբյուրները վստահ են, որ գազամուղն արևելք կուղղվի ժամանակին, սակայն դեպի Չինաստան առաջին մատակարարումների ծավալը նախատեսվածից ավելի քիչ կլինի, քան այն ժամանակ, երբ Մոսկվան և Պեկինը 400 մլրդ դոլար արժողությամբ գործարք կնքեցին՝ 2014-ի մայիսին: «Մենք գործարքի իրականացումը կսկսենք 2019-ին, բայց ծավալները կարող են քիչ լինել, քան նախապես սպասվում էր»,- ասել է աղբյուրը:
