Նախազգուշական հարվածներ՝ Իրանի միջուկային օբյեկտներին. Նոր լարում մեր սահմաններին մոտ

Իրանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունները սրվել են այս տարվա սկզբից, երբ հունվարի 3-ին Բաղդադում սպանվեց Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ կանչվեց Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Հունվարի 8-ին հրթիռակոծվեց Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել էր Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:

Իրանա-ամերիկյան հարաբերություններն արդեն սրության նոր մակարդակում են, պաշտոնական Վաշինգտոնը վստահեցնում է, որ քննարկել է Իրանին հարվածներ հասցնելու տարբերակը:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն «ապտակ» է հասցրել ԱՄՆ-ի ամբարտավանությանը` հարձակում գործելով Իրաքում ամերիկյան ռազմաբազաների վրա. «Այն օրը, երբ Իրանի իսլամական հանրապետության պահապանների կորպուսի հրթիռները հարված հասցրին ԱՄՆ-ի ամբարտավանությանը, աստվածային օր էր»,- նշել է Խամենեին: «Ազգը, որը տիրապետում է այդ ուժին` ապտակ հասցնել նեղացնողին, առաջնորդվում է Աստծո զորությամբ»,- ասել էր նա ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ժողովրդին ուղղված իր խոսքում:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Հունվարի 8-ին Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:

Ինչպես օրերս հաղորդել են, լույս հունվարի 8-ին Իրանի կողմից Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան երկու ռազմաբազաներին ուղղված ավիահարվածների հետևանքով 11 ամերիկացի զինծառայող է վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է Defense One-ը՝ մանրամասնելով, որ նրանք անմիջապես տեղափոխվել են Քուվեյթ և Գերմանիա, որտեղ անհրաժեշտ բուժում են ստանում:

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային անվանել է ԱՄՆ-ի խամաճիկներ, և նշել, թե այս երկրներն արժանի չեն վստահության: «Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան ոչինչ չեն անում: Նրանք կծառայեն ԱՄՆ-ի շահերին: Նրանք խամաճիկներ են», ասել է Խամենեին՝ հարյուրավոր իրանցիների առաջ կատարված ուրբաթօրյա աղոթքի ժամանակ:

Բարձրագույն առաջնորդը ընդգծել է, որ այս երկրների հայտարարությունները անհիմն են և որ «եվրոպացիներին չի հաջողվի իրանական ազգին ծնկի բերել»:

Հիշեցնենք, որ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հայտարարել են Իրանի հետ միջուկային գործարքի շրջանակներում վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման մասին: Փաստաթղթում ընդգծվել է, որ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մտադիր չեն ճնշում գործադրել Իրանի վրա, սակայն ցանկանում են ոգեշնչել երկրին վերադառնալ գործարքի իրականացմանը:

Իրանից նոր քննադատությունների ֆոնին ԱՄՆ նախագահն էլ պատասխանել է բավական կոշտ: Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին պետք է «շատ զգույշ լինի իր խոսքերում»: Նման նախազգուշացմամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Այսպես կոչված Իրանի գերագույն առաջնորդը, որը վերջերս այդքան գերագույն չէր, ԱՄՆ-ի և Եվրոպայի վերաբերյալ ոչ այդքան հաճելի բաներ է ասել: Իրենց տնտեսությունը փլուզվում է, իսկ ժողովուրդը՝ տանջվում: Նա պետք է իր խոսքերում շատ զգույշ լինի»,- գրել է Թրամփը: ԱՄՆ առաջնորդը նաև Իրանի իշխանություններին կոչ է արել փոխել իրենց քաղաքականությունն ու հանրապետությունը կրկին «մեծ դարձնել»:

«Ամերիկան սիրող ազնիվ իրանցիներն արժանի են կառավարության, որը ավելի հետաքրքրված է իրենց օգնություն տրամադրել երազանքներն իրականացնելու համար, այլ ոչ թե սպանել, երբ մարդիկ հարգանք են պահանջում: Իրանը մահվան տանելու փոխարեն, երկրի առաջնորդները պետք է հրաժարվեն ահաբեկչություններից, և երկիրը կրկին մեծ դարձնեն».- գրել է Թրամփը՝ հրապարակելով նաև գրառման պարսկերեն տարբերակը:

Իսկ ահա ԱՄՆ պետքարտուղարն ավելի հեռուն է գնացել: ԱՄՆ-ում քննարկել են Իրանի միջուկային օբյեկտներին նախազգուշական հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ Իսլամական Հանրապետությունում միջուկային զենքի ստեղծումը կանխելու համար, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն. «Սա կարևոր հարց է, որի մասին մենք շատ ենք մտածել»:

Նա հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որը հունվարի 8-ին խոստացել էր, որ քանի դեռ նա իշխանության ղեկին է, թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստեղծել: Ի պատասխան Իրանի նախագահ Հասան Ռոհանին միջազգային հանրությանը հավաստիացրել է, որ իր երկիրը նման նպատակ չունի, իսկ դրա մասին բոլոր հայտարարություններն անհեթեթություն են: Պոմպեոն ռադիոեթերում շեշտել է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որպեսզի այդ հայտարարությունը լինի իրական, հաստատված և ստուգելի:

Սակայն հունվարի 16-ին Հասան Ռոհանին նշեց, որ Իրանը ներկայում ուրանը հարստացնում է ավելի մեծ ծավալներով, քան 2015-ին միջուկային գործարքը կնքելուց առաջ. «Այսօր մենք ամեն օր ուրան ավելի շատ ենք հարստացնում, քան մինչև միջուկային գործարքը կնքելը», նշել էր Ռոհանին: Նրա խոսքով՝ «Թեհրանը ճիշտ վարվեց, որ դուրս չեկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ)»: «Եթե Իրանը դուրս գար, ապա մեր դեմ կվերադարձնեին ՄԱԿ-ի պատժամիջոցները, և դրանով իսկ մենք կհեշտացնեինք ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խնդիրը»,-նշել էր Ռոհանին:

Այսպես, Իրան-ԱՄՆ հարաբերություններում լարվածության այս աստիճանը տեղափոխվում է այլ մակարդակ: Թե ինչ զարգացումներ կլինեն, եթե ԱՄՆ-ն իսկապես որոշի հարվածներ հասնել Իրանին՝ պետք չէ մասնագետ լինել: Մեր տարածաշրջանը կտեղափոխվի անկանխատեսելիության փուլ՝ դրանից բխող հետևանքներով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5817 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am