Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը՝ Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման մասին
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում անդրադարձել է Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման հնարավորությանը: «Եթե հայկական կողմը ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը, ապա այդ դեպքում կխախտվեն միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները: Դա խաչ կքաշի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի բազում առաջարկների վրա: Կարծում եմ, որ համանախագահող երկրները, այդ թվում նաև Ռուսաստանը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն ԼՂՀ-ի ճանաչման վերաբերյալ: Ադրբեջանը նաև այսօր պատրաստ է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Եթե դա տեղի չունենա, ապա մենք պատրաստ ենք ռազմական ճանապարհով կարգավորել հակամարտությունը»,- ասել է նա:
