Գլխավոր դատախազը ներողություն կխնդրի՞ Հրայր Թովմասյանից

Գլխավոր դատախազությունը Հրայր Թովասյանի գործով խախտել է անմեղության կանխավարկածն ու նախաքննական գաղտնիքը, փաստացի մեղադրանքներ են հնչեցրել Սահմանադրական դատարանի նախագահի հասցեին:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, արձագանքելով ռուսաստանաբնակ գործարարի այն հայտարարությանը, թե ինքը պատրաստվում է պատասախանատվություն պահանջել գլխավոր դատախազությունից այն բանի համար, որ դատախազությունը իր սեփականությունը համարվող տարածքը վերագրել է Հրայր Թովմասանին, ՖԲ գրառում է կատարել` նշելով, որ ռուսաստանցի գործարարը Հ. Թովմասյանի հետ փոխկապակցված անձ է` նրա կնոջ քրոջ ամուսինը:

«Ըստ այս պահին առկա քրեական գործի նյութերի՝ 52.4մլն դրամով մինչ այդ վաճառված, իսկ մոտ մեկուկես տարի անց բանկի կողմից 59մլն դրամ արժեքով գնահատված գույքը ընդամենը 3մլն դրամով Հրայր Թովմասյանի կողմից առուվաճառքի պայմանագրով ձևակերպվել է իրեն փոխկապակցված անձանց՝ իր կնոջ քրոջ և նրա ամուսնու անունով:
Թերևս արդեն պարզ է, թե ինչու է անձը մոռացել որպես գործարար հանդես գալուց բացի Հ. Թովմասյանի հետ իր բարեկամական կապերը ևս «գաղտնազերծել»:
Ինչ վերաբերում է այն մեկնաբանություններին, թե քրեական հետապնդումը հարուցվել է անգամ առանց գույքի դե յուրե սեփականատիրոջը հարցաքննելու, ապա դա հնարավոր չի եղել ապահովել տվյալ անձի՝ ՀՀ-ից բացակայելու պատճառով: Ընդ որում՝ անձի ՀՀ տարածքում գտնվելու հանգամանքը պարզելու համար կրկնակի անգամ (2019թ. հոկտեմբերին և նոյեմբերին) հարցում է արվել, որոնց արդյունքում ՍԵԿՏ համակարգով պարզվել է, որ վերջին անգամ այդ անձը ՀՀ տարածքը լքել է 25.07.2019թ.-ին և վերադառնալու մասին տվյալներ չկան:
Ամեն դեպքում շատ ողջունելի է Հայաստան վերադառնալու նրա մտադրությունը, քանի որ դա հնարավորություն կստեղծի կատարելու այն դատավարական և քննչական գործողությունները, որոնք մինչ այդ հնարավոր չեն եղել Հայաստանից նրա բացակայության պատճառով»,- գրել է Գոռ Աբրահամյանը:
Փաստացի դատախազության պաշտոնյան ներկայացրել է մանրամասներ նախաքննության փուլում գտնվող գործի մասին, որի իրավունքը չուներ: Գաղտնիութան սկզբունքը ամբողջությամբ ոտնահարված է, բայց դա այս պահին աշխատում է հենց Հրայր Թովմասյանի օգտին: Մամուլում արդեն հրապարակվել է խնդրո առարկա տարածքի առուվաճառքի պայմանագիրը, որից երևում է, որ տարածքը գնվել է 2009 թվականին: Այդ ժամանակ Հրայր Թովմասյանը պետական պաշտոնյա չի եղել, հետևաբար պնդումը, թե նշված գույքը ձեռք է բերվել շուկայականից էժան գնով` պաշտոնական դիրքի չարաշահմամբ, որևէ հիմնավորում չունի: Հրայր Թովմասյանն այս ժամանակ միջազգային կազմակերպության աշխատակից էր, պաշտոնական դիրք որպես այդպիսին չուներ, հետևաբար չէր կարող այն չարաշահել, առավել ևս չուներ նաև պատճառ` իր գույքը թաքցնել երրորդ անձի անունով:
Իսկ դատախազության այն պնդումը, թե գույքի դե յուրե սեփականատիրոջը հարցաքննել հնարավոր չի եղել, քանի որ տվյալ անձը ՀՀ-ից բացակայում է, ուղղակի ծիծաղ է առաջացնում: Այնպիսի տպավորություն է, թե ինչ-որ մեկը Հրայր Թովմասյանի դեմ գործ հարուցելու ժամկետ է սահմանել, դատախազությունն էլ, այդ ժամկետների մեջ տեղավորվելու համար ստիպված է եղել գործը օր առաջ հարուցել` առանց կարևոր դերակատարների հարցաքննության: Իսկ դատախազությունը փորձե՞լ է հարցաքննությունը կազմակերպել ՌԴ իրավապահների միջոցով, կամ, օրինակ, տեսակապի միջոցով: Եվ ընդհանրապես, եթե սեփականատերը, ինչպես փաստում է դատախազի խորհրդականի գրառումը, այս ամռանը եղել է Հայաստանում, նշանակում է, այս մարդը կորած չէր, կարելի էր նրան հրավիրել, ավելին` Հայաստանում գտնվելու փուլում նրան կարելի էր հետաքրքրող հարցերը ուղղել:
ՍԴ նախագահին, սահմանադրական կարգի խախտմամբ, մեղադյալ հայտարարելուց և անվանարկելուց առաջ, դատախազությունը պարտավոր էր նախ բոլոր հանգամանքները մեկ առ մեկ ճշգրտել: Փաստորեն Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը սանիկներից սահուն անցում են կատարում բաջանաղներին: Իսկ եթե այնուամենայնիվ, այս գործը ևս, ինչպես հայրական տան տանիքի նորոգման անհեթեթությունը, փուչիկ դուրս գա, հետաքրքիր է` Նիկոլ Փաշինյանն ու գլխավոր դատախազը գոնե ներողություն կխնդրե՞ն Հրայր Թովմասյանից ու ՀՀ քաղքացիներից` Սահմանադրությունը ոտնահարելու համար:
Իրականում, եթե դատախազությունը, քաղաքական հետապնդում իրագործելու փոխարեն, իսկապես իրավական գործընթաց վարեր, առնվազն մինչև 2020 թվականի հունվարի 31-ը, Հրայր Թովմասյանի դեմ որևէ իրավական գործ սկսելուց ձեռնպահ կմնար, այն պարզ պատճառով, որ այդ ընթացքում կավարտվեր այն ժամկետը, երբ ՍԴ դատավորները կարող են հրաժարական ներկայացնել և վաղաժամկետ թոշակի անցնել: Խաշած հավն անգամ հասկանում է, որ այս գործի հարուցումը ուղղակի ճնշում է. Հրայր Թովմասյանին ու մյուս դատավորներին հասկացնում են, որ կա'մ պետք է հրաժարական տան, կա'մ քրեական հետապնդումներն անխուսափելի են:
Ամեն դեպքում փաստենք, որ անգամ գործ սարքելու հարցում հեղափոխական իշխանությունները խիստ ապաշնորհ են:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 6517 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ Աշխեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am