Սալոմեի սկանդալը՝ հարևանների հետ սահմանների հարցում

Վրաստանի նախագահը երեկ սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել, կապված Վրաստանը և հարևանների հետ խնդրահարույց սահմանների մասին:

Վրաստանը խնդրահարույց սահմաններ ունի ոչ միայն հակամարտության գոտիների, այլև Ադրբեջանի և Հայաստանի հետ, Վրաստանի հանրային հեռուստատեսության եթերում հեռարձակված հարցազրույցում ասել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին` հերթական աղմկալի սկանդալի պատճառ դառնալով: «Նախ պետք է հստակեցնել մեր սահմանները, ապա դրանք պաշտպանել: Մենք խնդրահարույց սահմաններ ունենք ոչ միայն հակամարտության գոտիների, այլև Ադրբեջանի և Հայաստանի հետ: Նախկինում այդ երկրների հետ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովներ էին գործում: Հետագայում, սակայն, դրանք ինչ-ինչ պատճառներով դադարեցրել են աշխատանքը», - պնդում էր Վրաստանի նախագահը:

Այսպես, հեռուստաեթերում Զուրաբիշվիլիին հարց են ուղղել Հայաստանի և Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին: Այդ հարցը Զուրաբիշվիլին բարձրացրել էր Բաքու և Երևան կատարած այցերի ժամանակ:

«Անհասկանալի է, թե ինչու մենք չպետք է ավարտենք այդ գործընթացը մեր բարեկամական երկրների հետ: Հենց այդպես էլ նշվել է երկու երկրների նախագահների հետ պաշտոնական համաձայնագրերում, որ մեր հանձնաժողովները պետք է սկսեն աշխատել այդ ուղղությամբ, այն, ինչ հիմա փաստացի տեղի է ունենում: Դա շատ կարևոր է: Բանակցությունների արդյունքը կլինի սահմանը, որի շուրջ մենք կպայմանավորվենք: Ես հիմա չեմ կարող ասել, և սխալ էլ կլինի ասել, որ սահմանը կանցնի այստեղով կամ այնտեղով, սակայն դա պարտադիր փուլ է մեր պետության և ապագայի համար, այլ կարծիք չկա: Մենք պետք է մինչև վերջ կայանանք որպես պետություն, և դրա համար պետք է նախ հստակեցնել մեր սահմանները, ապա պաշտպանել դրանք: Հակառակը լինել չի կարող»,-նշել է Վրաստանի նախագահը: Փաստորեն, Վրաստանի նախագահի խոսքով՝ միջկառավարական հանձնաժողովներն աշխատել են այդ ուղղությամբ և հասել են որոշակի նվաճումների, սակայն հետագայում գործընթացը սառեցվել է:

Սալոմե Զուրաբիշվիլիի վերոնշյալ ելույթը իսկական ներքաղաքական փոթորիկ է առաջացրել Վրաստանում և զայրույթի թեմա դարձել: Վրացական ընդդիմության առաջնորդների համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ Աբխազիան և Հարավային Օսիան նույն հարթության վրա դիտարկելով` երկրի նախագահը անուղղակիորեն ճանաչել է վերջինների անկախությունը:

Առաջիններից մեկն այս մասին հայտարարեց «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն: «Վրաստանը ոչ Աբխազիայի և ոչ էլ Ցխինվալիի տարածաշրջանի հետ սահմաններ չունի: Գուցե տիկին նախագահը տեղյակ չէ, որ Աբխազիան և Ցխինվալիի տարածաշրջանը Վրաստանի անքակտելի մասն են կազմում, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարևաններն են: Ինչպե՞ս կարելի է հայտարարել սեփական տարածք համարվող շրջանների հետ պետական սահման ունենալու մասին», - տարակուսում էր Բաքրաձեն` հեգնելով, թե նախագահի աշխատակազմն այս անգամ էլ թերևս Զուրաբիշվիլիի սկանդալային հայտարարությունները բացատրի նրա` վրացերենի վատ իմացությամբ:

«Եվրոպական Վրաստան»-ի առաջնորդը պահանջել է, որպեսզի իշխանության իրական լծակներին տիրապետող կառավարությունը հայտարարի, որ առավելապես արարողակարգային գործառույթներ ունեցող նախագահի հայտարարությունները չեն արտացոլում Թբիլիսիի պաշտոնական դիրքորոշումը: Բաքրաձեի համոզմամբ, ի դեպ, Զուրաբիշվիլիի գործունեության ընթացքում արձանագրված գլխավոր խնդիրը նրա կողմից Ռուսաստանի դիրքորոշումներին շատ մոտ տեսակետներ արտահայտելն է: «Նախագահի գործողությունները լրջորեն ոտնահարում են Վրաստանի շահերը: Ռուսաստանը, աշխատելով օկուպացված տարածքների միջազգային ճանաչման ուղղությամբ, երկու հիմնական կռվան է հնչեցնում: Առաջինը, թե իբր Վրաստանն ագրեսոր է և հենց վրացական կողմն է սկսել 2008-ի պատերազմը: Զուրաբիշվիլին նախկինում բազմիցս հանդես է եկել նման հայտարարություններով: Երկրորդ ռուսական պնդումը, թե կարևորը ոչ թե միջազգային իրավունքի նորմերն են, այլ իրականությունը: Իսկ իրականությունն այն է, որ Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի նույնպիսի անկախ հարևաններն են, ինչպիսին են Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը: Դա այն է, ինչի մասին երեկ փաստորեն հայտարարեց Զուրաբիշվիլին», - նկատել է Բաքրաձեն:

Վրաստանի նախագահի նկատմամբ Վրաստանում մեծանում է դժգոհությունը: Նրա հասցեին լսում ենք բավական կոշտ, նույնիսկ վիրավորական արտահայտություններ: Բացի այն, որ նա համարվում է Իվանիշվիլիի կամակատարը, նրա ելույթներն արդեն իսկ Վրաստանում համարում են հակապետական:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3122 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am