Երեք տարվա դադարից հետո՝ Պուտինի հետ տետ-ա-տետ

Ողջ աշխարհի ուշադրությունը երեկ ուղղված էր դեպի Փարիզ, որտեղ «Նորմանդյան» ձևաչափով գումարվեց Ֆրանսիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի նախագահներ Էմանյուել Մակրոնի, Վլադիմիր Զելենսկու, Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը: Օրակարգում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն էր:

Երեկվա հանդիպումը՝ 2016-ից ի վեր Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների առաջին հանդիպումն էր: Բացի այդ, Զելենսկին նախագահի պաշտոնում առաջին անգամ հանդիպեց ռուսաստանցի պաշտոնակցի հետ:

Մոսկվան մշտապես հերքել է միջամտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվող հակամարտությանը և ռուս անջատականներին ռազմական, ֆինանսական և քաղաքական աջակցություն տրամադրելու մեղադրանքը: Մինչդեռ, բազում փաստեր հակառակն են վկայում: Միջազգային քրեական դատարանը 2016թ. զեկույցում Արևելյան Ուկրաինայում տեղի ունեցող բախումները միանշանակ անվանել է «միջազգային հակամարտություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»:

Փարիզյան հանդիպման հավանական արդյունքը թե՛ Կիևը և թե՛ Մոսկվան շատ զուսպ էին գնահատում, նկատելով, որ, ամենայն հավանականությամբ, ինչ-որ լուրջ առաջընթաց չի արձանագրվի: Այդ տեսակետն էին կիսում նաև արևմտյան երկրները: «Մենք կարծում ենք, այս հանդիպումը թույլ կտա առաջ տանել Ուկրաինայի հակամարտության խաղաղ և հարատև կարգավորման խնդիրը, որը Եվրոպական միության համար առաջնահերթություններից մեկն է», - ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելը:

Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն Բրյուսելում Եվրոպայի խորհրդի արտաքին գործերի խորհրդի նիստում ասել է, որ հակամարտության կարգավորման հարցում առաջխաղացում դժվար թե լինի: «Ամենալավ հանգամանքը հենց հանդիպման բուն փաստն է, բայց ավելին ակնկալել չարժե», - ասել է Լինդեն: Շվեդիայի ԱԳ նախարարը խոսել է նաև ՌԴ-ի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցների մասին: «Մենք չենք կարծում, թե հարկ է թուլացնել պատժամիջոցները: Քանի դեռ չկա մինսկյան համաձայնությունների նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն՝ Եվրամիությունը պետք է ուժի մեջ պահի պատժամիջոցները», - ասել է Անն Լինդեն:

Հիշեցնենք, որ «Նորմանդյան» ձևաչափը հաստատվել է 2014թ. հունիսից: Այն ժամանակ միջազգային համայնքը նշել է Երկրորդ աշխարհամարտում Նորմանդիայում արևմտյան դաշնակից զորքերի ափհանման 70-ամյակը: Միջոցառումների շրջանակներում Դոնբասի թեման առաջին անգամ միասին քննարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները: Դրա առիթով այդ ձևաչափին տրվել է «նորմանդյան» անունը:

Չորս երկրները շարունակել են քննարկումները արտգործնախարարների, դեսպանների, բանագնացների և փորձագետների մակարդակով:

2014թ. սեպտեմբերի 5-ին Մինսկում արձանագրություն է ստորագրել Ռուսաստանի, Ուկրաինայի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներից կազմված եռակողմ շփման խումբը: Դրա պահանջներից գլխավորը՝ հրադադարը, գործնականում չի պահպանվել: 2015թ. փետրվարի 11-12-ը Վլադիմիր Պուտինը, Պետրո Պորոշենկոն, Ֆրանսուա Օլանդը և Անգելա Մերկելը Մինսկում բանակցել են «Նորմանդյան» քառյակի ձևաչափով:

Ահա, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի առաջին երկկողմ հանդիպումը տեղի ունեցավ երեկ Փարիզում: Հանդիպմանը մասնակցում էին նաև էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը, նախագահի օգնականներ Վլադիսլավ Սուրկովը, Յուրի Ուշակովը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Զելենսկին ու Պուտինը «նորմանդական քառյակի» ձևաչափով հանդիպման մեկնարկից առաջ միմյանց ողջունել են ձեռքսեղմամբ:

Ուշ երեկոյան ավարտվեց Պուտին - Զելենսկի հանդիպումը: Պուտինի խոսքով՝ հանդիպումը լավ է անցել: Երկկողմանի բանակցությունները տևել են մոտ 1 ժամ և 20 րոպե: Ի դեպ, «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկուն դեմքի շարժումով հուշել է շրջվել լուսանկարիչների կողմը:

Ինչպես հայտնում էին ռուսաստանյան գործակալությունները՝ հանդիպման սկզբում ուկրաինացի նախագահը նախ շփոթել է տեղերը սեղանի շուրջ և քիչ էր մնացել նստեր ՌԴ ղեկավարի աթոռին: Այնուհետև Զելենսկին, մեջքով նստած դեպի լուսանկարիչները, սկսել է բացել թղթապանակը: Այդ պահին Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը նրան ձեռքով ցույց է տվել հետևի կողմում կանգնած լրագրողներին: Զելենսկին միանգամից չի հասկացել, թե իրեն ինչ են ասում: Այդ ժամանակ Պուտինը նրան խնդրել է շրջվել, որից հետո Զելենսկին ժպտալով շրջվել է դեպի տեսախցիկը:

Իսկ այդ ընթացքում Կիևում մոտ 800 մարդ ակցիա իրականացրեց Զելենսկու նստավայրի մոտ: «Այժմ ակցիային մասնակցում է մոտ 800 մարդ: Իրավիճակը ներկա պահին հանգիստ է, հասարակական կարգի խախտումներ չեն գրանցվել»,- ասվում է մամուլի հայտարարությունում: Ավելի վաղ երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել էր, որ «Նորմանդական քառյակի» գագաթնաժողովին ընդառաջ դեկտեմբերի 8-ին Կիևում ակցիա կիրականացվի:

Զելենսկին Փարիզում «նորմանդական քառյակի» գագաթնաժողովից հետո հայտնել է, որ գերիների՝ «բոլորին` բոլորի դիմաց» ֆորմատով փոխանակումը կսկսվի դեկտեմբերի 24-ին: Ընդ որում, նա հստակեցրել է, որ փոխանակումը տեղի կունենա ոչ ուշ, քան դեկտեմբերի 31-ը:

Նշենք, որ «բոլորին՝ բոլորի դիմաց» ֆորմատով գերիների փոխանակման պայմանավորվածությունը Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք էր բերվել Փարիզում անցկացված «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի ժամանակ:
Բանակցությունների արդյունքում կողմերը նաև համաձայնեցրել են 2020-ի մարտի վերջին Դոնբասի երեք նոր կետերում ուժերի տարանջատումը: Բացի դա, «նորմանդական քառյակի» առաջնորդները նաև հանդես են եկել Ուկրաինայի սահմանադրությունը «Շտայնմայերի բանաձևով» փոփոխելու օգտին: Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Դոնբասում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ Ռուսաստանի գործակցության մասին:

Հիշեցնենք, որ Դոնբասի և Լուգանսկի շրջանները գտնվում են Մոսկվայի աջակցությամբ գործող ռուս անջատականների հսկողության տակ: «Շտայնմայերի բանաձևի» տեքստը որոշում Է Լուգանսկի և Դոնեցկի մարզերի առանձին տարածաշրջանների հատուկ կարգավիճակի վերաբերյալ ուկրաինական օրենքի ուժի մեջ մտնելու կարգը: Փաստաթղթի համաձայն, այն պետք Է ուժի մեջ մտնի արտահերթ տեղական ընտրություններում քվեարկության օրը, որոնք պետք Է անցկացվեն Ուկրաինայի Սահմանադրությանը և ուկրաինական օրենսդրությանը համապատասխան: Ըստ առաջարկվող բանաձևի՝ ընտրությունները երկու անջատական տարածքներում պետք է վերահսկվեն ԵԱՀԿ-ի կողմից, դա համաձայնության պարտադիր պահանջն է:

Այսպես, Զելենսկին մեկնաբանել է «նորմանդական գագաթնաժողովի» շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ բանակցությունների արդյունքները: «Հիմա ճիշտ է դիվանագետ լինել: Եկեք ասենք, որ առայժմ «ոչ-ոքի է»,- ասել է նա, հավելելով, որ «որոշ զիջումներ» է նկատել Պուտինի կողմից: «Հնարավո՞ր է համաձայնության գալ: Դժվար է, բայց այսօր եղել են պահեր, երբ մենք ինչ-որ բաների շուրջ պայմանավորվել ենք»,- նշել է Զելենսկին:

Գագաթնաժողովի նախօրեին Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն խոստացել էր, որ ուկրաինական իշխանությունները բանակցություններում «ոչ մի միլիմետր» չեն նահանջի իրենց դիրքերից:

Բանակցություններն, ընդհանուր առմամբ, շարունակվել են 5.5 ժամ, որից մոտ 1.5 ժամը տևել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների երկկողմ հանդիպումը: Գագաթնաժողովի արդյունքներով երկրների ղեկավարներն ընդունել են երեք կետերից բաղկացած կոմյունիկե. «Անհապաղ միջոցներ հակամարտության գոտում իրավիճակի կայունացման համար», «Մինսկի համաձայնագրերի քաղաքական դրույթների կատարմանն ուղղված միջոցառումներ» և «Շարունակություն»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2049 անգամ
Լրահոս
Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ Աշխեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am