Գաղտնի գործարքի մանրամասներ՝ Սպիտակ տնից

Ամերիկյան մամուլը նոր մանրամասներ է հաղորդել կուլիսային բանակցություններից, որոնց արդյունքում շաբաթներ առաջ Լինդսի Գրահամը Սենատում արգելափակեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

«Հորդորը եկել էր Սպիտակ տնից», -ըստ «Ազատության»՝ գրել է Axios պարբերականը՝ մանրամասնելով․ - «Շատերն էին վրդովվել ու տարակուսել, երբ Թուրքիայի նախագահի հետ Սպիտակ տանը թեժ վիճաբանելուց հետո հանրապետական սենատորն անմիջապես շտապել էր Սենատ և արել մի բան, որն ամենայն հավանականությամբ ուրախացնելու էր Էրդողանին. Լինդսի Գրահամը տեղում արգելափակել էր բանաձևը, որով Սենատը պաշտոնապես ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը»:

Ընդ որում, մինչ այդ, մասնակցելով Թրամփի և Էրդողանի՝ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը, Գրահամը կոշտ հանդիմանել էր Թուրքիայի առաջնորդին Սիրիա ներխուժելու և քրդերի վրա հարձակվելու համար:

Ականատեսները լրատվամիջոցներին պատմել էին՝ երբ իրեն արդարացնելու համար Էրդողանը հանել է iPad-ն ու հակաքրդական, ակնհայտ քարոզչական տեսանյութ ցուցադրել՝ Քրդական դեմոկրատական ուժերի առաջնորդին ներկայացնելով որպես ահաբեկիչ, Գրահամը հակադարձել է՝ ասելով․ - «Ուզո՞ւմ ես ես էլ ասեմ քրդերին՝ մի տեսանյութ էլ պատրաստեն, թե դո՛ւ ինչ ես արել նրանց հետ»: «Միայն թե դրանից հետո, երբ սենատորը պատրաստվել է լքել Օվալաձև աշխատասենյակը, նրան է մոտեցել Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ու խնդրել, որ նա Սենատ վերադառնա և արգելափակի Էրդողանին կատաղեցնող՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը», - գրել է Axios-ը:

Գրահամը հաստատել է այս տեղեկությունը․ - «Հանդիպումից հետո մենք իրար գլխի հավաքվեցինք ու սկսեցինք քննարկել տեղի ունեցածը: Ինձ մոտեցավ Սպիտակ տան օրենսդրական հարցերով պաշտոնյան, ասաց, որ Նյու Ջերսիից ընտրված սենատոր Բոբ Մենենդեսը պատրաստվում է քվեարկության դնել Հայոց ցեղասպանության բանաձևն ու խնդրեց՝ «չէի՞ք արգելափակի»: Ես ասացի՝ անշուշտ»: Ընդ որում, հանրապետական սենատորը պնդել է, թե վարչակազմի այդ խնդրանքին ընդառաջել է զուտ այն պատճառով, որ Թուրքիայի նախագահն այդ ժամանակ դեռ եղել է Վաշինգտոնում: «Ժամանակը նպատակահարմար չէր, ես փորձում եմ հնարավորության դեպքում փրկել թուրք-ամերիկյան հարաբերությունները», - ասել է նա:

Սենատում, մինչդեռ, Գրահամը բոլորովին այլ պատճառաբանություն էր ներկայացրել: «Կարծում եմ՝ մենք ոչ թե պետք է գունազարդենք պատմությունը կամ փորձենք այն վերաշարադրել, այլ՝ զբաղվենք ներկայի խնդիրներով: Հաշվի առնելով Սիրիայում ստեղծված իրավիճակը, և որոշակի հույսը, որ մենք միգուցե կարող ենք լուծումներ գտնել, ես արգելափակում եմ այս բանաձևը, ոչ թե անցյալի պատճառով, այլ՝ հանուն ապագայի», նշել էր սենատորը:

Axios-ի թղթակիցը հետաքրքրվել է՝ «անհարմար չզգացի՞ք այդ քայլն անելիս»: «Անհարմար էր», - ընդունել է Գրահամն ու խոստացել՝ նման բան այլևս չի լինի: «Մենենդեսն ինձ դուր է գալիս, նա տարիներով աշխատում է այդ փաստաթղթի վրա, բայց կարծում եմ՝ չափից դուրս կլիներ քվեարկությունը հենց այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահը մեր քաղաքում էր: Բայց հաջորդ անգամ չեմ պատրաստվում արգելափակել այն», - ասել է նա:

«Հաջորդ անգամ»-ը շատ չուշացավ. ուղիղ մեկ շաբաթ անց դեմոկրատ Ռոբերտ Մենենդեզը վերստին շրջանառության մեջ էր դրել թիվ 150 բանաձևը՝ կոչ անելով Սենատին անհապաղ անցնել քվեարկության: Այս անգամ նրան էր միացել նաև հանրապետական Թեդ Քրուզը, ով Գրահամի հետ ներկա էր եղել նախագահներ Թրամփի և Էրդողանի հանդիպմանը:«Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է և կարևոր դաշնակից, բայց ընկերները և դաշնակիցները կարող են միմյանց ասել ճշմարտությունը: Եվ մենք չենք հարգում Ամերիկան ու մեր դավանած արժեքները, եթե վախենում ենք ասել ճշմարտությունը և միտումնավոր մասնակցում ենք դրա քողարկմանը», - ընդգծել էր Քրուզը:

Հիշեցնենք, որ բանաձևը, սակայն, կրկին արգելափակվեց, այս անգամ արդեն՝ հանրապետական Դեյվիդ Փերդյուի ջանքերով: Ընդ որում, Axios-ը պնդում է, թե հորդորը կրկին եկել է Սպիտակ տնից: Սենատորի խոսնակը պարբերականին ասել է՝ Փերդյուն գնացել է այդ քայլին, քանի որ մտահոգություն ունի, որ բանաձևի ընդունումը «կարող է սասանել տարածաշրջանում Թուրքիայի և այլ դաշնակիցների հետ շարունակվող զգայուն բանակցությունները»:

«Իրական, ավելի մեծ պատկերը, սակայն, հետևյալն է՝ Թրամփի վարչակազմը ճնշում է Թուրքիային՝ հրաժարվել ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերից, և մինչ նրանք բանակցում են, փորձում են թույլ չտալ, որ Կոնգրեսը բարձրաձայնի մարդու իրավունքների ոլորտում Թուրքիայի գործած գազանությունների մասին», - եզրափակում է ամերիկյան պարբերականը:

Ահա, և ողջ գործարքի էությունը, որի մասին դժվար չէր լինի կռահել: Քանի դեռ Թրամփն ու Էրդողանը շարունակում են բանակցել՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաևը պարբերաբար կարգելափակվի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3649 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am