Հայաստանը Արցախի կողքին է՝ ոչ թե Արցախի փոխարեն․ Վիտալի Բալասանյան

— Պարոն Բալասանյան, livenews.am/ կայքին տված Ձեր հարցազրույցը ( 08.10.2019թ) բուռն քննարկումների առիթ դարձավ՝ տեղիք տալով բազմաթիվ իրարամերժ մեկնաբանութունների, ընդ որում, դրանք երբեմն իրենց բովանդակությամբ խիստ հակասական էին։ Վստահաբար, հետևել եք այդ քննարկումներին ու Ձեր հասցեին հնչեցրած գնահատականներին, արդյո՞ք համամիտ եք դրանց հետ և ի՞նչ ուղերձ կցանկանայիք հղել Ձեր լսարանին։

— Ասեմ հետևյալը՝ ուշադիր հետևել եմ բոլոր արձագանքներին, փորձել եմ հասկանալ՝ ինչով են պայմանավորված հարցազրույցի կապակցությամբ հնչեցված գնահատականներն ու մեկնաբանությունները, ընդ որում, որոշ մեկնաբանություններում իմ արտահայտած մտքերի բովանդակությունն այնքան է խեղաթյուրված և հեռու իմ իրական ասելիքից, որ որոշ ժամանակ անց կրկին ամբողջությամբ դիտել եմ հարցազրույցը, հասկանալու՝ թե ինչը կարող էր նման տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տալ։

Առաջին հայացքից կարող է թվալ, որ ես իմ գնահատականներում խիստ եմ և էմոցիոնալ, բայց դա միայն առաջին հայացքից, քանզի ես շատ լավ հասկանում եմ, որ մեր հասարակությունը և՛ Հայաստանում, և՛ Արցախում 2018թ․ մայիսին ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո դեռևս գտնվում է էյֆորիկ, զգացմունքային տրամադրությունների ներքո, և հասարակությունն ինքն է փաստացի տեղի ունեցած և իմ կողմից արձանագրած փաստերի ներկայացումն ընդունում էմոցիաներով՝ չցանկանալով հաշտվել այն մտքի հետ, որ նույնիսկ իրենց ձեռքերի վրա իշխանության եկած անձը կարող է սխալներ թույլ տալ և երբեմն նույնիսկ այնպիսի սխալներ, որոնց չանդրադառնալը և չկանխելը հետագայում կարող է հանգեցնել մեր պետությունների համար անցանկալի հետևանքների։

Եվս մեկ հանգամանք շեշտադրեմ, որը նկատելի է գրեթե բոլոր մեկնաբանություններում։ Փորձ է արվում իմ ասածները անձնավորել և քննության նյութ դարձնել․ դիտարկում են ոչ թե իմ կողմից մատնանշված կոնկրետ երևույթները և դրանց հնարավոր հետևանքները, այլ թե ում կողմից են դրանք ասվել և ում հասցեին։ Այդպիսով՝ տպավորություն են ստեղծվում, որ քննության առարկան ոչ թե բարձրաձայնված հարցն է ու նրա լուծման շուրջ տեսակետը կամ տեսակետների բախումը, այլ վեճ է կոնկրետ անձերի, տվյալ պարագայում՝ Վիտալի Բալասանյանի և Նիկոլ Փաշինյանի միջև։

— Սակայն մեր հարցազրույցի ժամանակ դուք նշում էիք դեպքեր և տալիս էիք կոնկրետ անձանց անուններ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը։

— Լուսինե ջան, թերևս դու ճիշտ ես, բայց եկեք նախ երևույթը նկարագրենք․ օրինակ, ինչ-որ մեկը, կապ չունի թե ով, Հայաստանի Հանրապետությունում հայտարարում է, թե Արցախում որոշ ուժեր դավադրաբար փորձում են պատերազմ հրահրել, հողեր հանձնել և այդ մեղքը գցել այդ՝ ինչ-որ մեկի վրա։ Արցախի մարտական գեներալը, ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է պատասխանի նման հայտարարությանը։ Կարող է լռել, հակադրվել, կամ էլ համաձայնել այդ մտքի հետ։ Բոլոր պարագաներում այն պետք է փաստարկվի՝ ինչո՞ւ լռեց, հակադրվեց կամ համաձայնեց։ Այս դեպքում ես հակադրվել եմ, որովհետև փաստեր ունեի, որ Արցախում որևէ նման ուժ չկա, ոմանք՝ լռել են, ոմանք՝ համաձայնել։ Ժամանակը ցույց կտա՝ ո՞վ էր ճիշտ։ Ընդ որում, ձեզ տրված հարցազրույցում մի քանի նման դրվագներ ևս կան և դրանցից եզրակացություն անել, թե առկա հակադրությունը ոչ թե տեսակետների, այլ երկու անձանց միջև է՝ իրականության հետ որևէ աղերս չունի։

Ազնիվ լինենք․ մեր պարագայում կան հարցեր, որոնց դեպքում առանց էմոցիաների անհնար է, օրինակ՝ Արցախի հարցը։

Հայրենիք, որտեղ անցել է իմ ողջ կյանքը, որի ամեն մի թիզ հողի համար հազարավոր կյանքեր ենք տվել, պայքարել, արյուն թափել, որտեղ կորցրել ենք բազմաթիվ մարտական ընկերների, որոնք գիտակցաբար գնացել են մահվանն ընդառաջ, որպեսզի մենք ունենանք այն, ինչ ունենք այսօր։

Ասացեք խնդրեմ, այսքանից հետո ինչպե՞ս չլինել էմոցիոնալ, երբ լսում ես արտահայտություններ, որոնք պառակտող են, քայքայիչ, պարտություն տանող։ Հիշենք մի կարևոր հանգամանք, մենք ունենք Արցախյան հիմնախնդիր, որի հակամարտող կողմերը, ուշադի՛ր, Արցախն ու Ադրբեջանն են, Հայաստանը արցախյան կողմի անվտանգության երաշխավորն է: Բնականաբար, Հայաստանի կողմից արված ցանկացած հայտարարություն Արցախի վերաբերյալ պետք է լինի հազար անգամ չափված, և որոշ հարցերի հետ կապված՝ Արցախը կարող է և հարյուր տոկոսով չկիսել Հայաստանի տեսակետը, ինչին, կարծում եմ, պետք է շատ առողջ վերաբերվել, քանզի գործ ունենք քաղաքականապես կազմակերպված երկու պետականությունների հետ, որոնք նույնիսկ մարտավարական առումներով կարող են և տարբեր տեսակետներ ունենալ։ Եվ այս համատեքստում առողջ քննադատությունը ոչ միայն ավելորդ չէ, այլև պարտադիր գործընթաց է:

Այստեղ կա ևս մի նրբություն, եթե մենք հայտարարում ենք, որ Արցախն ու Հայաստանը նույնակարծիք են հարյուր տոկոսով՝ հարց է առաջանում, էլ ինչո՞ւ ենք ամեն կերպ փորձում Արցախը վերադարձնել բանակցությունների սեղան: Այստեղ շատ տեղին է հիշատակել անչափ կարևոր մի գաղափար՝Հայաստանը Արցախի կողքին է՝ ոչ թե Արցախի փոխարեն: Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև, բնականաբար, կարող են լինել որոշ անհամաձայնություններ տարբեր հարցերի վերաբերյալ, սակայն դա որակել որպես թշնամանք՝ առավել քան չափազանցված է, ասեմ ավելին՝ անհնար:

Արցախը, Հայաստանն ու Սփյուռքը համատեղ պայքարել ու հաղթել են, ոչ նրա համար, որ այժմ որոշ անհամաձայնությունների կամ սխալ մեկնաբանությունների պատճառով այդ ամենը իչիք դարձնեն։ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետությունը և Սփյուռքը միշտ միասնական են, կան և կլինեն։

(Շարունակելի)

Հարցազրույցը՝ Լուսինե Այրապետյանի

FacebookTwitterEmailOdnoklassnikiVKViberWhatsAppTelegram

դիտվել է 1591 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am