Վերվարածները` իշխանության ղեկին

Մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ այն մասին, որ 2018թ. մայիսին, երբ ձեւավորվում էր քայլարածների կառավարությունը, Արարատ Միրզոյանի, Մանե Թանդիլյանի, Ֆելիքս Ցոլակյանի եւ նույն Նիկոլ Փաշինյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են ճիշտ նույն հիմքով, ինչ Հրայր Թովմասյանի լիազորությունները` Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելուց անմիջապես հետո։

Խոսքը Սահմանադրության 95-րդ եւ 98-րդ հոդվածների մասին է, որոնցից առաջինը սահմանում է, որ պատգամավորը չի կարող վճարովի այլ պաշտոն զբաղեցնել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, երկրորդը`որ «95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում» պատգամավորի լիազորություններն իրավունքի ուժով կասեցվում են։

Եվ ուրեմն` չի՛ կարող նույն «արարքը» մի դեպքում համարվել «իշխանության յուրացում», որովհետեւ այդպես է որոշել ԱԱԾ-ի համար անվիճելի հեղինակություն ներկայացնող («վստահելի» գործ տվող) դասալիք պատգամավորը, մյուս դեպքում` ոչ։ Եթե պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին նախապես դիմում չգրելով`այլ պաշտոնում ընտրվելը կամ նշանակվելը իշխանության յուրացում է, պարզ է, որ այդ մոտեցումը պետք է գործի նաեւ մյուսների պարագայում։ Բայց ո՛չ` Նիկոլն ու իր կրնկի տակ գտնվող իրավապահ մարմինները քար լռությամբ ու անտարբերությամբ «արձագանքեցին» այս հարցադրումներին։

Եղան բազմաթիվ հրապարակումներ, որ նույն Նիկոլը, երբ ԱԺ-ը լուծարելու համար հրաժարական տվեց եւ հետո մեկի փոխարեն երեք անգամ վարչապետի թեկնածու առաջադրվեց, որ չընտրվի, իր հերթին խախտել է Սահմանադրությունը եւ օրենքները` «ընտրվել-չընտրվելու» զավեշտախաղի ողջ ժամանակահատվածում շարունակելով իրականացնել վարչապետի լիազորությունները։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ «մի խումբ անձանց», այդ թվում` ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կողմից «իշխանությունը յուրացնելու փաստի» առնչությամբ կարված «քրեական գործով», նախ, որպես կասկածյալ, ապա` մեղադրյալ ներգրավված ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյա՛նն էլ հրապարակավ «ինքնախոստովանական ցուցմունք» տվեց` ասելով, որ եթե երբեւէ օրենքի խախտում եմ թույլ տվել, ապա` այնքանով, որքանով նպաստել եմ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն։

Բաբլոյանի հայտարարությունը նույնպես մնաց անարձագանք` իրավապահների մի ականջից մտավ, մյուսից դուրս եկավ. «կեսարի կինը» (այս դեպքում երեւի ավելի ճիշտ կլինի ասել` ամուսինը) կասկածից վեր է` իշխանության յուրացման ա՛յս դրվագը տարածաշրջանի թիվ 1 «բռնապետիկի» ֆանտազիաներին իրավական փաթեթավորում տվողներին չի հետաքրքրում։ Նրանք ավելի կարեւոր գործեր ունեն. «գցում-բռնում» են, թե ինչպես կարելի է երկրիս գլխավոր ահաբեկիչ Նաիրի Հունանյանի եւ գործ տվող պատգամավորի «շփումներն» օգտագործել Հոկտեմբերի 27-ի գործը վերակենդանացնելու եւ Նիկոլի պոտենցիալ հակառակորդների` Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն Մանուկյանի եւ «անցանկալի այլ անձանց» դեմ շուռ տալ։

Օրերս տեղեկացանք, որ դեկտեմբերյան արտահերթ ընտրություններից հետո ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանը նմանապես խախտել է օրենքները եւ Սահմանադրությունը. վայր չդնելով փոխվարչապետի լիազորությունները` դարձել է պատգամավոր, ապա` յուրացրել օրենսդիր իշխանությունը` ընտրվելով ԱԺ նախագահ։ Եվ` ոչինչ. «թավշյա իշխանիկների» գրպանում հարմարվետ տեղավորված իրավապահ համակարգի «պատասխանը» դարձյալ լռությունն է։

Այս շարքի վերջին բացահայտումը վերաբերում էր Փաշինյանի կողմից «բնակարանային գողության»` նախկին նախագահ Սերժ Սարգսյանին 10 տարի ծառայած առանձնատունն ապօրինաբար յուրացնելու փաստին։ Օրենքում հստակ գրված է, որ վարչապետն իրավասու է զբաղեցնել Ձորափի 74 հասցեում գտնվող «կառավարական դաչաների» 3-րդ մասնաճյուղը, մինչդեռ Փաշինյանն ինքնագլուխ` առանց գոնե համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու եւ ստանալու ԱԺ «թույլտվությունը», տեղափոխվել է նախագահ(ներ)ի համար նախատեսված 8-րդ մասնաճյուղ։

Այսինքն` «զավթել» է իրեն չպատկանող, հարկատուների փողերով ճոխ վերանորոգման ենթարկված ազգային հարստությունը (չխորանանք` ինչքան է նստել այդ աստվածահաճո գործը պետական բյուջեի վրա. երկու միլիոն դոլա՞ր, թե՞ տասն անգամ պակաս, ինչպես հանրությանն աչքալուսանք տվեց Նիկոլ վարչապետը)։

Եվ ի՞նչ։ Հանցագործության մասին այս հաղորդումն էլ արժանացավ նախորդների ճակատագրին. ո՛չ Նիկոլի «ձեռքի» ԱԱԾ-ն, ո՛չ ՀՔԾ-ն, ոչ էլ առավել ես գլխավոր դատախազությունը`հայկական Վիշինսկու գլխավորությամբ, որեւէ կերպ չանդրադարձան այս փաստին։

Օրենքի ընտրովի կիրառման այս ցայտուն օրինակները, որ հանրային հնչողություն ստացան վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում, վաղ թե ուշ, իհարկե, ստանալու են իրենց իրավական գնահատականը։

Մի՛ բան է զարմացնում. սրանք մինչեւ հիմա չհասկացա՞ն, որ իշխանությունը հավերժ չէ։ Լրջորեն հավատում են, թե մինչեւ 2050 թիվը մեր գլխից անպակա՞ս են լինելու, թե՞ կարծում են` աշխարհի վերջը եկել է...

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 1020 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am