Անկարան ու Բաքուն դիտարկում են սադրանքի տարբերակը

ԱՄՆ Ներկայացուցիչների տունը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Օրենսդիր մարմնի երկու ճամբարների` հանրապետականների և դեմոկրատների հեղինակած թիվ 296 բանաձևն ընդունվեց 405 կողմ, 11 դեմ ձայներով: Վերջին անգամ Ներկայացուցիչների տունը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ավելի քան երեք տասնամյակ առաջ` 1984-ին էր ընդունել. նախաձեռնությունը, սակայն, օրենքի ուժ չէր ստացել, քանի որ չէր արժանացել Սենատի հավանությանը:

Փաստաթուղթը, որ օրենքի պարտադիր ուժ չունի, արձանագրում է` Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը:

«Թուրքիային սիրաշահելու ժամանակներն այլևս ավարտվել են», -փաստեց դեմոկրատ Բրեդ Շերմանը, արձանագրելով` ԱՄՆ-ը վաղուց պետք է ճանաչած լիներ Հայոց ցեղասպանությունը, սակայն շատերն էին հորդորում խուսափել այդ քայլից` Անկարայի հետ դաշնակցային հարաբերություններ պահպանելու համար: «Մեր զորքը ետ քաշվեց Սիրիայից, մենք լքեցինք այդ տարածքը թուրքական ռմբակոծության ու սպառնալիքների պատճառով: Մի՞թե սա է իրական դաշնակցային հարաբերությունը», - հայտարարեց Շերմանը, ով բանաձևի ընդունումից հետո Թվիթերում շնորհակալություն էր հայտնել ոչ միայն փաստաթղթի հեղինակներին, այլև` Թուրքիայի նախագահին: «Առանց ձեզ, պարոն Էրդողան, մենք այս հանգրվանին չէինք հասնի», ֊ գրել էր Շերմանը:

Ամերիկյան լրատվամիջոցները փաստում են, որ օրենքի պարտադիր ուժ չունեցող փաստաթուղթը միաժամանակ խորհրդանշական մեծ նշանակություն ունի և կարող է է՛լ ավելի սրել թուրք֊ամերիկյան` առանց այդ էլ լարված հարաբերությունները:

Պաշտոնական Անկարայից շարունակում են արձագանքներ հնչել Ներկայացուցիչների տան կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման վերաբերյալ: «Այս որոշումը ոչ մի արժեք չունի: Մենք այն չենք ճանաչում», - ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ՝ արձագանքելով նախօրեին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

Էրդողան արձանագրել է, որ «իր երկրին ուղղված զրպարտանքը» ընդունվել է ամերիկյան կոնգրեսի կողմից: «Իրենք նվագում են, իրենք էլ պարում: Մենք ասել ենք՝ եկեք այս հարցը պատմաբաններին ու հնագետներին թողնենք: Թող նրանք ուսումնասիրեն: Այս հարցին քաղաքական աստառ մի տվեք: Մեր արխիվներում մեկ միլիոնից ավելի փաստաթուղթ կա: Մինչև օրս հայերը ոչ մի արխիվ չեն կարողացել ներկայացնել, քանի որ չկա: Միայն դատարկ խոսքերով ոչնչի չեն հասնի: Մեղավոր ես ասելով, մեզ չեք կարող մեղադրել: Մենք չենք ճանաչում այս որոշումը», - ասել է նախագահ Էրդողանը:

Միաժամանակ Անկարայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը կանչվել է ԱԳՆ բացատրություն տալու: Պաշտոնական Անկարայից մի շարք պաշտոնյաներ քննադատական արձագանքներ են հնչել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան ընդունած բանաձևի վերաբերյալ:

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը ամոթալի է որակել ամերիկյան կոնգրեսի որոշումը՝ նշելով, թե «այս բանաձևը, պատմությունը քաղաքականության գործիք դարձնելու ևս մի օրինակ է»: «Թուրքիային ցեղասպանություն գործելու համար մեղադրողները նախ թող սեփական պատմությանն ու իրենց աջակցած ահաբեկչական կառույցների՝ ԱՍԱԼԱ-ի և Քուրդիստանի բանվորական կուսակցության արյունոտ անցյալին նայեն», - իր թվիթերյան էջում գրել է Քալընը:

Ցեղասպանության մասին բարձրաձայնողներին սեփական պատմությանը առերեսվելու կոչ է արել նաև Թուրքիայի Արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը: Նա «անօգուտ նախաձեռնություն» է համարել բանաձևի ընդունումը՝ հայտարարելով, թե այն իրենց համար առ ոչինչ է: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը ևս դատապարտել է ամերիկացի կոնգրեսականների որոշումը: Ալթունը Թվիթերում գրել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը մտահոգիչ է բոլոր նրանց համար, ովքեր կարևորում են ԱՄՆ - Թուրքիա հարաբերությունները:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը դատապարտել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն էլ հայտարարել էր, թե մերժում է «ներքաղաքական նպատակներով ընդունված՝ պատմական ու իրավական հիմք չունեցող այս որոշումը»:

Բանաձևի ընդունումը՝ նա անվանել էր «ամոթալի»: «Նրանք, որոնց ծրագրերը խախտվել են, դիմում են հին բանաձևերին: Եթե կարծում են, որ այդ կերպ վրեժ են լուծելու, սխալվում են: Այս ամոթալի որոշումն այնպիսի մարդիկ են ընդունել, որոնք օգտագործում են պատմությունը քաղաքականության մեջ, և մեր կառավարության ու ժողովրդի համար այս որոշումը հավասար է զրոյի»,- իր թվիթերյան էջում գրել է Չավուշօղլուն:
Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է նաև, որ այս որոշումը «հակասում է ինչպես ամերիկյան, այնպես էլ միջազգային իրավունքին ու կասկածի տակ է դնում Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին 1948թ. կոնվենցիայի սկզբունքները»:

Դե իսկ Էրդողանի ցասմանը սահման չկա... Թուրքիայի նախագահը նշել է, որ վերջնական որոշում չի կայացրել նոյեմբերի 13-ին ԱՄՆ այցելելու վերաբերյալ: «Իմ այցն ԱՄՆ հարցականի տակ է»,- ասել է նա: Անցյալ շաբաթ Էրդողանը հաստատել էր, որ մտադրված է նոյեմբերի 13-ին այցելել ԱՄՆ՝ նշելով, որ նախագահ Դոնալդ Թրամփը միշտ անկեղծ ու ազնիվ է եղել իր հետ, և ինքն ուրախությամբ կընդունի հրավերը:

Հաշվի առնելով Ադրբեջանից վերջին շրջանում հնչող հայտարարությունները, տիրող ոգևորությունը՝ Թուրքիայի կողմից Սիրիա ներխուժելու կապակցությամբ, կարելի է ենթադրել, թե ինչ կա Ալիևի ու Էրդողանի մտքում: Ադրբեջանի որոշ պաշտոնյաներ արդեն իսկ արտահայտվել են այդ թեմայով:

Եվ նման իրավիճակում չի կարելի բացառել, որ Բաքուն և Անկարան միահամուռ ուժերով առաջիկայում դիմեն սադրանքների:

Նկատենք, որ անցյալ գիշեր վաղ առավոտյան Տավուշում ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ: Արցախի պաշտպանության նախարարությունը փաստեց, որ վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: «Ադրբեջանական կողմը, կրկին ցուցաբերելով ապակառուցողական դիրքորոշում և ավելին՝ արհամարհելով Բաքվում ընթացող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, գնում է առաջնագծում իրադրությունը արհեստականորեն լարելու ուղղությամբ՝ ավելի հաճախակի օգտագործելով դիպուկահար զինատեսակներ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է հակամարտող կողմերի միջև լարվածությունը թուլացնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին, բայց հակառակորդի սադրանքների շարունակման դեպքում դիմելու է իրավիճակից բխող համարժեք գործողությունների»:

Թամար Բագրատունի

դիտվել է 1308 անգամ
Լրահոս
Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am