Ադրբեջանի ընդդիմությունը պատրաստվում է մեծ հանրահավաքի
Ադրբեջանում ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» կազմակերպությունը նոյեմբերի 2-ին բողոքի ակցիա է նշանակել: Ակցիան ծրագրված է սկսել ժամը 15:00-ին: Այս մասին «Osmanqızı TV» համացանցային հեռուստաընկերությանը տեղեկացրել է «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին:
Նրա խոսքով՝ այս ցույցի անցկացումն ադրբեջանցի ժողովրդի կամքի կատարումն է:
«Այս որոշումը մենք ընդունեցինք՝ զգալով սոցիալական ցանցերում ժողովրդի աջակցությունը: Բավականին մեծ քանակությամբ մարդիկ են պահանջում ցույցի անցկացում: Մենք զգում ենք նոր ազգային շարժման սկիզբը»,-հավելել է Քերիմլին:
Այս տարվա հունվարի 19-ի ընդդիմության ցույցից հետո, իշխանությունները թույլ չեն տալիս Բաքվի սահմաններում ցույցեր անցկացնել:
Ակցիայի անցկացման համար իշխանություններին առաջարկվել է երկու վայր՝ «Մահսուլ» մարզադաշտը կամ «Մայիսի 28» մետրոկայարանի մերձակա հրապարակը:
«Մենք կարող ենք ակցիան անցկացնել նաև «Մեհսուլ» մարզադաշտում: Եթե կառավարությունը կրկին համաձայնություն չտա այդ վայրին, մենք մեր ակցիան կանցկացնենք «Մայիսի 28» մետրոկայարանի դիմաց»,- ասել է Քերիմլին:
