Պուտինը կանչեց Էրդողանին. Ի՞նչ «ճաշ» է եփվում Ասադի համար

Մինչ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում դատապարտում են՝ Ռուսաստանն իրարամերժ հայտարարություններ է անում և Էրդողանին հրավիրում բանակցությունների:

Հոկտեմբերի 22-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Սոչի է այցելելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ՌԻԱ «Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Առաջիկա այցի վերաբերյալ որոշ մանրամասներ հայտնել էր նաև թուրքական մամուլը, մասնավորապես՝ այցը կտևի մեկ օր, բանակցությունների հիմնական թեման էլ կլինի իրավիճակը Սիրիայում:

Էրդողանի այցի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ավելի վաղ՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ: Պեսկովի խոսքով՝ այդ զրույցի ժամանակ Պուտինն ու Էրդողանը խոսել են այն մասին, որ պետք է հնարավորն անել թուրքական զինված ուժերի և Սիրիայի կառավարական բանակի միջև բախումը բացառելու համար:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իր հերթին լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Պուտինն ու Էրդողանը առաջին հերթին քննարկելու են առկա իրավիճակը, Սիրիայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պահպանելու խնդիրները, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների մնացորդների դեմ անզիջում պայքարը: Լավրովի խոսքով, սրան զուգահեռ՝ երկու երկրների նախագահները Սոչիում պետք է քննարկեն սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման հնարավորություններ ստեղծելու հարցը:

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահը հոկտեմբերի 9-ին հայտարարել է Սիրիայում թուրքական «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության մեկնարկի մասին, որի նպատակը, նրա պնդմամբ, «Իսլամական պետություն» խմբավորման և քուրդ զինյալների ու «ահաբեկիչների» դեմ պայքարն է Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում: Պաշտոնական Անկարան պնդում է, թե այսպիսով ապահովում է Թուրքիայի սահմանների անվտանգությունը:

Չնայած Վաշինգտոնի կողմից կիրառվող պատժամիջոցներին, եվրոպական մի շարք պետությունների կողմից սահմանված սպառազինությունների ներկրման էմբարգոյին և միջազգային կառույցների հնչեցրած կոշտ քննադատությանը` Թուրքիան չի դադարեցնում Սիրիայի հյուսիսում նախորդ շաբաթ մեկնարկած հարձակումը: Արդեն երկրորդ օրն է, ինչ հիմնական մարտերը ծավալվել են Թուրքիային սահմանակից Ռաս Ալ Այն քաղաքում: Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիացի ընդդիմադիրները նախօրեին շարունակում էին մարտեր վարել այստեղ դիրքավորված քրդական ջոկատների դեմ:

Ամերիկյան աղբյուրների տեղեկություններով, սակայն, քրդական ուժերն առայժմ կարողանում են հաջողությամբ հետ մղել թուրքերի և նրանց սիրիացի դաշնակիցների հարձակումները` նախևառաջ օգտվելով այստեղ տարիների ընթացքում կառուցված թունելների և ստորգետնյա գաղտնի անցումների լայն ցանցից:

Չնայած թուրքական բանակի առաջխաղացման որոշակի արգելակմանը՝ Ռեջեփ Էրդողանը պնդում է, թե «Խաղաղության աղբյուր» անվանումը ստացած այս գործողությունը շարունակվելու է: Այդ մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Բաքվից վերադարձի ճանապարհին: Այսօր արդեն Անկարայում, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հստակ նախապայմաններ առաջ քաշեց, որոնց դեպքում թուրքական բանակի առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում կարող է դադարեցվել:

«Խաղաղության աղբյուր» գործողությունը կավարտվի այն պահին, երբ քուրդ զինյալները վայր դնեն զենքերը և լքեն մեր կողմից պլանավորվող անվտանգության գոտին, որը ձգվելու է Մանբիջից մինչև Իրաքի հետ սահման: Ամենաարագ լուծումը կլինի, եթե զինյալները զենքերը վայր դնեն մինչև չորեքշաբթի երեկո և հեռանան այդ տարածքից», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը:

Երեկ ուշ երեկոյան Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաև իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ: Ըստ Պուտին-Էրդողան բանակցությունների հիմնական թեման հենց սիրիական ճգնաժամն է լինելու: Սրան զուգահեռ՝ Սիրիայի կառավարական բանակը, քրդերի հետ կիրակի օրը ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, շարունակում է առաջխաղացումը դեպի հյուսիս: Ըստ վերջին տեղեկությունների՝ Բաշար Ասադին հավատարիմ ուժերը վերահսկողություն են սահմանել այն բոլոր ռազմակայանների նկատմամբ, որտեղ մինչև նախորդ շաբաթ տեղակայված էին ամերիկյան ստորաբաժանումները:

Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է արդարացնել ամերիկյան ուժերը Սիրիայից դուրս բերելու իր անակնկալ որոշումը: «Մենք ցանկանում ենք վերադարձնել մեր զինվորներին, որոնք աշխարհի լավագույն մարտիկներն են: Սիրիայում, սակայն, նրանք ոստիկանական գործառույթներ էին իրականացնում, չնայած այն հանգամանքին, որ ոստիկաններ չէին: Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք նրանց տուն վերադարձնել, դե իսկ Թուրքիայի և շատ այլ ուժերի հանդեպ մենք շատ կոշտ դիրքորոշում ենք որդեգրել», - նշել է ԱՄՆ նախագահը:

Թրամփի հայտարարության ֆոնին հայտնի դարձավ, որ Մանհեթենի շրջանային դատախազությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել թուրքական պետական Halkbank-ին: Ամերիկացի իրավապահների պնդմամբ՝ Թուրքիայի խոշորագույն ֆինանսական այս կառույցը 2012-2016թթ. ակտիվորեն օժանդակել է Իրանի իշխանություններին` մեքենայությունների հատուկ սխեմաների միջոցով պաշտոնական Թեհրանին հնարավորություն ընձեռելով հաջողությամբ խուսափել ամերիկյան պատժամիջոցներից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2479 անգամ
Լրահոս
Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում» Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am