Արցախում վտանգ են զգացել՝ Հայաստան-Ադրբեջան «փոխհրաձգության» ֆոնին

Այսօր և վաղը տարածաշրջանային այցով Հայաստանում են գտնվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, արտաքին գործերի նախարարությունում հրավիրված ճեպազրույցում լրագրողներին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանից հետո մեկնելու են Արցախ», - տեղեկացրել է Աննա Նաղդալյանը։

Ըստ ամենայնի, միջնորդները որոշակի լարվածություն զգալով՝ փորձում են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների համար հանդիպում կազմակերպել, որպեսզի փոքր-ինչ մեղմեն փոխադարձ «փոխհրաձգությունը» կողմերի միջև:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ: Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են գերատեսչության և մշտական ներկայացուցչությունների գործունեությանն առնչվող հարցեր: Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ աշխատանքների արդյունավետությունը մեծապես կախված է համակարգված մոտեցումից, մայր Հայաստանի և Սփյուռքի համապատասխան կառույցների հետ սերտ փոխգործակցությունից: Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Օրեր առաջ Ստեփանակերտում Արցախի բարեկամների համաժողովը կայացավ, որի համակազմակերպիչներն էին Արցախի արտաքին գործերի նախարարությունն ու ՀՅԴ-ն։ «Անկախ, ինքնիշխան, հզոր պետություն կերտելը մեզ համար եղել և մնում է մեր պետականաշինության հիմքը, որի հիմնասյուներից են Հայաստանի և Սփյուռքի հետ մեր եռամիասնությունն ու ժողովրդավարական արժեքներին ու սկզբունքներին հավատարիմ լինելը», - նշել է Արցախի նախագահը՝ ելույթ ունենալով Արցախի բարեկամների համաժողովի բացմանը:

«Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով համաժողովում ևս մեկ անգամ ներկայացնելով Արցախի պետականաշինության տեսլականը և արտաքին քաղաքական հրամայականները, Սահակյանը շարունակել էր․ - «Մեզ համար կարևորագույն հրամայական է Արցախի անվտանգության լիարժեք ապահովումը բոլոր հարթություններում: Մեր անվտանգության չնչին իսկ թուլացումը հակառակորդի մոտ առաջացնելու է նոր ագրեսիայի դիմելու գայթակղություն, ինչը ինքնին հղի է անկանխատեսելի հետևանքներով: Այդ իսկ պատճառով՝ անվտանգության խնդիրներն առաջնային են նաև բանակցային գործընթացում»:

«Խոսելով բանակցային գործընթացից՝ ուզում եմ կրկին վերահաստատել, որ մենք կողմնակից ենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների խաղաղ կարգավորմանը բանակցային սեղանի շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Այստեղ լուրջ հաջողությունների գրանցումն անհնարին է առանց բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ: Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, և մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի թե սահմանների առումով», - ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահը:

Արցախի արտաքին քաղաքականության հիմքում, ըստ Սահակյանի, «շարունակում են մնալ հավասարակշռվածության և բազմաուղղվածության սկզբունքները»: «Մեզ համար հրամայական է հավասարապես բարիդրացիական հարաբերությունների պահպանումը ինչպես Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, այնպես էլ տարածաշրջանային պետությունների հետ: Դա պայմանավորված է ինչպես մեր տարածաշրջանի յուրահատկությամբ, այնպես էլ հայկական սփյուռքի առկայությամբ», - Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ շեշտել է Բակո Սահակյանը: «Արտաքին քաղաքական ասպարեզում պաշտոնական Ստեփանակերտը շարունակելու է հատուկ տեղ հատկացնել տարբեր երկրների ու պետությունների և նրանց վարչական միավորների հետ կապերի հաստատմանն ու խորացմանը», - ասել էր Արցախի նախագահը:

Նկատելի է, որ Արցախի նախագահն ունի որոշակի մտահոգություններ, եթե չասենք՝ վտանգ է զգում Ղարաբաղի հարցով ընթացող բանակցություններում: Այդ իսկ պատճառով նա, կարծես, կարևորում է գործընկեր պետությունների հետ շփումները, Արցախի դիրքերի ամրացումը:

Բացի այդ, նա հատուկ շեշտում է, որ Արցախի անվտանգության լիարժեք ապահովումը և Արցախի մասնակցությամբ՝ բանակցային գործընթացում լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը:

Հաջորդ կարևոր հանգամանքը, որը Բակո Սահակյանը հարկ համարեց շեշտել՝ այն է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, և չի կարող լինել վերադարձ անցյալին՝ թե լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով:
Այս ակնարկները ուղիղ մտահոգության, անհանգստության ուղերձներ են՝ դեպի կարգավորման գործընթացում առկա իրավիճակը թե՛ բանակցողների, թե՛ միջազգային հանրության համար:

Թամար Բագրատունի

դիտվել է 5234 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am