Ինչո՞ւ քրդերը թուրքական ագրեսիայի դիմաց մնացին միայնակ և ի՞նչ հետևություն պետք է անեն հայերը. մաս 1–ին

Քրդերի հանդեպ Սիրիայում միշտ բարյացկամ վերաբերմունք է եղել: Դա պայմանավորված է եղել մի շարք հանգամանքներով, որից գլխավորը Սիրիայի և Թուրքիայի միջև եղած վատ հարաբերությունների նախապատմությունն է:

Բանն այն է, որ 1938 թվականից սկսված Սիրիայի և Թուրքիայի միջև տարածքային վեճը լուծվեց Թուրքիայի օգտին:

Խոսքը Խաթայի մարզի մասին է, որը 1938-ին Թուրքիայի կողմից օկուպացվեց, այնտեղից տեղահանվեցին ալավիններն ու հայերը: Որից հետո, «հանրաքվե» անցկացվեց տեղում մնացած թուրք բնակչության շրջանում և որի արդյունքում մարզը կցվեց Թուրքիային: Այսինքն, Լոզանի կոնֆերանսի համաձայն, այս տարածքը չպիտի պատկաներ Թուրքիային, սակայն անցած տարվա 30-ական թվականներին Անկարայի կողմից խորամանկ քաղաքականության իրականացման արդյունքում, այս բացահայտ անեքսիայի քայլը նմանվեց գերմանացիների կողմից Չեխոսլովակիայի Սուդետի մարզի անեքսիայի օրինակին, որը եվրոպական երկրների ղեկավարները հանցավոր լռության մատնեցին: Պատճառնել էր հայտնի, Սուդետի մասով նրանք վախենում էին Հիտլերից, իսկ Խաթայի հարցում Ֆրանսիան, որն այն ժամանակ Սիրիայի հովանավորն էր, Թուրքիայի հետ չէր ուզում մտնել կոնֆլիկտի մեջ:

Այսպիսով, ինչպես չեխ ժողովուրդը ականատես եղավ արևմտյան երկրների երկերեսանիությանը, այնպես էլ նույն զգացումն ապրեցին այն ժամանակվա սիրիացիները:

Արդյունքում, Սիրիայի անկախության ձեռք բերելուց հետո այդ երկրի վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ միշտ բացասական էր մնում, քանզի նրանք միշտ համարում էին, որ Թուրքիան իրենից տարածք է պոկել, որը պիտի վերադարձնի: Ինչպես որ այդպես են այսօր մտածում Ղրիմի վերաբերյալ ուկրաինացիները, Աբխազիայի վերաբերյալ վրացիները և այդպես շարունակ:

Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով էլ՝ Սիրիայում միշտ բարյացկամ էին տրամադրված տեղի հայերի և քրդերի հանդեպ՝ դիտարկելով վերջիններիս որպես պոտենցիալ «գործիք»՝ ուղղված Թուրքիայի դեմ:

Ավելին, նույնիսկ մինչև 1998 թվականը քրդերի առաջնորդ Աբդուլա Օջալանը հաճախ էր հանգրվանում Դամասկոսում, իսկ Քրդական բանվորական կուսակցության անդամները Սիրիայում իրենց զգում էին ինչպես տանը:

Ամեն ինչ փոխվեց, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, Թուրքիայի գործոնը շեշտակիորեն մեծացավ թե՛ Մոսկվայի, և թե՛ Վաշինգտոնի մոտ:

Անցյալ դարի 90-ական թվականներին հզորացող Թուրքիան սկսեց սպառնալ Ասադի ռեժիմին, որ եթե նա չդադարի աջակցել քրդերին, ապա Թուրքիան կներխուժի Սիրիա և ինքնակամ կլուծի իր խնդիրները:

Ասադն արդեն իր երկրից դուրս բարեկամներ չուներ, և ստիպված գնաց թուրքերի հետ գործարքի:1998-ին Օջալանը Սիրիայի իշխանությունների պահանջով լքեց այդ երկրի տարածքը: Իսկ մեկ տարի անց Անկարան և Դամասկոսը Ադանայի պայմանագիր կնքեցին, որի գլխավոր իմաստն այն էր, որ Սիրիան այլևս չպետք է աջակցեր քրդական շարժմանը, իսկ Անկարան այդ դեպքում միայն կհարգեր Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Այստեղ կար նաև դրույթ՝ համաձայն որի, եթե Դամասկոսը չկատարեր իր այդ խոստումը, ապա Անկարան ինքնուրույն իրավունք կունենար լուծել այս հարցը:

Պարզ էր, որ այդ «մերձեցումը» ստիպողական բնույթ էր կրում Ասադի համար, քանզի, միայնակ Սիրիան չէր կարող դիմակայել հզորացող Թուրքիայի ճնշումներին:

Իսկ Թուրքիայի համար այս «մերձեցումը» հնարավորություն էր տալիս լեգիտիմ ձևով միջամտել Սիրիայի ներքին գործերին:

Իսկ, այսպես կոչված, «Արաբական գարունի» սկսվելուց հետո այս ենթադրությունը ամբողջովին հաստատվեց:

Էրդողանը միանգամից մոռացավ Ասադի հետ իր «բարեկամությունը» և ակտիվորեն սկսեց աջակցել Ասադի հակառակորդներին:

Այստեղ արդեն երևացին Անկարայի իրական նպատակները: «Արաբական գարնան» պատրվակով Անկարան նպատակ էր հետապնդում վերականգնել գրեթե ողջ Արաբական աշխարում իր երբեմնի ազդեցությունը, որը նա ուներ Օսմանյան կայսրության ժամանակ:

Էրդողանի նեոօսմանիզմի ծրագրերի մեջ Ասադը, բնականաբար, չէր տեղավորվում: Այստեղից էլ առաջացավ այն ատելությունը, որը մինչ այսօր էլ առկա է Ասադի և Էրդողանի միջև:

Ինչպե՞ս դիրքավորվեցին «Արաբական գարունից» հետո Սիրիայի քրդերը

«Արաբական գարունի» արդյունքում Սիրիան մխրճվեց քաղաքացիական պատերազմի մեջ, սպանվեց, ամենահամեստ թվերով, ավելի քան 600 հազար մարդ: Միլիոնավոր սիրիացիներ ընդմիշտ հեռացան իրենց երկրից:

Թեև այդ երկրի բնակչության մեծ մասը կազմում էին սուննի արաբները, Արևմուտքը այդպես էլ չկարողացավ նրանց միջից ձևավորել Ասադին լուրջ այլընտրանք: Դրա պատճառներն շատ խորքային բնույթ ունեն, որի մասին արժե վերլուծել մեկ ուրիշ անգամ: Այստեղ նշենք, որ միակ լուրջ գործոնն Արևմուտքի համար դարձան քրդերը:

Վերջիններս ծայրահեղ կրոնապաշտ չէին և ունեին հստակ ազգային գիտակցություն՝ ի տարբերություն սուննի արաբների, որոնց մոտ հիմնականում գերակայում էր մոլեռանդ կրոնական գիտակցությունը:

Հենց քրդերի ջանքերով էլ Սիրիայի հյուսիս-արևելյան մասը հնարավոր եղավ ազատագրել իսլամիստներից: Բնականաբար, ամերիկացիների կողմից գործուն աջակցության շնորհիվ:

Դրա արդյունքում քրդերը կարողացան վերահսկել Սիրիայի մոտ 30 տոկոսը, որտեղ գտնվում էին այդ երկրի նավթային հանքերի 90 տոկոսը:

Այս տարածքում քրդերը 2016 թվականին հռչակեցին այսպես կոչված «Հյուսիսային Սիրիայի դեմոկրատական դաշնություն», որը պիտի Դամասկոսի հետ համաձայնության գար Սիրիայի ապագա կարգավիճակի մասին:

Այդ դաշնությունում ընդունվեցին պաշտոնապես երեք լեզուներ՝ քրդերենը/քուրդմանջի/, արաբերենը և ասորերենը:

Քրդերն այս կարգավիճակը նվաճել էին իսլամիստների դեմ պայքարի արդյունքում՝ որպես հատուցում:

Ո՞րն էր Սիրիայի քրդերի գլխավոր նպատակը

Քրդերը վերահսկում էին Սիրիայի մոտ 30 տոկոսը՝ հարուստ նավթային պաշարներով: Նրանք այս տարածքում արդեն հիմնել էին ինքնահռչակված ինքնավարություն: Եվ հույս ունեին, որ Ասադի հետ կպայմանավորվեին հենց այդ տարածքով կազմել ինքնավարություն՝ ապագա Սիրիայի կազմում:

Սակայն պետք է նշել, որ այդ տարածքի զգալի մասում քրդեր չէին ապրում, և նրանց վերահսկելը քրդերի կողմից իրականացվում էր բացառապես ամերիկացիների շնորհիվ:

Ինչպիսի՞ն էր Մոսկվայի վերաբերմունքը քրդերի հանդեպ

Մոսկվան դեմ չէր քրդերի ինքնավարությանը, սակայն կարծում էր, որ քրդերը այդչափ մեծ տարածքով չեն կարող կազմել ինքնավարություն Սիրիայի կազմում:

Բացի այդ, Մոսկվայի կարծիքով՝ քրդերն իրենց ինքնավարության հարցում պիտի բանակցեին Ասադի հետ:

Ինչպիսի՞ն էր Ասադի վերաբերմունքը քրդերի ծրագրերի հանդեպ

Ասադը սկզբունքորեն դեմ էր քրդերի ինքնավարության գաղափարին, քանզի, ըստ նրա՝ եթե քրդերը ստանային տարածքային ինքնավարություն, ապա Սիրիայի մյուս ազգությունները նույնպես կպահանջեին ինքնավարության իրենց մասը, և արդյունքում Սիրիան՝ որպես պետություն, կմասնատվեր: Իսկ քրդերի այն գաղափարը, որ Սիրիան պետք է դառնա «ազգերի համադաշնություն», ընդանրապես քաղաքական ուտոպիայի ժանրից է: Քանզի բազմազգ և բազմակրոն Սիրիան չի կարող գոյատևել այդ կարգավիճակով: Ահա, թե ինչու Դամասկոսում համարում են, որ քրդերի դիրքորոշումը Սիրիայի ապագայի հարցում իրատեսական չէ:

Ասադի պատկերացմամբ՝ ապագա Սիրիան պետք է դառնա ոչ թե տարածքային, այլ մշակութային համադաշնություն՝ այստեղ ապրող բոլոր ազգերի ներգրավմամբ, որը պիտի արտացոլվի նաև այդ երկրի ապագա Սահմանադրության մեջ: Իմիջիայլոց, այդ ենթատեքստում հայերին նույնպես վերապահված է լինելու քաղաքական դերակատարություն:

Ինչպիսի՞ն է ամերիկացիների դիրքորոշումը քրդերի հանդեպ

Ամերիկացիները հասկանում են, որ քրդերի պահանջները մաքսիմալիստական են: Սակայն, ելնելով իրենց շահերից, ամերիկացիները խրախուսում են քրդերի պահանջները, որպեսզի նրանց երկխոսությունն Ասադի հետ չստացվի:

Չունենալով որևէ սեփական իրատեսական ծրագիր Սիրիայի հարցում՝ ամերիկացիները փորձում էին ժամանակ շահել՝ աջակցելով քրդերին առանց որևէ քաղաքական հեռանկարի:

Ստացվել էր այնպես, որ քրդերի մաքսիմալիզմը իրատեսական բնույթ չուներ: Սակայն քանի որ Դամասկոսի կենտրոնական իշխանությունը Վաշինգտոնին չէր պատկանում, վերջիններս ոչ մի հիմնավորում չունեին սանձել քրդերի ամբիցիոզ և ոչ իրատեսական ծրագրերը:

Իսկ ռուսներն էլ չէին կարողանում համոզել քրդերին, որ մաքսիմալիզմով քրդերը վերջնարդյունքում կարող են կորցնել եղածը:

Ռուսական հայտնի ասացվածքը՝ «лучше синица в руках, чем журавль в небе», քրդերը մերժում էին, քանզի իրենց ամբիցիաների պահպանման համար ամերիկացիներից մշտապես ստանում էին զենք և դրամական միջոցներ:

Հասկանալի է, որ այս «անորոշ» կարգավիճակը նյարդայնացնում էր մեկ այլ խաղացողի՝ Թուրքիային: Քանզի վերջինս տեսնում էր, որ Վաշինգտոնի այս քաղաքականության արդյունքում իր անմիջական հարևանությամբ փաստացի կայանում էր նոր քրդական պետություն:

Անկարայի բոլոր հորդորները Վաշինգտոնին՝ դադարեցնել քրդերին աջակցել, անհաջողությամբ էին պսակվում, քանզի ամերիկացիների համար քրդերն Ասադի դեմ իրենց միակ իրական գործոնն էին մնացել:

Այս ամենի արդյունքում Վաշինգտոնի ու Անկարայի փոխհարաբերություններն այնքան վատացան, որ թուրքերը սկսեցին աննախադեպ մերձենալ ռուսների հետ: Ձևավորվեց հայտնի Մոսկվա-Թեհրան-Անկարա եռաչափ՝ Սիրիայի կարգավորման հարցում: Իսկ Ս-400 համակարգերի վաճառքն Անկարային՝ Մոսկվայի կողմից, վերջնականապես վատթարացրեց ամերիկաթուրքական հարաբերությունները, որի արդյունքում Անկարան սկսեց սպառնալ Վաշինգտոնին՝ վտանգավոր «կարմիր գծեր» անցնելով:

Արդյունքում Վաշինգտոնը որոշում կայացրեց հետ քաշվել, քանզի թուրք-քրդական արժեքային բալանսում թուրքերը Վաշինգտոնի համար շատ ավելի կարևոր էին, քան քրդերը:

Այս ամենի արդյունքում Անկարան Վաշինգտոնից ստացավ փաստացի համաձայնություն՝ ռազմական օպերացիաներ իրականացնել քրդերի դեմ:

Անկարայի երեք համաձայնեցված պատերազմները քրդերի դեմ

Առաջին թուրքական ներխուժումը կոչվեց «Եփրատի վահան»: Այն սկսվեց 2016-ի օգոստոսին և ավարտվեց 2017-ի մարտին: Արդյունքում թուրքական ուժերն իրենց վերահսկողության տակ վերցրեցին այնպիսի հանգուցային քաղաքներ, ինչպիսիք էին Ջերաբլուսն ու Էլ-Բաբը:

Երկրորդ թուրքական ներխուժումը կոչվեց «Ձիթապտղի ճյուղ» անվամբ, որի արդյունքում Թուրքիան գրավեց արդեն այնպիսի հանգուցային բնակավայրեր, ինչպիսիք էին Ազազն ու Աֆրինը: Այս ռազմական օպերացիան տևեց երեք ամիս՝ 2018-ի հունվարից մինչև նույն թվականի մարտ ամիս:

Եվ վերջապես երրորդ ռազմական օպերացիան թուրքերը կոչեցին «Խաղաղության աղբյուր» անվամբ:

Իսկ թե ինչպիսին կլինի այս անգամվա թուրքական զորքերի առաջխաղացումը, ցույց կտան մոտ ժամանակներս:

Պարզ է մեկ բան, որ այս անգամ Անկարան աննախադեպ աջակցություն է ստացել միանգամից թե՛ Վաշինգտոնից, և թե՛ Մոսկվայից, ինչը ցույց տվեց նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստի փաստացի տապալումը թուրքական այս վերջին ներխուժման հարցով: Տապալում, որը փաստացի կազմակերպեցին Վաշինգտոնն ու Մոսկվան միաժամանակ: Սա կարելի է գնահատել որպես Էրդողանի տպավորիչ դիվանագիտական հաջողություն: Այսպիսի դիվանագիտական արդյունք Թուրքիան վերջին 20 տարվա մեջ չէր ունեցել: Ինչից ենթադրվում է, որ այս անգամ թուրքական հաջողությունները նախորդների համեմատ ավելի տպավորիչ են լինելու:

Քրդերը հերթական անգամ իրենց պատմության ընթացքում իրենց իսկ ոչ խելամիտ պատկերացումների պատճառով դառնում են զոհ:

Շարունակելի․․․

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

դիտվել է 1705 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի գործը առաջիկա շաբաթներին կներկայացվի ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Առաջին անգամ ընտանիքով ժամանել է Անգլիա եւ հանդիպել թագավոր հոր հետ Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո» Գորիսի առաջնորդանիստ մայր եկեղեցին կվերաօծվի․ Սյունյաց թեմ ԳԼԽԱՎՈՐ ԼՐՏԵՍԻ ՇԱԽՄԱՏԸ, կամ՝ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱԿԱՆ ՖԻԴԱՆԸ ԿԿԼԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ՝ առանց մի կրակոցի Հեռացող ԱԺ նախագահը հուլիսի առաջին տասնօրյակում արդեն երկրորդ անգամ պարգևատրման կարգադրություն է ստորագրել Օդի ջերմաստիճանն իջել է մինչև - 6°C, ինչը բացառիկ երևույթ է. Լևոն Ազիզյան Բաքվի ճնշումը՝ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչության փակման պահանջով. Ամփոփում Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Իսրայելը դադարեցրել է Լիբանանի հարավի հարվածները՝ սպասելով ԱՄՆ-ի հետագա քայլերին Կատարի ներկայացուցիչները մասնակցում են Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցություններին «Հայաստանի տնտեսությունը կառավարության համար գործնական իմաստով առաջնահերթություն չէ»․ Հակոբ Բադալյան «Վախի մշտական գեներացման ֆոնին առավել ընդգծված է երևում իրանցիների խիզախ պահվածքը»․ Արման Աբովյան 21-ամյա երիտասարդը ցատկել է գետ, որ լողա, բայց ջրից նրա դին են դուրս բերել ՔՊ-ի վերջին շանսը. Հրապարակ Ֆրանսիայում անտառային հրդեհներին առնչություն ունենալու կապակցությամբ ձերբակալվել է ավելի քան 30 մարդ Օլամաեինները Ծառուկյանի հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցրել․ Էմին Խաչատրյան Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին հարվшծների հետևանքով զnհերի թիվը հասել է 17-ի «Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում Վրաստան-Հայաստան սահմանին ձերբակալվել է հնարավոր դիվերսիոն գործողություններ իրականացնող անձը Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար․ Մոջթաբա Խամենեի ՌԴ ԶՈւ-ն վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Բաչևսկ բնակավայրի նկատմամբ Իրանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱՄԷ-ին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար «Բավի» թայֆունի պատճառով Չինաստանում տարհանվել է 1,8 մլն մարդ Ալի Խամենեին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am