Իրավապաշտպանը դատի է տվել Ադրբեջանին
Իրավապաշտպան Էմին Հուսեյնովը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոքելով Ադրբեջանի իշխանություններից, հաղորդում է Turan-ը: Աղբյուրի համաձայն, ներկայումս Շվեյցարիայում գտնվող Հուսեյնովը 10 ամիս թաքնվում էր Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը՝ վախենալով կալանավորումից: Շվեյցարիայի ԱԳՆ-ի հետ երկարատեւ բանակցություններից հետո Հուսեյնովին թույլ են տվել հեռանալ երկրից՝ Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրհալթերի հետ միասին: Հիմա Էմին Հուսեյնովը պնդում է, որ Ադրբեջանի իշխանությունները ստիպել են իրեն հրաժարվել Ադրբեջանի քաղաքացիությունից: «Զրկելով ինձ քաղաքացիությունից, Ադրբեջանի կառավարությունը մտադիր է խանգարել ինձ աշխատել որպես լրագրող, հայտնել երկրում կատարվող քաղաքական իրադարձությունների մասին եւ խոսել մարդու իրավունքներից»,-հայտարարել է Հուսեյնովը:
