Թուրքիան կստեղծի սեփական ՀՀՊ-ն
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Թուրքիան կստեղծի սեփական հակահրթիռային պաշտպանական համակարգ: Պաշտոնյան հիշեցրել է, որ նախորդ տարվա նոյեմբերին Անկարան պաշտոնապես չեղյալ է հայտարարել ՀՀՊ համակարգի բաղադրիչների արտադրության տենդերը, որը գնահատվում էր 3.4 միլիարդ դոլար: Փոխարենը որոշվել է ստեղծել ՀՀՊ համակարգի ազգային նախագիծ: Դեմիրը հայտարարել է. «Մենք չեղյալ ենք հայտարարել ոչ թե նախագիծը, այլ տենդերի արդյունքները: Մենք շուտով կմտնենք նոր փուլ, որին կմասնակցեն հայրենական ընկերությունները, այդ թվում նաև՝ Roketsan-ն ու Havelsan-ը: Մենք շարունակում ենք փոքր, միջին ու բարձր հեռահարություն ունեցող համակարգերի մշակումները՝ աստիճանաբար ընդլայնելով դիապազոնը: Մենք որևէ ուղիղ գնում չենք կատարելու, ընդ որում՝ մեր մշակած ՀՀՊ համակարգը ինտեգրվելու է ՆԱՏՕ-ի համակարգին: Կարծում ենք, որ ՆԱՏՕ-ի հետ համատեղ աշխատանքը կարագացնի գործընթացը»:
