Թրամփի նոր «աջ ձեռքն» ու Արցախը

Ռոբերտ Օ՛Բրայենը սեպտեմբերի սկզբին պաշտոնանկ արված Ջոն Բոլթոնին կփոխարինի Սպիտակ տան Ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնում: Այս մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց չորեքշաբթի երեկոյան Twitter-ում հրապարակված գրառմամբ:

«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Ռոբերտ Օ՛Բրայենը, որն այժմ զբաղեցնում է պատանդների հարցերով նախագահի հատուկ բանագնացի պաշտոնը, կնշանակվի Ազգային անվտանգության գծով խորհրդական: Ես Ռոբերտի հետ արդյունավետ աշխատանքի երկարատև փորձ ունեմ: Նա շատ լավ կաշխատի», - գրում էր Թրամփը: Twitter-ում արված այս գրառման հրապարակումից մի քանի ժամ անց ԱՄՆ նախագահը Լոս Անջելեսում անձամբ ներկայացրեց Օ՛Բրայենին իր այցը լուսաբանող լրագրողներին:

«Ռոբերտ Օ՛Բրայենը, որ Ազգային անվտանգության գծով իմ նոր խորհրդականն է, բավական երկար ժամանակ է ինչ աշխատում է ինձ հետ պատանդների խնդրով, և մենք այդ հարցում շատ լավ արդյունքների ենք հասել: Մենք բազմաթիվ մարդկանց ենք տուն վերադարձրել, և ինչն ամենակարևորն է՝ մենք դա արել ենք առանց փրկագին վճարելու: Եթե դու փրկագին ես վճարում, ապա [պատանդառության դեպքերը] կրկնապատկվում են, եռապատկվում ու քառապատկվում», - հայտարարում էր Թրամփը՝ նշելով, որ իր շրջապատի շատ ներկայացուցիչներ ևս խորհուրդ են տվել Ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնում հենց Օ՛Բրայենին նշանակել: «Բազմաթիվ մարդիկ, որոնց ես հարգում եմ, նշում էին, որ Օ՛Բրայենը պետք է համար մեկ ընտրությունը լինի այս պաշտոնում: Գիտե՞ք, ես կարծում եմ, որ իմ և Ռոբերտի միջև շատ լավ քիմիա կա, և կարծում եմ, որ մենք շատ լավ հարաբերություններ ենք ունենալու: Նա շատ տաղանդավոր մարդ է», - նշում էր Թրամփը:

Սպիտակ տան Ազգային անվտանգության գծով նորանշանակ խորհրդականը ևս վերադասի հասցեին գովեստի խոսքեր շռայլելու առիթը բաց չթողեց: «Նախագահի հետ աշխատելը մեծ պատիվ է: Ես ակնկալում եմ, որ ևս մեկուկես տարի մենք կաշխատենք այն հսկայական հաջողությունների պայմաններում, որոնք արձանագրել է մեր արտաքին քաղաքականությունը` նախագահ Թրամփի առաջնորդության ներքո: Ակնկալում եմ, որ այդ ամենը կշարունակվի», - հայտարարում էր Ռոբերտ Օ՛Բրայենը:

Լրատվամիջոցները հաղորդում են, որ Սպիտակ տան Ազգային անվտանգության գծով նորանշանակ խորհրդականը ի սկզբանե հասկացրեց, թե չի կրկնի իր նախորդի` Ջոն Բոլթոնի սխալը, հակամարտության մեջ մտնելով Պետդեպարտամենտի և անձամբ պետքարտուղարի հետ: «Մենք մի շարք մարտահրավերների ենք բախվում, սակայն մի հիանալի թիմ կա, որն այսօր աշխատում է այդ բնագավառում: Խոսքը, մասնավորաբար, պետքարտուղար Փոմփեոյի, ինչպես նաև [պաշտպանության նախարար] Էսպերի և [ֆինանսների նախարար] Մնուչինի մասին է: Ես կաշխատեմ նրանց հետ, ինչպես նաև նախագահի հետ՝ Ամերիկայի անվտանգությունն ապահովելու նպատակով», - հայտարարում էր Ռոբերտ Օ՛Բրայենը:
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության գծով նորանշանակ խորհրդականը ծնունդով Լոս Անջելեսից է, ավարտել է Կալիֆորնիայի ամենահայտնի համալսարաններից մեկի` Բերքլիի համալսարանի Իրավաբանության բաժինը: 90-ականների կեսերից նա աշխատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, 2005-2006 թվականներին պաշտոնավարել է որպես ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ․ այդ շրջանում, ի դեպ, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Ջոն Բոլթոնը: Հետագայում Օ՛Բրայենը աշխատանքի է անցել Պետդեպարտամենտի կենտրոնական ապարատում, իսկ 2013-2014 թվականներին համագործակցել է «Միջազգային հանրապետական ինստիտուտի» (IRI) հետ, այդ կառույցի պատվիրակության կազմում դիտարկելով Վրաստանում և Ուկրաինայում կայացած ընտրությունները:

Ի դեպ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը արդեն իսկ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նորանշանակ խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենին։ Գրիգորյանը մասնավորապես նշել է. «Հաշվի առնելով արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում Ձեր ունեցած երկարատև փորձը, ինչպես նաև վերջին աշխատանքային առաքելությունը պետքարտուղարությունում՝ որպես պատանդների հարցերով նախագահի հատուկ բանագնացի՝ կասկած չունեմ, որ Դուք մեծ եռանդով և նվիրվածությամբ կիրականացնեք Ձեր նոր պատասխանատու առաքելությունը»։ Ապա` ՀՀ ԱԽ քարտուղարը ասել է. «Հայաստանը Միացյալ Նահանգները դիտարկում է որպես իր ամենավստահելի և հուսալի գործընկերներից մեկը, և կարող եմ վստահեցնել, որ պատրաստ եմ Ձեզ հետ աշխատել համատեղ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով` պաշտպանելու մեր ընդհանուր արժեքները, կանխելու մեր ժողովուրդների բարեկեցությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքները: Հարգելի՛ գործընկեր, հույս ունեմ հանդիպել Ձեզ հետ՝ հայ-ամերիկյան անվտանգության օրակարգը առավել խորացնելու ակնկալիքով։ Խնդրում եմ ընդունեք իմ բարձր գնահատականի հավաստիացումները»։

Գրեթե 10 օր առաջ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ազատվեց պաշտոնից: Հրաժարականը նախագահ Դոնալդ Թրամփն էր պահանջել, դա պատճառաբանելով քաղաքականության շուրջ մի շարք սուր տարաձայնություններով: «Ես տեղեկացրել եմ Ջոն Բոլթոնին, որ նրա ծառայությունների կարիքը Սպիտակ տունն այլևս չունի: Ես համաձայն չէի նրա շատ առաջարկների հետ, համաձայն չէին նաև աշխատակազմի անդամներից շատերը»,- Թվիթերում գրել էր նախագահը:

Ինչպիսի՞ն կլինի Ռոբերտ Օ՛Բրայենի արտաքին քաղաքական կուրսը՝ Հարավային Կովկասի նկատմամբ՝ ցույց կտա ժամանակը: Բոլթոնին հաջորդած գործիչը ուշադրություն կդարձնի՞ Արցախին...

Թամար Բագրատունի

դիտվել է 2571 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am