Մերկելն ու Տուսկը ժամանել են Սիրիայի հետ Թուրքիայի սահման
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրամիության խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը եւ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը ժամանել են Սիրիայի հետ սահմանակից թուրքական Ղազիանթեպ քաղաք: Մերկելը Թուրքիա է ժամանել մեկօրյա այցով, որի ընթացքում հանդիպել է այդ երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ, այցելել սիրիացի փախստականների ճամբար: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով AP գործակալությունը: Բանակցությունների ընթացքում քննարկվելու է Թուրքիայի հետ Եվրամիության միգրացիոն համաձայնագիրը: Ապրիլի 19-ին Անկարան սպառնացել էր չեղարկել ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունը: Համաձայնագրով Թուրքիան Եվրամիությունից 3 մլրդ եվրո պետք է ստանա՝ միգրանտների կարիքների համար եւ իր տարածք վերադարձնի Հունաստան եւ եվրոպական այլ երկրներ հասած փախստականներին: Փոխարենն Անկարան պահանջում է արդեն 2016 թվականի գարնանը ԵՄ երկրներ իր քաղաքացիների կարճաժամկետ այցերի համար առանց վիզայի ռեժիմ սահմանել: Բացի այդ, թուրքական իշխանությունները պնդում են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների վերականգնում:
