Ես, առհասարակ, իմ բոլոր քայլերն անում եմ շատ գիտակցված և մտածված Արթուր Վանեցյան

 Հրապարակը գրում է.

ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական տալուց հետո երեկ առաջին անգամ Արթուր Վանեցյանը հպանցիկ շփվեց լրագրողների հետ՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի դիմաց պատասխանելով մի քանի հարցի։ Մենք նրան «բռնեցինք» ՀՖՖ շենքից դուրս գալիս։

Հիշեցնենք․ նա այլեւս ԱԱԾ տնօրենը չէ, բայց շարունակում է մնալ ՀՖՖ նախագահը։ Վանեցյանի ընտանիքն արդեն լքել է ԱԱԾ տնօրենի համար նախատեսված կառավարական առանձնատունը, հանձնել է ԱԱԾ տնօրենի աշխատասենյակը, չունի թիկնապահներ, ուղեկցող մեքենաներ։ Թեպետ պահպանել է զրահապատ Toyota Land Cruiser-ը, որով շրջում էր ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ։ Դա իր անձնական մեքենան է՝ գնված հոր կողմից։ Երեկ նա ֆեդերացիա էր ժամանել մեկ այլ Toyota Land Cruiser-ով՝ ոչ զրահապատ, «խառը համարներով», որը եւս իրենց ընտանեկան մեքենաներից է։ Մենք նկատեցինք, որ այս ամենագնացի վրա դեռ ամրացված են առկայծող փարոսիկները, որոնցից եւս, ըստ երեւույթին, Վանեցյանը պետք է հրաժարվի։

Առաջին հարցն ուղղեցինք՝ խնդրելով բացել փակագծերը, թե ում էին ուղղված եւ ինչ ենթատեքստ էին պարունակում իր հրաժարականի տեքստում հրապարակված տողերը․ «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»։ «Այս պահին զերծ կմնամ մեկնաբանել հրաժարականի տեքստը։ Այն հրապարակվել է, եւ բոլորը կարդացել են, ծանոթացել են եւ գնահատականները տվել են։ Առաջիկայում, եթե անհրաժեշտություն առաջանա մեկնաբանել հրաժարականի տեքստը, անպայման կմեկնաբանեմ»,- ասաց Վանեցյանը։


- Դուք գիտակցո՞ւմ եք, թե ինչ վտանգավոր ձեւակերպումներ են սրանք Հայաստանի անվտանգության համար։

- Միանշանակ գիտակցում եմ, ես, առհասարակ, իմ բոլոր քայլերն անում եմ շատ գիտակցված, մտածված, եւ նախորդ հարցը երբ հնչեց, ես ասացի՝ երբ կլինի անհրաժեշտություն մեկնաբանել հրաժարականի տեքստը, համոզված եղեք՝ կմեկնաբանեմ։ Ես ուզում եմ մի շատ կարեւոր բան ասել, ուզում եմ կոչ անել բոլորին առհասարակ՝ չփորձեն, այսպես կոչված, պղտոր ջրում ձուկ որսալ, չփորձեն ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ։ Ես էս մեկուկես տարիների ընթացքում, երբ եղել եմ ԱԱԾ տնօրեն, իրականացրել եմ իմ աշխատանքը պատվով, մեծ պատասխանատվությամբ, եւ դրական արդյունքները եղել են ակնհայտ բոլորի համար։ Այն հեղինակությունը եւ վարկանիշը, որ ձեռք է բերել ԱԱԾ-ն, ինձ համար դա ամենակարեւոր եւ մնայուն արժեքն է, որն անհրաժեշտ է մեր պետությանը, եւ ես կարծում եմ, որ ես այդ գործում ունեցել եմ մեծ հաջողություն։ Նախկինների էդ խանդավառությունը, որը նկատվում է երեկվանից, ես ուզում եմ ասել՝ թող մնան իրենց նախկին քաղաքական անցյալում եւ չփորձեն խառնվել իմ եւ գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ։ Այդ հարաբերությունները մենք գիտենք՝ ոնց են, եւ ոնց կշարունակենք։

- Պարոն Վանեցյան, վարչապետի խոսնակն ակնարկել էր, թե Ձեր հրաժարականի տեքստը Դուք չեք գրել, այլ գրվել է «քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակներում»։

- Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ տեքստը գրվել է իմ կողմից եւ խմբագրվել է իմ խորհրդական Արմեն Դավթյանի կողմից։ Այսինքն՝ մենք միասին աշխատանք ենք կատարել այդ տեքստի վրա։ Ուղղակի միամտություն եմ համարում, որ ինձ կարող է փորձեն կապել PR գրասենյակների հետ։ Ավելի կոնկրետ ասեմ՝ որեւէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ, որովհետեւ Միքայել Մինասյանն ինձ համար մարդ է, որը դեռ պետք է շատ հարցերի պատասխան տա ՀՀ օրենքների առջեւ։ Կլինի քննություն, վարչապետը երեկ հայտարարեց, որ ընթանում է քննություն, եւ քննությունը պատասխանը կտա՝ արդյոք Միքայել Մինասյանը պե՞տք է կանգնի օրենքի առջեւ, թե՞ ոչ։

- Վարչապետի հետ ի՞նչ հարաբերություններ են եղել այս ընթացքում, արդյոք լարվածություն եղե՞լ է։

- Վարչապետի հետ եղել են շատ լավ հարաբերություններ, մենք աշխատել ենք շատ լավ, չէի ցանկանա այլ մանրամասներ ասել։

- Դուք քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն ունե՞ք, թե՞ ոչ։

- Երբ ընդունել եմ հրաժարական տալու որոշումը, ես չեմ խորհրդակցել որեւէ քաղաքական ուժի հետ։ Իմ հրաժարականի մասին ես խոսել եմ միայն իմ ընտանիքի, կնոջս, երեխաներիս եւ ծնողներիս հետ։ Տեղեկացրել եմ իմ հրաժարականի մասին եւ կայացրել եմ իմ որոշումը։ Այդ որոշումը շատ մտածված էր, շատ հստակ էր, եւ ես քաղաքականություն մտնելու կամ քաղաքականությամբ զբաղվելու հետ կապված՝ այս պահին որեւէ մեկնաբանություն չեմ անի։ Ես այս պահին կենտրոնանալու եմ մեր ֆուտբոլի զարգացման ուղղությամբ։ Մենք ունենք առաջիկայում՝ հոկտեմբեր ամսին, երկու շատ վճռորոշ խաղեր, որոնց հաջողության դեպքում Հայաստանի ֆուտբոլային թիմը՝ ազգային հավաքականը, պատմության մեջ առաջին անգամ կարող է հայտնվել Եվրոպայի եզրափակիչ փուլում։ Ինձ համար ամենակարեւոր հարցն այս պահին դա է, եւ կանցնի ժամանակը, ես իմ հնարավոր որոշումը կկայացնեմ։ Այս կյանքում որեւէ բան բացառել պետք չէ, բայց այս պահին ես զբաղվելու եմ միայն ֆուտբոլով։

- Սպայի կարգավիճակի հետ ի՞նչն էր անհամատեղելի, որ Ձեր հրաժարականի տեքստում նշված էր։

- Ես նշեցի, որ չեմ ուզում մեկնաբանել այդ հայտարարությունը։ Տեքստը, որը հրապարակվել է, բոլորն ընթերցել են, բոլորը շատ լավ գիտեն։ Հարցեր են առաջանում, հարցերի հետ կապված մեկնաբանություն կլինի ըստ անհրաժեշտության։ Այս պահին ես անհրաժեշտ չեմ համարում մեկնաբանել այդ հարցը։ Եվ նորից եմ հորդորում բոլորին՝ որեւէ մեկը թող չփորձի պղտոր ջրում ձուկ որսալ։ Ես կայացած մարդ եմ, կայացած գործիչ եմ եւ ես՝ ինքս, որոշում կկայացնեմ, թե ինչ պետք է անեմ։

- Ո՞ւմ եք տեսնում ԱԱԾ տնօրենի պաշտոնում։

- Ում կորոշի վարչապետը, նա էլ կզբաղեցնի ԱԱԾ տնօրենի պաշտոնը։ Դա մեր երկրի առանցքային պաշտոններից մեկն է, որը պատասխանատու է երկրի ներքին եւ արտաքին անվտանգության համար։ Եվ ես, ով էլ լինի ԱԱԾ տնօրեն, մաղթում եմ նրան հաջողություններ այդ դժվար աշխատանքում, եւ եթե մի օր անհրաժեշտ կլինի իմ օգնությունն այդ անձին, ես մեծ պատրաստակամությամբ կօգնեմ։ Ես ուզում եմ դիմել նաեւ մեր հայրենակիցներին, այն մարդկանց, որոնք ցավում են իմ հրաժարականի հետ կապված, եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ կարծիքների համար։ Ես այս մեկուկես տարիների ընթացքում եւ, առհասարակ, Ազգային անվտանգության ծառայության 20 տարուց ավելի ստաժում միշտ գործել եմ խղճով, միշտ արել եմ այնպիսի գործեր, որ երբեք չամաչեմ քայլել Երեւանի փողոցներում։ Ես չեմ արել մի բան, որից ամաչում եմ, ես գլուխս բարձր եւ պատվով շարունակելու եմ ապրել մեր քաղաքում եւ շրջել Երեւանի փողոցներում։

- Քանի որ խոսեցինք Միքայել Մինասյանից, վարչապետն իր ասուլիսում ակնարկեց, բայց չասաց, թե որ կառույցն է նա սեփականաշնորհել։ Դուք տեղեկություն ունե՞ք։

- Իհարկե, ունեմ, բայց ես չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ ես այսօր արդեն այլ կարգավիճակում եմ։ Ժողովուրդ ջան, ես նորից եմ կրկնում՝ շատ շնորհակալ եմ բոլորիդ, լավ եղեք, լավ մնացեք, ես իմ հայտարարության վերջում մի արտահայտություն եմ արել, ասել եմ՝ պատիվ ունեմ։ Պատիվ ունեմ, ծառայել եմ, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը եւ ողջ հայ ժողովրդին։ Շնորհակալ եմ։

դիտվել է 451 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am