Խուզարկություններ Ռուսաստանի ողջ տարածքում. Ինչ հետք է փնտրում Պուտինը

Ռուսաստանի իրավապահները առավոտից խուզարկություններ են սկսել Կրեմլի քննադատ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնու՝ երկրով մեկ գործող բոլոր գրասենյակներում: «Դե ինչ, շնորհավորում եմ: Սա ամենամեծ ոստիկանական գործողությունն է Ռուսաստանի նորագույն պատմության մեջ», - հայտարարել է Նավալնին՝ մանրամասնելով, որ համաժամանակյա խուզարկություններ են կատարվում երկրի ավելի քան 200 կետերում, 41 քաղաքներում, հատուկ գործողությանը մասնակցում են միանգամից մի քանի կառույցներ՝ Ներքին գործերի նախարարությունը, Ռոսգվարդիան, Քննչական կոմիտեն ու Անվտանգության դաշնային ծառայությունը:
Պերմում ոստիկանությունը գրասենյակ է մտել պատուհանից, Եկատերինբուրգում իրենց բանալիով են բացել դուռը, Սարատովում դուռն ուղղակի կոտրել են: Ընդ որում, թիրախում են եղել ոչ միայն շտաբերը, այլ որոշ աշխատակիցների, կամավորների ու անգամ նրանց հարազատների անձնական բնակարանները:

«Աղջիկս զանգեց, ասաց ոստիկանությունը եկել է մեր բնակարան խուզարկելու: Փաստացի, խաբեության եմ ներս մտել, քանի որ աղջիկս դուռը բացել էր հարևանի առաջ: Ես տուն գնացի հնարավորինս արագ: Խուզարկությունը մեկուկես ժամ տևեց, նրանք իրենց հետ տարան համակարգչային կրիչն ու որոշ փաստաթղթեր դատական նախորդ նիստերից: Հետո տարան Քննչական կոմիտե՝ հարցաքննության», - ըստ «Ազատության»՝ պատմում է Եկատերինբուրգում Նավալնու շտաբի պետ Յուրի Կուզմինիխը:
Շտաբերի համակարգողների խոսքով, քննչական գործողությունները շատ դեպքերում իրականացվում են առանց գրասենյակների աշխատակիցների ու փաստաբանների, ոստիկանները առգրավել են ընդդիմադիրների տեխնիկական միջոցները, հեռախոսները, համակարգիչները, փաստաթղթերն ու ծանրոցները:

Նովոսիբիրսկում Նավալնու գրասենյակի ղեկավարը ստիպված է եղել համակարգչի կրիչը տարհանել անօդաչու սարքի միջոցով մինչ ոստիկանները դուռն էին թակում՝ բնակարանում խուզարկություն իրականացնելու պահանջով․ - «Վերջ: Հատուկ գործողությունն ավարտվեց, ծանրոցը հասավ իր նշանակետին»:

Հաղորդվում է նաև, որ Կրեմլի տասնյակ ընդդիմախոսներ առավոտից չեն կարողանում իրենց գումարները տնօրինել, քանի որ բանկային հաշիվներն ու քարտերը սառեցվել են: Պատճառը Նավալնու հիմնադրամի դեմ հարուցված քրեական գործն է՝ փողերի լվացման հոդվածով, որը ընդդիմադիրները շինծու են որակում: «Սկզբում մեկ միլիարդի մասին էր խոսքը, հետո դարձրին 75 միլիոն», - հայտարարում է Նավալնին՝ հավելելով․ - «Երկու ամիս է մենք չենք կարողանում քննությունից ստանալ հասարակ մի հարցի պատասխան՝ այդ ի՞նչ հանցավոր ճանապարհով է մեր հիմնադրամը գումար աշխատել, որ հետո էլ դրանք լվանա»:

Նավալնին շարունակում է․ - «Ակնհայտ է, որ այս մասշտաբի գործողություն իրականացնելու հրամանը կարող էր տալ միայն անձամբ Վլադիմիր Պուտինը: Պատկերացրեք միայն, թե քանի մարդ է ներգրավված՝ հարյուրավորներ, գուցե անգամ հազարավոր մարդիկ ողջ երկրով մեկ տարբեր գերատեսչություններից միաժամանակ մուրճը ձեռքներն առած՝ վազել են դռները ջարդելու: Ասացեք խնդրեմ, դուք հիշո՞ւմ եք, որ մեր երկրում այսպիսի մասշտաբով գործողություն իրականացվի կոռուպցիանի դեմ, կամ ահաբեկիչների ու թմրամիջոցների առևտրով զբաղվողների դեմ»:
Ռուսաստանի քննչական կոմիտեն Նավալնու հիմնադրամի դեմ քրեական գործ է հարուցել օգոստոսի 3-ին՝ ճիշտ այն օրը, երբ Մոսկվայի կենտրոնում ընդդիմադիրները բողոքի հերթական ցույցն էին անցկացնում՝ հանուն ազատ ու արդար ընտրությունների: Ըստ այդ քրեական գործի, 2016-18 թվականներին հիմնադրամի աշխատակիցները երրորդ անձանցից խոշոր գումարներ են ստացել՝ ռուբլով ու արտարժույթով, որոնք ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով:

Նավալնու աջակիցները հակադարձում են, թե այդ գումարները իրենց հաշվեհամարներին են փոխանցվել որպես նվիրատվություն ու աջակցություն կոռուպցիայի դեմ պայքարին: «Կրեմլն ուզում է կապել մեր ձեռքերը, բայց չի ստացվելու», - այսօր դիմելով աջակիցներին՝ հայտարարել է Նավալնին: - «Ուզում եմ նաև դիմել Կրեմլում նստածներին, որոնք ձեռնարկել են այս խեղկատակությունը. մենք ձեզ վերջին ընտրություններում ջարդ ենք տվել և հետագայում էլ պարտության կմատնենք, քանի որ ողջ երկիրը ատում է ձեզ: Դուք գողեր եք ու ավազակներ»:
Ակնհայտ է, որ իշխանությունն այս քայլին է գնացել անցած կիրակի Մոսկվայում ու Ռուսաստանի մի շարք այլ շրջաններում տեղի ունեցած ընտրությունների պատճառով, որտեղ ընդդիմությանը հաջողվել էր նկատելիորեն թուլացնել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության դիրքերը:

Նկատենք, որ միասնական քվեարկության այդ օրը Պուտինի կուսակցությունը 106 մանդատ կորցրեց շրջանային խորհրդարաններում:

«Ակնհայտ է, որ այս տեմպերով հաջորդ տարվա քվեարկությանը «Եդինայա Ռոսիան» կորցնելու է վերահսկողությունը բոլոր շրջանային խորհրդարաններում», նշել է Նավալնու ծրագրերի համակարգող Լեոնիդ Վոլկովը՝ ընդգծելով․ - «Այսօրվա բռնություններով իշխանությունը հենց այդ անխուսափելի սցենարը տապալելու անօգուտ փորձեր է անում»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5826 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am