Ռուսական պրեսինգի տակ

Այն, ինչ այս օրերին կատարվում է ռուսաստանյան մամուլում ղարաբաղյան հակամարտության շուրջ` դժվար է այլ բառով բնութագրել, քան բացահայտ ճնշում հայկական կողմի նկատմամբ: Ռուսական թերթերը մեկը մյուսի հետևից գրում են ՌԴ ակտիվության մասին, միաժամանակ բացահայտելով ղարաբաղյան կարգավորման առաջարկների մանրամասներ: Քննարկվում է Մադրիդյան սկզբունքների արդիականացված տարբերակը Հայաստանում սպասում են Սերգեյ Լավրովին, գրում է‪ «Նեզավիսիմայա գազետան»` հայտնելով, որ բանակցային շրջանակներում ակտիվորեն քննարկվում է Մադրիդյան սկզբունքների «արդիականացված» տարբերակը՝ Ադրբեջանին վերադարձնել բուֆերային գոտու 5 շրջան, փախստականների վերադարձ, խաղաղության պայմանագրի ստորագրում, խաղաղապահների տեղակայում: Անդրադառնալով ՌԴ Արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցին թերթը գրում է, Ղարաբաղյան կոնֆլիկտի շիկացմամբ հայ-ռուսական հարաբերությունները խրթին փուլում են: Կրկին սրացել է Ադրբեջանին զենք վաճառելու և Երևան-Մոսկվա հարաբերությունների իրական էության մասին հարցերը: «Երևանը հիասթափված է «քառօրյա պատերազմի» և դրան հաջորդած իրադարձությունների վերաբերյալ Մոսկվայի արձագանքից՝ համարելով, որ որպես ռազմավարական դաշնակից, Ռուսաստանը կարող էր շատ ավելի հայամետ դիրքերից խոսել: Նաև նշվում է, որ Ռուսաստանին չի կարող չհետաքրքրել գործընկեր երկրում սկիզբ առած հակառուսական տրամադրությունները, որի հետևանքն էին վերջին օրերին ՌԴ դեսպանատան մոտ անցկացվող բողոքի ցույցերը, որոնցից երկուսը վերաբերվում էին զենքի առքուվաճառքին, իսկ երրորդը՝ Լևոն Հայրապետյանի դատավճռի վերանայման պահանջով էր: Միաժամանակ ՀՀ խորհրդարանում ընդդիմության կողմից ներկայացված է ԵՏՄ-ից դուրս գալու օրենքի նախագիծ: «Ակնհայտ է, որ Սերգեյ Լավրովին օգտակար կլինի իմանալ այս միտումի մասին անմիջապես հանրապետության ղեկավարությունից»: Մանրամասներ` Կազանի փաստաթղթից Ռուսական “Коммерсантъ” պարբերականը հերթական անգամ անդրադարձել է ղարաբաղյան թեմային: Պարբերականի Կրեմլի զրուցակիցը հայտնել է, որ պաշտոնական Մոսկվան ղարաբաղյան խնդրի կարգավորմանը չափազանց մեծ կարևորություն է տալիս: «Կարողանալով համոզել Երևանին և Բաքվին՝ դադարեցնել ակտիվ ռազմական գործողությունները, Վլադիմիր Պուտինը մտադիր է վերակենդանացնել խաղաղ բանակցային գործընթացը հետխորհրդային տարածքի ամենահին խնդիրներից մեկը կարգավորելու համար: Եվ եթե Բաքվի ու Երևանի միջև երկխոսությունը վերսկսվի, ղարաբաղյան բանակցային գործընթացում նախաձեռնությունը Արևմուտքից կանցնի Ռուսաստանին»: Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը “Коммерсантъ”-ին հավաստիացրել է, թե այս փուլում պատրաստվում են բանակցությունները, և հնարավոր է, որ դրանք վերսկսվեն արդեն առաջիկա օրերին: “Коммерсантъ”-ը, վկայակոչելով Կրեմլում իր անանուն բարձրաստիճան աղբյուրը, գրում է, որ Ռուսաստանը հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկում է ամենամոտ ժամանակներս կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու համար: Պարբերականը մեջբերում է նաև Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքերը այն մասին, որ եթե նույնիսկ նման բանակցությունները վերսկսվեն, շեշտադրումը պետք է արվի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա: Բացի այդ, ընդգծել է Բաբայանը, առանց Ղարաբաղի մասնակցության հնարավոր չէ հասնել խնդրի լիակատար կարգավորմանը: Իսկ որպես պաշտոնական Երևանի դիրքորոշում “Коммерсантъ”-ը մեջբերում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի խոսքերն այն մասին, որ եթե բանակցել կարգավորման շուրջ, ապա՝ Կազանի փաստաթղթի հիման վրա: Ռուսական պարբերականի փոխանցմամբ՝ Կազանում տապալված այսպես կոչված ճանապարհային քարտեզը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների հանձնումը Ադրբեջանին, որոնք թերթը, ի դեպ, որակել է «Հայաստանի կողմից զավթված ադրբեջանական շրջաններ»: Խոսքը ամբողջությամբ Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլուի և Քելբաջարի, ինչպես նաև մասամբ՝ Ֆիզուլիի, Աղդամի և Լաչինի շրջանների մասին է: Բացի այդ, ըստ ճանապարհային քարտեզի, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պետք է իրար կապեր Լաչինի միջանցքը, իսկ Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվեր մի քանի տարի անց կայանալիք հանրաքվեի ժամանակ, բայց նախ պետք է վերադառնային բոլոր փախստականները: “Коммерсантъ”-ը գրում է, որ հենց կարգավիճակի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները չկարողացան համաձայնության գալ: Հայաստանը երբեք չի հրաժարվի իր հիմնական պահանջից՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումից, գրում է պարբերականը՝ հղում անելով Երևանում իր աղբյուրին: Եթե Մոսկվան խնդրով ակտիվ չի զբաղվում, խնդիրը չի կարգավորվում Կրեմլին մոտ կանգնած «Իզվեստիա» թերթն էլ որոշ մանրամասներ է հայտնում կարգավորման ռուսաստանյան ծրագրից: Վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը, գրում է, թե Ռուսաստանը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկայում ակտիվ քայլեր են ձեռնարկելու, որպեսզի կողմերը փոխզիջում գտնեն բանակցություններում: Դրանք, թերթի տվյալներով, սկսվելու են արդեն առաջիկա օրերին: «Հենց խոսք է բացվում լարվածությունը մեղմելու մասին՝ կողմերից և ոչ մեկը պատրաստ չէ նահանջելու: Բարդ բանակցություններ են սպասվում, և առանց Ռուսաստանի հնարավոր չէ խնդիրը լուծել», - գրում է թերթը: «Իզվեստիա»-ն նաև որոշ մանրամասներ է հայտնում կարգավորման ռուսաստանյան ծրագրից, որի համաձայն՝ Ադրբեջանին պետք է վերադարձնել տարածքների մի մասը, խաղաղապահներ տեղակայել, վերադարձնել փախստականներին, օրինականացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, այսինքն, ինչպես թերթն է գրում, ապահովել սահմանների բացումը և տնտեսական կապերի վերականգնումը, և հետո, երբ կրքերը հանդարտվեն, Ղարաբաղի կարգավիճակի մասին հանրաքվե անցկացնել: Այս մանրամասները ռուսաստանյան թերթը հայտնում է՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին: Մոսկվայում հաճախ են խոսում այն մասին, որ պետք է Ռուսաստանը ակտիվորեն միջամտի, հակառակ դեպքում՝ նոր պատերազմը անխուսափելի է: Տրամաբանությունը հետևյալն է՝ եթե Մոսկվան խնդրով ակտիվ չի զբաղվում, խնդիրը չի կարգավորվում, ինչպես, օրինակ, Սիրիայի ճգնաժամի դեպքում էր: «Կազանում կողմերն իսկապես մոտ էին համաձայնագրի ստորագրմանը, սակայն վերջին պահին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց համաձայնեցված փաստաթուղթը ստորագրել և առաջ քաշեց 10 նոր կետեր: Կազանից հետո ակտիվ բանակցային գործընթացը, ըստ էության, դադարել էր, և այսօր ռուսական աղբյուրները գրում են, որ վերսկսվելու են Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան նոր բանակցություններ, ինչպես 2009-11թթ. էր, երբ Դմիտրի Մեդվեդևը, ով ժամանակավորապես փոխարինում էր Վլադիմիր Պուտինին Կրեմլում, շուրջ մեկ տասնյակ նման հանդիպում էր կազմակերպել»: Դե ինչ, ռուսական մամուլը ողջ ուժով անցել է ԼՂ խնդրի կարգավորման մանրամասներ հրապարակելուն` Լավրովի այցի նախօրեին: Սա ամենևին էլ չի նշանակում, որ բանակցություններն իսկապես սկսվելու են մոտ օրերս ու հենց այն տարբերակներով, որոնց մասին մանրամասներ հայտնվում են ռուսական մամուլի էջերում: Խնդիրն այն է, որ Մոսկվան կարող է այս ամենի մեջ ունենալ իր գլխավոր նպատակը`Լեռնային Ղարաբաղում միայն ռուսական խաղաղապահների տեղակայման գաղափարը: Այնպես որ` «սատանան մանրամասների մեջ է» ասվածը, իսկապես իրականություն է: Մանավանդ, եթե խոսքը գնում է Ռուսաստանի ակտիվ ջանքերի ու Ադրբեջանի սպասողական վիճակի մասին: Ինչ է եփվում ղարաբաղյան կաթսայում` պարզ կլինի մոտ ապագայում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am