Պայթյուն՝ Մեքսիկայի նավթագործարանում
Մեքսիկայի արևելյան Վերակրուս նահանգում գտնվող նավթաքիմիական համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ 105 մարդ վիրավորվել է՝ իր թվիթերյան միկրաբլոգում գրել է նահանգապետ Խավիեր Դուերտեն։ Տուժածների մի մասի վիճակը ծանր է, ոմանց մոտ ախտորոշվել են երրորդ աստիճանի այրվածքներ։ Պայթյունից հետո համալիրում առաջացած հրդեհը տեղայնացվել է։ Clorados 3 գործարանը պատկանում է Petroquímica Mexicana de Vinilo ընկերությանը, որը վերահսկվում է մեքսիկական պետական նավթագազային Pemex ընկերության և Mexichem-ի կողմից։ Ձեռնարկությունը գտնվում է Կոացակոալկոս նավահանգստի մոտ, որը Pemex-ի արտահանման խոշորագույն հանգույցներից մեկն է։
