Ադրբեջանից 122 վարձկան միացել է ԻԼԻՊ-ին
Ավելի քան 70 ազգության գրոհայիններ են միացել ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորմանը: Այդ մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ԻԼԻՊ-ից փախածը վարձկանների վերաբերյալ 11.000 անձնական ֆայլ է փոխանցել NBC հեռուստաալիքին, հայտնում է France 24-ը: Հեռուստաալիքը 4600 փաստաթուղթ է փոխանցել Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնին (Combating Terrorism Center), որը համապատասխան զեկույց է նախապատրաստել: Զեկույցի համաձայն, վարձկանների տարիքը տատանվում է 12-ից 70-ի արանքում, միջին տարիքը 26-27 տարեկանն է: Ամենից շատ վարձկաններ կան Սաուդյան Արաբիայից (579), Ռուսաստանից` 141: Ադրբեջանից ԻԼԻՊ-ին է միացել 122 վարձկան եւ Թուրքիայից` 243: Ցուցակում նաեւ եվրոպական երկրներ կան, 7 վարձկան եկել է Կանադայից: ԱՄՆ-ն ցուցակում չի հիշատակվում: Զեկույցում նշվում է, որ վարձկանների մոտ 30 տոկոսն ամուսնացած է, նրանցից շատերը կրթություն ունեն: 1371-ը հայտնել է, որ դպրոց է ավարտել, 1028-ը սովորել է համալսարանում:
