Մահապատժի ենթարկված ամերիկացի լրագրողի ընտանիքը դատի է տվել Սիրիայի կառավարությանը
ԴԱԻՇ-ի կողմից մահապատժի ենթարկված ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆի ընտանիքը դատի է տվել Սիրիայի կառավարությանը՝ հայտնում է ABC News-ը: Ապրիլի 18-ին Վաշինգտոնի դաշնային դատարան է ներկայացվել 90 մլն դոլար փոխհատուցման պահանջով հայց: Լրագրողի հարազատների կարծիքով՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությունն աջակցել է ԴԱԻՇ-ի գրոհայիններին: «Սիրիան պատասխանատու է, որովհետև խմբավորմանը տրամադրել է ֆինանսական, նյութական և ռազմական օգնություն»,- ասվում է փաստաթղթում: Նշվում է, որ այդ գործոնները նպաստել են Սոթլոֆի առևանգմանը և սպանությանը: 2014թ. սեպտեմբերի 2-ին համացանցում հայտնվել էր Սոթլոֆի մահապատժի տեսանյութը: Մի շարք պարբերականներում, այդ թվում՝ Time և Foreign Policy ամսագրերում աշխատող Սոթլոֆը Սիրիայում գերեվարվել էր 2013-ի օգոստոսին:
