Ստամբուլում այսօր մեկնարկում է Դինքի սպանության հարցով կցված գործերի առաջին նիստը
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունենալու «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության հարցով կցված (միացյալ) երկու գործերի առաջին նիստը, որը տևելու է 3 օր: Նիստը Ստամբուլի Արդարադատության պալատում անցկացնելու է Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանը: Վերջինս քննելու է Ստամբուլի հանրապետական դատախազության՝ ահաբեկչության ու կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բյուրոյի դատախազներից Գյոքալփ Քյոքչուի պատրաստած մեղադրականը, որը ստացել է «Դինքի սպանության հարցում պաշտոնատար անձանց անփութություն» անվանումը: 160 էջանոց այդ մեղադրականն առնչվում է 26 կասկածյալի: Դրանց թվում են ոստիկանության հետախուզական բաժնի նախկին պետեր Էնգին Դինչը, Ռամազան Աքյուրեքը, Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը, անվտանգության ծառայության աշխատակիցներ Մուհիթթին Զենիթը, Էրջան Դեմիրը, Օզքան Մումջուն և այլք: Ռամազան Աքյուրեքը մեղադրվում է «Ահաբեկչական զինված կազմակերպություն հիմնելու ու ղեկավարելու», «Մարդու սպանություն ծրագրելու», «Պետծառայողների փաստաթղթերը կեղծելու», «Պետական փաստաթղթեր ոչնչացնելու կամ թաքցնելու», «Պաշտոնեական դիրքը չարաշահելու» համար: Նրա համար պահանջվում է 27.5-56 տարվա ազատազրկում: Ալի Ֆուաթ Յըլմազերը մեղադրվում է «Ահաբեկչական զինված կազմակերպություն հիմնելու ու ղեկավարելու», «Սպանություն ծրագրելու», «Պետական փաստաթղթեր ոչնչացնելու կամ թաքցնելու», «Պաշտոնեական դիրքը չարաշահելու» համար: Նրա համար պահանջվում է 20-35 տարվա ազատազրկում: Էնգին Դինչը մեղադրվում է «Կանխամտածված սպանությունը կանխելու հարցում անփութություն ցուցաբերելու», «Պաշտոնեական դիրքը չարաշահելու» համար: Նրան սպառնում է 20-26 տարվա ազատազրկում: Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ռեշաթ Ալթային սպառնում է 22-31 տարվա ազատազրկում, Ստամբուլի ոստիկանության հետախուզության բաժնի նախկին պետ Ահմեթ Իլհան Գյուլերին՝ 20-26 տարվա ազատազրկում: Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի ոստիկանապետ Ջելալեթթին Ջերահի ու այդ ժամանակ ոստիկանության հետախուզության բաժնի պետ Սաբրի Ուզունունի համար պահանջվում է 3 ամսից մինչև 1 տարվա ազատազրկում:
