«Ես չեմ հավատում, որ գործարարները կմերժեին վարչապետի տիկնոջը կամ չեն ցանկացել օգնել զինվորին». Վիրավոր զինհաշմանդամ Հայկ Սեխլիյան

Վարչապետի տիկնոջ կողմից երեկ՝ մեր հրապարակման հաջորդը օրը, ԶԼՄ-ները, այդ թվում` 168.am-ը, ստացել են հերքման տեքստ, որում փորձ էր արվում «հերքել» մեր տեղեկատվությունն այն մասին, որ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանը մերժել է օգնել Ապրիլյան պատերազմի վիրավոր զինհաշմանդամին:

Ի դեպ, այս օրերին Աննա Հակոբյանը խոսնակի, իրեն սպասարկող անձնակազմի և թիկնազորի հետ գտնվում էր Բեյրութում, ուր նա մասնակիորեն մասնակցում էր Անթիլիասում անցկացվող հայ մամուլի խնդիրներին նվիրված համաժողովին:
Ինչպես և ակնկալվում էր, երեկ Աննա Հակոբյանի գրասենյակից արձագանքել են մեր հրապարակմանը, որում նշվում էր սերժանտ Հայկ Սեխլիյանի մոտ սրված առողջական խնդրի, հրատապ արտերկիր մեկնելու և այն մասին, թե ինչպես են արձագանքել Հայկի խնդրին: Վարչապետը՝ զինհաշմանդամի հետ 2 անգամ դեմ առ դեմ հանդիպումների ժամանակ, և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով նաև վարչապետի ներկայությամբ էր Հայկի ձեռքից վերցրել դիմումը, խոստացել էին հետևողական լինել և օգնել:
Մեր հրապարակման մեջ նաև տեղեկացրել էինք, որ, եթե այս երկու պաշտոնյաների դեպքում մինչ օրս ձգձգված պատասխանը դեռևս տեղ չի հասել, ապա Աննա Հակոբյանի դեպքում զինվորի մերժումը ստացվել էր միանգամից:

Այս մասին 168. am-ին պատմել էր ինքը` Հայկը՝ տեսանյութում:

 

Նա մասնավորապես նշել էր. «Մեծ ակնկալիքներով Աննա Հակոբյանի հիմնադրամին դիմեցի մեկ շաբաթ առաջ, ու պատասխանը եղավ այսպես` մեր ծրագիրն այն չէ, որ մենք զինվորին օգնենք, որ նա գնա դրսում բուժվի: Իրենք ասացին, որ մենք հիմա` ներկա պահին, «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին ենք ֆինանսավորում: Մեր նպատակների մեջ չկա, որ մենք ֆինանսավորենք անհատ զինվորի, որ գնա արտերկրում կամ հենց Հայաստանում ինքն իր բուժումը շարունակի»: (Տեսանյութում` 6.47 րոպեից):

Փաստորեն, «Իմ քայլը» հիմնադրամը, որն ավելի ճկուն գործեց Երևանում վերջերս կայացած Շառլ Ազնավուրին նվիրված համերգը չտապալելու դեպքում, հովանավորեց այդ համերգի կազմակերպիչներին, միայն թե վերջին պահին որոշված, վարչապետի հովանու ներքո արվող համերգը չտապալվի, այս դեպքում մերժել էր օգնել Ապրիլյան պատերազմի զինհաշմանդամին, ում կյանքը փրկելու համար ճիշտ այնքան գումար էր հարկավոր, որքան տրամադրվել էր 2019-ի մայիսի 24-ին՝ այդ համերգի պարտքերը փակելու նպատակով:

Հիշեցնենք` խոսքն այն համերգի մասին է, որի կազմակերպիչները և հենց համերգը շատ կոշտ քննադատության ենթարկվեցին համացանցում և՛ հայաստանցիների, և՛ ֆրանսահայերի կողմից, ինչի կապակցությամբ հանդես եկավ նաև «Ազնավուր» հիմնադրամը` կոչ անելով այն չկապել մեծ շանսոնյեի անունը կրող հիմնադրամի անվան հետ:

Այնինչ վարչապետի տիկնոջ գրասենյակից փորձ էր կատարվում հերքել Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամի կողմից սերժանտին մերժելու մասին տեղեկատվությունը: Իրենց պատասխանում ուղիղ ասվում էր, թե ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը չի մերժել աջակցել Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանին: Մյուս ոչ պակաս ուշագրավ հայտարարությունը, որ երեկ արվել էր վարչապետի տիկնոջ անունից, այն էր, որ «բուժման հետ կապված գումարի հայթայթումն ընթացքի մեջ է»:

Ըստ այդմ` ստացվում է՝ չեն մերժել, ավելին, հունիսի 14-ից Հայկին արտերկիր բուժման ուղարկելու համար «Իմ քայլը» հիմնադրամը գումար է հայթայթում, և այդ մասին չգիտի վարչապետի աշխատակազմը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով նախօրեին անձամբ էր արձագանքել ֆեյսբուքյան օգտատերերի` իրեն թեգ արած գրառումներին, և հրապարակային հանձնարարականներ տվել խորհրդականին՝ խնդրին ծանոթանալ՝ իրեն զեկուցելու համար:

Այլ հարց է, թե այդ ինչո՞ւ նախարար Թորոսյանը որոշեց հրապարակային դաշտում անտեղյակ ձևանալ, համոզել մարդկանց, այդ թվում՝ Հայկին, որ հենց իր ձեռքով վերցրած դիմումը մինչ այդ չէր կարդացել, հետևաբար՝ չէր կատարել վարչապետի հանձնարարականը, որ հնչել էր Զինվորի տանը՝ Ապրիլյան պատերազմի զինհաշմանդամների հետ հանդիպման ժամանակ:

Ստացվում է՝ նույն տրամաբանության մեջ են գործում նաև Աննա Հակոբյանի գրասենյակը և նրա ղեկավարած հիմնադրամը, երբ հերքում են սերժանտի խոսքը և փորձ անում ստեղծել տպավորություն առ այն, որ իրենց գործառույթների մեջ չմտնող՝ զինվորին անհատապես օգնելու ջանքերը թափում է հիմնադրամը, մինչդեռ «բարի» մարդիկ չցանկացան փրկել Հայկին:

Այո, չցանկացան օգնել զինվորին. սա է ակնարկում վարչապետի տիկնոջ անունից հրապարակված պատասխան-տեքստը, որտեղ հստակ գրված է հետևյալ միտքը:

«Հայկ Սեխլիյանին ասվել է, որ նրա հարցով կզբաղվենք և իր հետ կապ կհաստատենք, երբ գտնենք բարերարների կամ կազմակերպությունների, որոնք կօգնեն ապահովել այդ թանկարժեք վիրահատությունը։ Արդեն իսկ կապ ենք հաստատել մի շարք կազմակերպությունների, բժշկական կենտրոնների հետ, ներկայացրել ենք Սեխլիյանի առողջական վիճակն ու փորձել ենք գտնել աջակցության որևէ տարբերակ։
Ներկայում էլ շարունակում ենք ջանքերը Հայկ Սեխլիյանին օգնելու համար»:

Ստացվում է՝ Հայկի կողմից հիմնադրամ դիմելուց հետո՝ հունիսի 14-ից, անցել է ոչ քիչ ժամանակ, վարչապետի տիկինն այս ընթացքում մի շարք անձանց է դիմել, ընկերությունների, սակայն մինչ այս պահը զինվորի կյանքը փրկելու համար անհրաժեշտ 22 մլն դրամը չի հավաքագրվել, այլ կերպ ասած՝ գործարարները հանդգնել են մերժել վարչապետի տիկնոջը կամ էլ չեն ցանկացել փրկել Ապրիլյան պատերազմի վիրավոր զինվորի կյանքը: Հակառակ դեպքում հերքման փորձ հիշեցնող, լղոզված այդ տեքստում անպայմանորեն կնշվեր մինչ այս պահը հավաքագրված գումարի չափը, որպեսզի իրենց ասելիքն ավելի համոզիչ լիներ:

Հայկ Սեխլիյանը չի հավատում հիմնադրամի այս պնդումներին, թե հայթայթումներ են սկսել. զինվորի կյանքը փրկելու համար այսքան ժամանակ չեն գտնվել գոնե մի քանի գործարարներ, ովքեր պատրաստ կլինեին նվիրաբերել անհրաժեշտ 35 հազար եվրոն:
Իսկ եթե, այդուհանդերձ, Աննա Հակոբյանի գրասենյակից դիմել են գումար հավաքագրելու համար, ապա առնվազն 35 հազարի կեսը մինչ այս պահը հավաքած կլինեին:
«Ես չեմ հավատում, որ գործարարները կմերժեին վարչապետի տիկնոջը կամ չեն ցանկացել օգնել զինվորին»,- վարչապետի տիկնոջ անունից արված հայտարարությանն արձագանքում է Հայկ Սեխլիյանը և նորից հավաստիացնում, որ իրեն մերժել են Աննա Հակոբյանի հիմնադրամում՝ բացատրելով, որ իրենք մասնավոր դեպքերի համար առողջական խնդիրների նպատակով օգնության միջոցներ չեն հատկացնում:

Նշենք, որ այս ձևակերպումը կար նաև հիմնադրամի կողմից երեկ ԶԼՄ-ներով տարածված տեքստում:

Մեր հրապարակման առանցքային թեմային (Աննա Հակոբյանը մերժել է օգնել ապրիլյանի վիրավոր զինվորին) անդրադառնալուց զատ՝ պատասխան-տեքստն իր մեջ պարունակում էր նաև մի, մեղմ ասած, անհասկանալի պարզաբանում:

Խոսքը Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգի համար արագ որոշում ընդունելով՝ 18 մլն դրամ դուրս գրելու մասին է: Մեր հրապարակման մեջ համեմատություններ էինք անցկացրել այս երկու՝ համերգը տապալումից փրկելու և սերժանտ Հայկ Սեխլիյանի կյանքը փրկելու դեպքերի միջև՝ ընդգծելով, որ համերգի դեպքում վարչապետի տիկինը հիմնադրամից 18 մլն դրամ դուրս գրելու շատ արագ որոշում էր ընդունել, մինչդեռ զինվորի կյանքը փրկելու համար նախընտրել էր հարգել հիմնադրամի կանոնադրական նպատակները և չշեղվել ուղուց: Ի դեպ, համերգի անպատասխանատու կազմակերպիչների պարտքը փակվել էր այն պատճառով նաև, որ այն կազմակերպվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:

Եվ դեռ հարց է, թե որքանով էր ինքնուրույն գործել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ առանց հոգաբարձուների խորհրդի համաձայնությունն այդ միջոցին ստանալու, երբ մեկ-երկու ժամում փող դուրս գրելու որոշում ընդունեց:

Մինչ Աննա Հակոբյանի խոսնակը պնդում է, թե նախ՝ 18 մլն դրամի փոխարեն՝ 8 ու կես միլիոն է եղել համերգի համար դուրս գրված գումարը, իսկ հիմքը նվիրատուի ցանկությունն է եղել, սակայն չեն նշել, թե ինչու է նվիրատուն միջնորդավորված համերգը հովանավորել, և առհասարակ ինչ հիմքով, կանոնադրական նպատակներից ելնելո՞վ է արդյոք այդքան արագ փոխանցվել 8.5 մլն դրամը, հակառակ Սեխլիյանի դեպքի:

Աննա Հակոբյանի մամլո խոսնակը պարզաբանում գրելիս լավ կանի կրկին վերանայի Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգի առթիվ կազմակերպված մամլո ասուլիսը, որի ընթացքում համերգի կազմակերպիչ, պայմանագրի կողմ հանդիսացող տիկինն ինքն է ասում, որ համերգը տառացիորեն փրկվել է շատ հրատապ կերպով:

 

«Իմ կարծիքով՝ խնդիրը եղել է ֆինանսական, քանի որ և Ֆիլհարմոնիկի գումարները վճարված չէին, և Համալիրի գումարը վճարված չէր, և մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հանգեցնում էին նրան, որ համերգը տեղի չունենար: Մի մասը՝ մոտավորապես 60 տոկոս վճարել էին, բայց մնացածը վճարված չէր: Այդ հարցը երեկ քննարկվեց, ու հարցը լուծվեց»,- ասել էր նա:

Իր հերթին՝ այն ժամանակվա մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազելի Ղարիբյանն էլ իր խոսքում հաստատել էր, որ գումարատուների թվում նաև «Իմ քայլը» հիմնադրամն է եղել:

Եվ վերջում… Հիմնադրամի կողմից համերգը փրկելու համար տված գումարի թվի մեջ մենք ևս չէինք սխալվել, քանի որ կազմակերպչի շուրթերից, ի պատասխան 168.am-ի` որպես օգնություն տրամադրված գումարի չափը նշելու հարցին, հնչել է 50 000 եվրո թիվը: Տեսանյութում` 29.06 րոպեից:

Տեսանյութն`այստեղ

Ի դեպ, այդպես էլ այդ ասուլիսից պարզ չդարձավ, թե արդյո՞ք Սփյուռքում և Հայաստանում բոլորովին այլ նպատակների համար հավաքագրված այդ գումարը, ի վերջո, համերգից հետո վերադարձվելու էր հիմնադրամին, թե՞ ոչ, ինչի շուրջ տհաճ տարաձայնություն եղավ հիշյալ ասուլիսի ընթացքում (ի պատասխան լրագրողների հարցին` արդյո՞ք տրված գումարը տոմսերի վաճառքից հետո վերադարձվելու է «Իմ քայլը» հիմնադրամին, կազմակերպիչ տիկինը կտրուկ ասաց, որ չի վերադարձվելու, մինչդեռ Նազելի Ղարիբյանը՝ ձեռքով «բզելով» սույն տիկնոջը, հուշեց, որ վերջինս ասի` այո, սակայն նա այդպես էլ չընկրկեց` ոչ, չի վերադարձվելու):

 

դիտվել է 499 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am