Իսկ ռուսներն Ալիևի համար են աշխատում

Վրաստանում շարունակվում են իրադարձությունները արագ զարգանալ: Արդեն յոթերորդ օրը չեն մարում բողոքի ցույցերը: Հակակառավարական ակցիաների մասնակիցները իշխանություններին մի շարք պահանջներ են ներկայացրել՝ հայտարարելով, որ Ռուսթավելի փողոցից կհեռանան միայն դրանք իրականացվելու դեպքում: Այդ պահանջներից մի քանիսը Վրաստանի իշխանությունները արդեն կատարել են՝ հրաժարական է տվել խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, իշխող ուժը Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու նախաձեռնություն է սկսել՝ խոստանալով մեծամասնական ընտրակարգը փոխարինել համամասնականով:

Այսօր ազատ է արձակվել վերջին օրերին բողոքի ցույցերի ձերբակալված մասնակիցների մեծ մասը: Մինչդեռ, ինչպես ցուցարարներն են պնդում, գլխավոր պահանջը մնում է անկատար. Վրաստանի ստվերային առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի մերձավոր դաշնակից Գիորգի Գախարիան՝ Ներքին գործերի նախարարը, շարունակում է պաշտոնավարել:

Փոխադարձ մեղադրանքներ ու քաշքշուկի պայմաններում երեկ Վրաստանի խորհրդարանը նոր խոսնակ ընտրեց: 94 կողմ, 1 դեմ քվեների հարաբերակցությամբ Վրաստանի խորհրդարանի նախագահ ընտրվեց Արչիլ Թալաքվաձեն: Նա այս պաշտոնում փոխարինում է Թբիլիսիում ծավալված բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական ներկայացրած Իրակլի Կոբախիձեին:

Վրաստանի իններորդ գումարման խորհրդարանում Թալաքվաձեն զբաղեցնում էր իշխող «Վրացական երազանք» խմբակցության ղեկավարի պաշտոնը: «Ես խոստանում եմ մեր հանրությանը, որ խորհրդարանում այսուհետ խաղաղ և կառուցողական մթնոլորտ է տիրելու և մենք կայացնելու ենք բացառապես այն որոշումները, որոնք բխում են մեր ազգային շահերից», - ըստ «Ազատության»՝ նշեց Թալաքվաձեն քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո: Վրաստանի խորհրդարանի նորընտիր նախագահը օրենսդիր մարմնում խաղաղ մթնոլորտ հաստատելու մասին պատահական չէ որ հիշել էր: Խոսնակի պաշտոնում նրա ընտրությանը բավական բուռն իրադարձություններ նախորդեցին:

Ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունների անդամները ողջ նիստի ընթացքում պահանջում էին հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած բախումների վերաբերյալ առանձին քննարկում անցկացնել: Ընդդիմադիր պատգամավորները պնդում էին, որ ոստիկանությունը ոչ համարժեք է գործել և ցուցարարների դեմ անհամաչափ ուժ է կիրառել:

Իրավիճակը խորհրդարանի դահլիճում սրվեց այն բանից հետո, երբ իշխող «Վրացական երազանքի» անդամ Մամուկա Մդինարաձեն հայտարարեց, թե Ռուսթավելիի պողոտայում ծավալված իրադարձությունների գլխավոր մեղավորը վրացական ընդդիմությունն է: Դրան հետևած լեզվակռիվն ու քաշքշուկը շարունակվեցին մոտ 10 րոպե, որից հետո ընդդիմադիր խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը:

Այնուհետև խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի ամենաակտիվ մասնակիցներից մեկի` «Ազգային միացյալ շարժման» ղեկավար Նիկա Մելիայի դեմ քրեական գործ հարուցվեց: Վրաստանի գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչը նշում էր, որ Մելիան մեղադրվում է հունիսի 20-ի երեկոյան Ռուսթավելիի պողոտայում զանգվածային անկարգություններ հրահրելու համար: Քննիչների պնդմամբ ցուցարարների և իրավապահների միջև բախումները ծագեցին այն բանից հետո, երբ Նիկա Մելիան փորձեց ճեղքել ոստիկանական շղթան և մուտք գործել խորհրդարանի շենք:

Խորհրդարանում ժամեր տևած թեժ քննարկումների արդյունքում պատգամավորները ի վերջո բավարարեցին գլխավոր դատախազության միջնորդությունը՝ ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիային զրկելով պատգամավորական անձեռնմխելիությունից: Որոշումը ընդունվեց խորհրդարանում մեծամասնություն ունեցող «Վրացական երազանքի» պատգամավորների կողմ քվեների արդյունքում, ինչին հաջորդեց խորհրդարանական փոքրամասնության կոշտ քննադատությունը։ Անգամ տեսախցիկների առկայության պայմաններում իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները չեն խորշել սուր լեզվակռվից, փոխադարձ վիրավորական մեղադրանքներից:

Նիկա Մելիան, ով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից է, մեղադրվում է Թբիլիսիում անցյալ հինգշաբթի օրը սկիզբ առած բողոքի ակցիաների ժամանակ բռնություններ և անկարգություններ հրահրելու ու առաջնորդելու մեջ: Գլխավոր դատախազությունը ընդդիմադիր պատգամավորին ձերբակալելու միջնորդություն է ներկայացրել: Ինքը՝ ընդդիմադիր պատգամավորը կտրականապես հերքում է իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ նրա կուսակիցները դատախազությունից ապացույցներ են պահանջում՝ պնդելով, թե Մելիայի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Ռուս-վրացական լարված հարաբերությունների ֆոնին՝ Հայաստանը փորձում է տարանցիկ օդային փոխադրումների կենտրոն դառնալ Ռուսաստանի և Վրաստանի միջև: Քաղավիացիայի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ Ստեփան Փայասլյանի խոսքով՝ ավիաընկերությունների միջև արդեն իսկ սկսվել են քննարկումներ, թե ինչ տարբերակներով է հնարավոր Հայաստանով Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցություն իրականացնել։

«Տարբերակներ կան, որ Վրաստանից ավտոբուսներով բերեն դեպի Երևան ուղևորներին և հակառակը, այնուհետև թռիչքներ իրականացնել Երևանից կամ Գյումրուց։ Տարբերակներ են քննարկվում նաև, որ մենք ունենք Georgian Airway, որը թռնում է Թբիլիսի-Երևան ուղղությամբ շաբաթական 7 հաճախականությամբ, կրկնապատկել այդ չվերթների հաճախականությունը և, հետևաբար, դառնալ տրանզիտ տարբերակով, այսինքն՝ Թբիլիսի-Երևան, այնուհետև ռուսական ավիաընկերություններով դեպի Ռուսաստանի այլ քաղաքներ», - ըստ «Ազատության» նշել է Փայասլյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արգելանքով Ռուսաստանից դեպի Վրաստան չվերթները կդադարեցվեն։ Պուտինը նման արգելք էր դրել Թբիլիսիում կազմակերպված հակառուսական ցույցերից անմիջապես հետո։

Վրաստանի մայրաքաղաքում դժգոհության ալիք էր բարձրացել, երբ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ հակավրացական հայացքներով հայտնի ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին։

Հայաստանում այժմ քննարկվում է նաև երկաթուղու տարբերակը. թռիչքներ Ռուսաստանից դեպի Գյումրի, Հարավկովկասյան երկաթուղով էլ Գյումրիից Թբիլիսի ուղևորափոխադրումներ։ Հայաստանի վարչապետի ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանի տեղեկացմամբ՝ դեպի Ռուսաստան թռիչքներ իրականացնող վրացական ավիաընկերություններն արդեն պատրաստվում են Հայաստանով չվերթներն իրականացնել։ «Գլխավոր փոխադրողն էնտեղ Georgian Airway-ն է` Airzena-ն։ Airzena-ն հանդիսանում է հայկական «Արմենիա» ավիաընկերության գործընկերը և քույր ձեռնարկությունը։ Նրա բոլոր չվերթները կկատարավեն կամ Գյումրիով կամ Երևանի Զվարթնոց օդանավակայանով», - ասաց Ճաղարյանը։

Հայաստանում գործող «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան» ընկերությունները վարչապետի խորհրդականի հետ քննարկման ժամանակ պատրաստակամություն են հայտնել Թբիլիսիի և Մոսկվայի միջև օդային հաղորդակցություն կազմակերպելու համար։ Արդյո՞ք արդեն չվացուցակները հաստատվել են, 3 ընկերություններից դեռ հստակ պատասխան չի տրվում։ Սակայն «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանն ավելի վաղ Ֆեյսբուքում գրել էր, որ «Արմենիան» ծրագրում է հուլիսի 9-ից օրական 2 չվերթ Երևան-Մոսկվա-Երևան, Մոսկվա-Երևան-Թբիլիսի-Երևան-Մոսկվա ուղղություններով։ Վարչապետի խորհրդականը մտավախություն ունի՝ ռուսական հիմնական ավիափոխադրողները հնարավոր է Ադրբեջանի միջոցով թռիչքներ իրականացնեն դեպի Թբիլիսի։ «Հիմնական ռուսական ավիափոխադրողները ունեն գործընկերական և ինտերլայն պայմանագրեր «Ազալ»-ի հետ, և կարծում եմ, որ ադրբեջանական կողմը կօգտագործի այդ հնարավորությունները այդ ընկերությունների թռիչքները համակցելու հնարավոր է Գանձակի օդանավակայանում», - «Ազատությանն» ընդգծել է Ճաղարյանը։

Ռուսական պետական «Վեստի 24» հեռուստաալիքով մեկնաբանը նշել էր, թե օդային փոխադրումները Մոսկվայից Թբիլիսի Բաքվի միջոցով կրկնակի էժան կարժենան, քան Երևանով։ Դե ինչ, սպասենք Փաշինյանի կառավարությունից ճկունություն: Արդյոք Հայաստանը կկարողանա՞ այս հարցում շահեկան քայլերի դիմել...

Թամար Բագրատունի

դիտվել է 2835 անգամ
Լրահոս
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am