Հայաստանի սահմանին կարող էր ռազմական բախում սկսել

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ ԱՄՆ-ը հաստատեցին, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» առավոտյան խոցել է Պարսից ծոցի շրջանում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումներից մեկի կազմում գործող անօդաչու թռչող սարքը: Թեհրանն ու Վաշինգտոնը, սակայն, տրամագծորեն հակառակ տեղեկություններ էին հաղորդում ամերիկյան արտադրության MQ 4C-Triton մակնիշի անօդաչու սարքի խոցման վայրի վերաբերյալ: Իրանի իշխանությունները պնդում էին, որ դա տեղի է ունեցել երկրի հարավային Հորմոզգան նահանգում:

«Իրանի օդային տարածքում այսօր որևէ ամերիկյան օդանավ որևէ առաջադրանք չի կատարել», - նշել էր ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ, ռազմածովային ուժերի կապիտան Բիլ Ուրբանը: Ամերիկյան կողմի տեղեկություններով իրանական ուժերը անօդաչու թռչող սարքը խոցել են Իսլամական Հանրապետության սահմաններից դուրս` Հորմուզի նեղուցին հարող միջազգային օդային տարածքում:

Միջադեպից մի քանի ժամ անց Թեհրանը դիմեց ամերիկացիներին` Իրանի սահմանների հարևանությամբ ռազմական ակտիվությունից զերծ մնալու կոչով: «Ամերիկյան անօդաչու սարքի խոցումը հստակ և հասցեական ուղերձ է Ամերիկային, որի բովանդակությունը հետևյալն է. Իրանի Իսլամական Հանրապետության սահմանների պաշտպանները մեր տարածք ներխուժելու ցանկացած փորձին վճռականորեն ենք արձագանքելու: Մեր սահմանը այն կարմիր գիծն է, որը հատել չի կարելի: Սահմանախախտ թշնամիները կոչնչացվեն և երբեք չեն վերադառնա: Մեր թշնամիները իրենց անվտանգությունը երաշխավորելու միայն մեկ տարբերակ ունեն` հարգել հզոր իրանական պետության տարածքային ամբողջականությունը, ազգային շահերը և ազգային անվտանգությունը», -Թեհրանում նշեց «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին:

Իրանական կողմը նաև պնդում էր, որ անօդաչու թռչող սարքը օդ էր բարձրացել Պարսից ծոցի հարավային ափին գտնվող ամերիկյան ռազմաբազաներից մեկից: «Խախտելով ավիացիոն ոլորտի միջազգայնորեն ընդունված բոլոր կանոնները՝ անօդաչու թռչող սարքն անջատել էր տեղորոշման սարքավորումները և գործում էր կատարյալ գաղտնիության պայմաններում», - նշված է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» տարածած հայտարարության մեջ:

Այնուհետև ստացվեցին էլ ավելու ուշագրավ տեղեկություններ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, պարզվում է, վերջին պահին չեղարկեց Իրանի դեմ հարվածները, չնայած ավելի վաղ հավանություն էր տվել ռազմական գործողությանը: Այդ մասին հայտնեց The New York Times-ը՝ վկայակոչելով Թրամփի վարչակազմի աղբյուրները: Ըստ հրապարակման, ռմբակոծիչներն արդեն գտնվել են օդում, ռազմանավերը դիրքավորվել են հարվածներ հասցնելու համար, սակայն վերջին պահին գործողությունը դադարեցնելու հրաման է ստացվել: Իրանի մի շարք թիրախներ, այդ թվում՝ հրթիռային համակարգերի կայանները պետք է հարվածների տակ ընկնեին հունիսի 21-ին առավոտյան: Պենտագոնի աղբյուրները Associated Press գործակալությանը հաստատել են, որ ԱՄՆ-ն պատրաստվել է հարվածել Իրանին, բայց գրոհից քիչ առաջ ռազմական գործողությունը դադարեցվել է: Դա պետք է լիներ ամերիկյան անօդաչու թռչող սարքը Իրանի կողմից խոցելու պատասխանը: Վաշինգտոնը պնդում է, որ Հորմուզի նեղուցի վրա հետախուզական դրոնը խոցվել է օդային չեզոք գոտում:

«Ռոյթերզն» իր հերթին հաղորդել էր, որ երեկ Վաշինգտոնը օմանցի պաշտոնյաների միջոցով նախազգուշացում է ուղարկել Իրանին անխուսափելի հարձակման մասին: «Իր ուղերձում նախագահ Թրամփն ասել էր, որ դեմ է Իրանի հետ պատերազմին և ուզում է քննարկել տարաձայնությունները: Նա պատասխանի համար մեզ կարճ ժամանակ էր տվել», - գործակալությանը փոխանցել է Իրանի բարձրաստիճան մի պաշտոնյա՝ անանուն մնալու պայմանով:

Մեկ այլ աղբյուր էլ ասել էր, որ Իրանի ներկայացուցիչները խոստացել են բանակցությունների առաջարկը փոխանցել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, օմանցի պաշտոնյաներին միաժամանակ զգուշացնելով, որ Ամերիկայի հնարավոր հարձակումը անդառնալի հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի վրա: AP-ը ևս որոշ մանրամասներ էր հաղորդել ամերիկյան էլիտայում տեղի ունեցած քննարկումներից, ըստ գործակալության, նախագահ Թրամփը ռազմական հարձակումից ետ էր կանգնել կոնգրեսականների և պաշտպանական ոլորտի խորհրդականների հետ ժամեր շարունակված քննարկումներից հետո: Ըստ այս աղբյուրի, Պենտագոնը, ի տարբերություն օրենսդիրների, կողմ է եղել ռազմական գործողության տարբերակին: 

«Պետքարտուղար Մայք Փոմփեոն և Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ևս վճռական պատասխան տալու կողմնակից էին, սակայն Կոնգրեսի առաջնորդները հորդորում էին զգուշավորութուն պահպանել», - փոխանցել են AP-ի աղբյուրները:

Ավելի ուշ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում հաստատեց՝ պատրաստ է եղել հարվածել Իրանին՝ ամերիկյան անօդաչու սարքը կործանելու համար, սակայն վերջին պահին հրաժարվել է այդ մտքից. «Հնարավոր կորուստները համարժեք չէին: Անցած գիշեր մենք կազմ ու պատրաստ էինք վրեժխնդիր լինել և հարված հասցնել երեք տարբեր օբյեկտների, սակայն, երբ հարցրեցի՝ քանի՞սը կզոհվեն, գեներալն ասաց՝ 150 մարդ: Հարվածներից տասը րոպե առաջ ես դադարեցրի գործողությունը»:

Ինչևէ, երկու երկրների՝ առանց այդ էլ լարված հարաբերությունները սկսել են սրվել անցած տարվանից, երբ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ 2015-ին Իրանի և վեց գերտերությունների միջև ստորագրված միջուկային համաձայնագրից՝ վերականգնելով տնտեսական պատժամիջոցներն այդ երկրի նկատմամբ: Ի պատասխան Իրանը շաբաթասկզբին հայտարարեց, թե հրաժարվում է համաձայնագրով ստանձնած պարտավորություններից և վերականգնում է ուրանի հարստացումը:

Մինչ այդ, սակայն Թվիթերում իրար հաջորդող գրառումներով Սպիտակ տան ղեկավարը վերստին պնդում է՝ Իրանը չպետք է երբեք միջուկային զենք ունենա, ոչ Միացյալ Նահանգների, ոչ էլ աշխարհի դեմ. «Ես չեմ շտապում, պատժամիջոցներն իրենց գործն անում են»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4010 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am