Թուրքիայում ռուս գործակալներ են ձերբակալվել
Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է ռուսաստանցի երկու գործակալների: հաղորդում է թուրքական «Միլլիյեթ» թերթի կայքը՝ հղում անելով թուրքական հետախուզական ծառայության աղբյուրներին: Թուրքական հատուկ ծառայությունները հրապարակել են նաև ձերբակալվածների անունները՝ Յուրի Անիսիմով և Ալեքսանդր Սմիրնով։ Պարբերականի պնդմամբ՝ ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները կապ ունեն Ստամբուլում 2015 թվականի նոյեմբերի 1-ին չեչեն դաշտային հրամանատար Վահիթ Էդելգիրովի սպանության հետ։ Ձերբակալվածները հրաժարվել են ցուցմունք տալուց։ Նրանց մոտից առգրավվել են եվրոպական մի քաղաքի որոշ հյուրանոցների ու ռազմավարական օբյեկտների բազմաթիվ լուսանկարներ։ Քաղաքի անունը չի նշվում։
