3,5 տարեկան երեխային բռնության ենթարկած դաստիարակի փոխարեն՝ դայակն է ազատվել աշխատանքից

Ավարտվել է Երևանի Թիվ 94 մանկապարտեզում երեխայի բռնության դեպքի առնչությամբ հետաքննությունը, սակայն Ոստիկանությունը դաստիարակի նկատմամբ գործ չի հարուցել:

Նյութերն ուղարկվել են Դատախազություն, որտեղ ուսումնասիրվում է ոստիկանության եզրակացությունը: Վաղը պարզ կդառնա՝ բռնի մեթոդներով մանկահասակների դաստիարակությամբ զբաղվող մասնագետը կպատժվի՞ օրենքի ուժով, թե՞ այսքանից հետո շարունակելու է աշխատել Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 94 մանկապարտեզում:

Ոստիկանության հիմնավորումն այն է, թե ուսումնասիրած նյութերը բավարար հիմքեր չէին պարունակում՝ դաստիարակի գործողություններում հանցակազմ տեսնելու համար:

Մինչդեռ 168 ժամին  երեխայի մոր կողմից խմբագրություն ներկայացված նյութերում առկա էին տարբեր օրերին բռնության ենթարկված մարմնի հետքերի լուսանկարները (մոր հեռախոսում էլ ժամկետներ են նշվում), վերջին դեպքին ականատես եղած ծնողներից մեկի թողած գրառումը՝ խմբի մայրերի ֆեյսբուքյան ընդհանուր չաթում, դրան հաջորդող մյուս ծնողների երկխոսությունը, որը ոչ պակաս հետաքրքիր նյութ էր իր մեջ պարունակում, և հեռախոսով նկարած տեսանյութը, երբ պարտեզից տուն եկած բալիկն իր հետ կատարվածը պատմել է տատիկին:

Հիշեցնենք, որ առաջին անգամ, ծեծի ենթարկվելու մասին, նոր-նոր լեզուն բացված երեխան ինքն է մի կերպ մորը հասկացրել՝ հազիվ մի քանի բառ արտաբերելով ու ձեռքի նշաններով ցույց է տվել, թե ինչպես է դաստիարակը պատժել իրեն։ Իսկ օրեր անց, երբ 28-ամյա դաստիարակը կրկին նույն երեխայի վրա ձեռք էր բարձրացրել, երեխայի մարմնի վրա մատնահետքեր էին մնացել: Մեկ ամսվա մեջ արդեն երրորդ անգամ դաստիարակի բռնության դեպքին ականատես էր եղել այդ պահին մանկապարտեզում գտնվող երեխաներից մեկի ծնողը: Բռնության ենթարկված երեխայի մոր խոսքով՝ առաջին դեպքից հետո փորձել էր առանձնազրույց ունենալ և պարզաբանում ստանալ դաստիարակից: Բնականաբար, նա հերքել էր:


«Հերքեց նաև, որ ասեղով վախեցրել է իմ ու մնացած բոլոր բալիկներին, բայց այս մասին շատ երեխաներ էին տանը պատմել: Տղաս էլ պատմում է, թե ինչպես է մի քանի անգամ սպառնացել, որ՝ եթե գնաք ձեր մամաներին պատմեք, ասեղով ձեր թաթիկները կծակեմ: Ես հեռախոսով փորձել եմ նկարել, թե ոնց է երեխաս տատիկին պատմում, ձեռքով ցույց է տալիս, թե ոնց է դաստիարակը ծեծում իրեն, ոնց է հարվածում իր գլխին, թևը կճմթելով՝ հատակին շպրտում: Եվ ամեն անգամ երեխան տարբեր շարժումներով է բացատրում: Բայց էս ամենը դաստիարակը միայն հերքում է…»,- 168 ժամին  պատմել էր բռնության ենթարկված երեխայի մայրը:

Օրեր անց տղայի մարմնի վրա մայրը նորից կապտուկներ է նկատում, նորից մոտենում է, որ պարզաբանում պահանջի, դաստիարակն ամենաանտրամաբանական հիմնավորումներով փորձում է ապացուցել, որ երեխան շատ նուրբ մաշկ ունի, ու ամեն անգամ նրան հպվելուց՝ մարմնի տարբեր մասերում մատնահետքեր են մնում: Հաջորդ դեպքի ժամանակ իրավիճակը պայթում է՝ դաստիարակի կամքից անկախ: Նույն երեխայի նկատմամբ հերթական բռնության դեպքին ականատես է լինում ծնողներից մեկը, տագնապած շտապում է տուն ու մայրիկների համար հատուկ բացված Ֆեյսբուքի խմբում մանրամասն պատմում է աչքի տեսածը, հետո հորդորում նրանց, որ անհապաղ քայլեր ձեռնարկեն՝ «անդաստիարակ դաստիարակին» մանկապարտեզից դուրս անելու համար:

Ի դեպ, այն, ինչ տեղի է ունեցել հետաքննության օրերին և մեր հրապարակումից հետո, բավականին ուշագրավ տեղեկություններ են, որոնք, ուշադրության արժանանալու դեպքում, հնարավոր է՝ լույս սփռեին պատմության թաքնված կողմերի վրա:

Օրինակ, այն, որ տվյալ դաստիարակի հետ աշխատող դայակն անսպասելի ազատման դիմում է գրել, և սա՝ այն դեպքում, երբ կինը խիստ անապահով ընտանիքից էր, տան միակ աշխատող ձեռքն էր, ամուսին և երկու անչափահաս զավակ ունի: 35-ամյա դայակին խմբում բոլոր երեխաները սիրում են, ջերմ են վերաբերվում, այս մասին վկայում են մեզ հետ կապի դուրս եկած ծնողները:

168 ժամի հետ զրույցում դայակն իր ազատման պատճառները չի թաքցնում, ասում է՝ այդ մթնոլորտում այլևս աշխատել հնարավոր չէր: Իրեն ազատման դիմում չեն պարտադրել, ավելին, ներսում վստահ պնդել են, որ դաստիարակն էլ կվերադառնա արձակուրդից, միասին կշարունակեք աշխատել այնպես, ասես ոչինչ չի եղել:

Ինքն այդ մթնոլորտում իրեն չի տեսնում, հուզված պատմում է, որ իր գրած դիմումը նույնիսկ չի քննարկվել տնօրենի կաբինետում, ազատման հրամանը տվել են՝ առանց այլընտրանք առաջարկելու, թեկուզ մեկ այլ խմբի հետ աշխատանքը շարունակելու համար:

«Էս ազիզ օրով ես իմ հացին վայիս եղա, վերևն Աստված կա, կարևորը՝ իմ խիղճը հանգիստ ապրում եմ, թող մնացածն իրենց մասին մտածեն ու հետևություներ անեն»,- մեզ հետ հեռախոսազրույցում լացով պատմում է դայակը և ափսոսում, որ խմբի բոլոր 30 երեխաների հետ շատ է կապված, ու դժվար է եղել օրակարգ փոխել դեպքի պատճառով ու անտեղի այս ամենի «զոհը» դառնալ:

Բռնության դեպքերի օրերին աշխատած տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանը լուռ հեռացել է իր պաշտոնից՝ մինչ այդ քողարկելով դեպքերը վերադասից, իսկ բողոքի ալիք բարձրացրած ծնողներից ժողովի ընթացքում ժամանակ է խնդրել՝ անուղղակիորեն նպաստելով, որ այդ ընթացքում բռնության հետքերն անհետանան երեխայի մարմնի վրայից: Սա արել է իր ղեկավարած հիմնարկի հեղինակությունը փրկելո՞ւ, դաստիարակի՞ մասնավոր շահից ելնելով, դժվար է հասկանալ, փաստացի երեխային փորձաքննության ուղարկելու համար ոստիկանությունն ուշացած է որոշում կայացրել: Մոր և փաստաբանի խոսքով, արդեն իմաստը չկար:

Մի կարևոր հանգամանք ևս, ոստիկանություն դիմել է ոչ թե տուժող ընտանիքը, այլ նյութեր նախապատրաստվել են Ֆեյսբուքում ընտանիքի բարեկամի արած գրառման հետքերով: Ընդ որում, Երևանի քաղաքապետարանը համարում է՝ սա առավելագույնն է, որ կարող էր անել այս ընթացքում, իսկ դաստիարակը նախկին տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանի որոշմամբ՝ դեպքերից հետո պարտադրված արձակուրդ է վերցրել, որպեսզի չառնչվի երեխաներին ու վկա կանչվող ծնողներին:

Հիշեցնենք, դեպքը տեղի էր ունեցել 2019թ. փետրվար-մարտ ամիսների ընթացքում, և ինչպես 168.am-ը տեղեկացրել էր՝ կես տարվա աշխատանքային փորձ ունեցող 28-ամյա դաստիարակը 3 ու կես տարեկան տղա երեխայի վրա ձեռք է բարձրացրել, մի քանի անգամ երեխայի մարմնի վրա մատնահետքեր էին մնացել: Մոր խոսքով՝ երեխայի մոտ դեպքերը հետևանք են թողել, երկար ժամանակ գիշերային քուն չունի, անհանգիստ վարք է դրսևորում:

Սյուզի Բադոյան

դիտվել է 665 անգամ
Լրահոս
ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ու՞մ մտքով կանցներ, որ այսօր նման հայտարարություններ կլսենք․․․ ի՞նչ ակնարկեց Գագիկ Ծառուկյանը (video) «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am