Որն է Նիկոլ Փաշինյանի կետը

«Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքն Արցախի հարցով բանակցությունները վերսկսում է Սերժ Սարգսյանի՞ կանգ առած կետից:

Տարբերվելը և էքսքլյուզիվ երևալը Փաշինյանի մոտ սուր ձևով են արտահայտվում, բայց դա ոչ այնքան քաղաքական, որքան հոգեբանական խնդիր է: Ինչ մնում է քաղաքականությանը, ապա նա արցախյան բանակցությունների թեմայով իր ու Սարգսյանի «կետերի» տարբերության մասին և՛ ճիշտ է ասում, և՛ սուտ:

Ստի մասին

Ստի մասով բացահայտումն արեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա հաստատել է Մամեդյարովի այն հայտարարությունը, որ Արցախի հարցով բանակցային սեղանին 2016 թվականի փաթեթն է, որն ընդունված է «Լավրովի պլան» անվանել կամ կազանյան փաթեթ:

Լավրովի հայտարարությունը Փաշինյանին հնարավորություն չի տալիս այլևս ներսում «դուխով» ու տարբերվող երևալ:

Վտանգավորն այն է, որ Փաշինյանն ամեն կերպ խուսափում է Արցախի հարցում որևէ բովանդակային տեսակետ հայտնելուց, բայց մտել է բովանդակային բանակցությունների դաշտ: Նա հիմա ընդամենը ժամանակ է խնդրում՝ պատճառաբանելով, որ նոր ու անտեղյակ մարդ է բանակցային գործընթացում և չի տիրապետում խնդրին:

Մենք, ի դեպ, բազմիցս ենք նշել այն մասին, որ Դուշանբեում տեղի ունեցած «վերելակային» դիվանագիտությունից հետո Ադրբեջանին հաջողվեց մարսել 2016-ի ապրիլյան արկածախնդրությունը և «ջրել» Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում ու Ժնևում ձեռք բերված ինստիտուցիոնալ համաձայնությունները, որոնք վերաբերում էին հրադադարի գործիքակազմերին, և որոնք ճնշման միջոց էին Ալիևի վրա:

Այդ գործիքակազմերը պաշտոնական Երևանին հնարավորություն էին տալիս դիվանագիտական դաշտում առավելության հասնել Բաքվի նկատմամբ ու փոխհատուցել քառօրյա պատերազմի կորուստները, ինչպես նաև բովանդակային բանակցությունները հետագայում վերսկսել ոչ թե կազանյան, այլ նոր, ավելի շահեկան տարբերակով: Հիմա այդ ամենը չկա:

Ճշտի մասին

Հիմա մենք վերադարձել ենք Կազան, ընդ որում՝ շատ ավելի վատ դիրքում, քան ունեինք քառօրյա պատերազմից հետո: Եվ դա՝ Փաշինյանի սխալի, այլ ոչ թե ադրբեջանական դիվանագիտության ճկունության արդյունքում: Ադրբեջանցիները պարզապես օգտվել են Փաշինյանի՝ ինքնատիպ ու տարբերվող երևալու մոլուցքից, ինչպես նաև անփորձությունից ու համապատասխան գիտելիքների պակասից:

Հարցն այն չէ, որ կազանյան գործընթացը լավն էր: Հակառակը՝ այն վատն էր մեզ համար: Բայց քառօրյան դասեր քաղելու և իրավիճակը բանակցային դաշտում շտկելու հնարավորություն էր տվել Հայաստանի նախորդ իշխանություններին, ու նրանք օգտվել էին այդ հնարավորությունից:

Փաշինյանը Երևանի ձեռքբերումները զրոյացրեց ու հիմա, իրոք, Արցախի հարցով բանակցությունները սկսում է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ սեփական կետից: Այդ կետն ավելի ցածր է, քան Սարգսյանն էր փոխանցել 2018 թվականի ապրիլի 23-ին:

Փաշինյանն ադապտացվում է Լավրովի պլանին

Ապրիլյան քառօրյան թաղել էր կազանյան գործընթացը, և դա լեգիտիմ էր համարվում միջազգային հանրության կողմից, քանզի ապակառուցողական վարքագծի համար 2016-ին մեղադրվեց Ադրբեջանը:

Կազանյան փաթեթը 2016-ի ապրիլից հետո այլևս նետվեց աղբարկղը: Դուշանբեում Ալիևը Փաշինյանի ձեռքերով աղբարկղից հանեց այդ փաթեթը և դրեց բանակցային սեղանի վրա: Ու հիմա դա ընդունելի է համարվում եռանախագահող երկրների համար: Փաշինյանը փորձեց չմտնել այդ գործընթաց, բայց դա գնահատվեց որպես ապակառուցողական մոտեցում, ու նա ստիպված սկսեց իր՝ ավելի ցածր կետից: Ասել է թե՝ Փաշինյանը ճիշտ է ասում, որ ինքը Սարգսյանի կետից չի սկսում բանակցությունները: Պարզապես չի ավելացնում, որ այդ կետն ավելի վատն է:

Ճակատագրի հեգնանքն այս պատմության մեջ այն է, որ ժամանակին Փաշինյանը, փորձելով միավորներ հավաքել ՊՊԾ գնդի գրավման օրերին, սուր քննադատության էր ենթարկել «Լավրովի պլանը»՝ «հող հանձնելու» մեղադրանք ներկայացնելով իշխանությանը և նրան կցված Տեր-Պետրոսյանին:

Փաշինյանն այժմ բանակցում է «Լավրովի պլանի» շուրջ: Այսինքն՝ ադապտացվել է Լավրովի պլանին: Մինչդեռ ժամանակին ինքն էր «դուխով» առաջարկում Լավրովին ադապտացվել թավշյա հեղափոխությանը։

 7or.am 

դիտվել է 368 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am