2016թ. ռուսները Թուրքիա ու Եգիպտոս հանգստի չեն մեկնի
Gazeta.ru-ն` «Ռոստուրիզմ» գործակալության փոխնախագահ Ռոման Սկորիին հղումով հայտնում է,որ 2016 թվականին Թուրքիան ու Եգիպտոսը կշարունակեն փակ մնալ ռուսաստանցի զբոսաշրջիկների համար: «Թուրքիան հաստատ փակ կմնա ռուս զբոսաշրջիկների համար: Ելնելով վերջերս Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձություններից` այդ երկիրը ևս փակ կլինի:Դեպի Եգիպտոս թռիչքների անվտանգության հարցն անհանգստացնում է ոչ միայն ռուսական կողմին, այլև` շատ այլ պետությունների:Օրինակ` Մեծ Բրիտանիան ու մի շարք այլ եվրոպական երկրներ չեն շտապում վերականգնել ավիահաղորդակցությունը Եգիպտոսի հետ։ Անվտանգությունը թիվ մեկ, ամենակարևոր հարցն է»,-ասել է «Ռոստուրիզմի» փոխնախագահը: Աղբյուրը հիշեցնում է, որ Ռուսաստանն արգելել է դեպի Եգիպտոս չվերթների իրականացումը, երբ հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում կործանվեց 224 մարդ տեղափոխող ռուսական ինքնաթիռը։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա 2 պետությունների հարաբերությունները վատացել են թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո:
