Կառավարությունը ձեռքերը լվանում է, իսկ արտահանողը չի ուզում գնալ և «կիլո-կիլո ապրանք գնել». Ինչ անի գյուղացին

168 ժամը գրում է.Կառավարության գործունեությունն այդպես էլ բարի ցանկություններից այն կողմ չի անցնում։ Մինչ վարչապետը խոսում է իշխանափոխությունից հետո արձանագրվող աննախադեպ հաջողությունների մասին` մարդիկ դա չեն զգում իրենց առօրյայում։ Պատճառը ոչ թե այն է, որ չեն ցանկանում տեսնել այդ հաջողությունները, այլ, որ դրանք իրականում գրեթե չկան կամ այնպիսին չեն, ինչպիսին ներկայացվում են։

Շուտով կլրանա կառավարության գործունեության մեկ տարին, բայց քաղաքական իշխանության պատասխանատուները դեռ չեն կարողանում կողմնորոշվել իրենց անելիքների մեջ։ Կառավարության ղեկավարներին թողնե,ս օր ու գիշեր կխոսեն այն մասին, որ այս կամ այն գործը պիտի արվի։ Բայց թե ո՞վ պետք է անի և ե՞րբ՝ հայտնի չէ։

Եթե որևէ մեկին թվում է, թե քաղաքացին կարող է ինքնաբուխ հեղափոխություն անել տնտեսության մեջ, ապա չարաչար սխալվում է։ Քանի դեռ կառավարությունը չի գիտակցել իր պարտավորությունը՝ ինչպես քաղաքացու նկատմամբ, այնպես էլ՝ տնտեսության զարգացման գործում, ոչինչ էլ չի ստացվելու։

Այդպես էլ ցանկություններն իրականություն չեն դառնա, եթե կառավարությունը պիտի նստի ու սպասի, թե ինչ է անելու գյուղացին, որպեսզի գյուղատնտեսության մեջ հեղափոխություն լինի, կամ կարողանա իրացնել իր աճեցրած բերքը։ Այն, որ վարչապետն ասում է, թե գյուղացին բերքն արտահանելու կամ իրացնելու հետ կապված խնդիր չունի, ընդամենը հայտարարություն է։ Իրականությունը բոլորովին այլ է։

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գյուղացու աճեցրած բերքը մնում և փչանում է, քանի որ չկա իրացման հնարավորություն։ Այդ հնարավորությունը ոչ թե գյուղացին պետք է ստեղծի, այլ կառավարությունը։

Բայց կառավարությունը չի ցանկանում իրեն նեղություն տալ։ «Ինչո՞ւ գյուղացիները չեն միավորվում և կոլեկտիվ տնտեսություններ չեն ձևավորում, ինչո՞ւ իրենց ապրանքների վաճառքի և արտահանման համար կառավարման համակարգ չեն ձևավորում»,- ասում է վարչապետը։

Բա այդ դեպքում ո՞րն է կառավարության ֆունկցիան։ Եթե դա անելն այդքան հեշտ է, ինչո՞ւ կառավարությունն ապրանքների վաճառքի ու արտահանման համար համակարգեր չի ձևավորում։ Եթե կան արտահանման ու իրացման այդքան լայն հնարավորություններ, ինչո՞ւ չի փորձում բռնել գյուղացու ձեռքը` մթերումներ կազմակերպելով, ապրանքները մի տեղում կենտրոնացնելով, որպեսզի, վարչապետի ասած՝ արտահանողները տեղից տեղ չընկնեն և ապրանք ման գան` «Արտահանողները հավաստիացնում են, որ կարող են տարեկան 100 հազար տոննա ապրանքներ արտահանել։ Բայց դրա համար պետք է, որ այդ ապրանքը կուտակվի մի տեղ, որովհետև արտահանողը չի կարող գնալ և կիլո-կիլո գնել»։

Արտահանողների այն հավաստիացումները, թե աճեցված բերքը կարտահանեն, դեռ բավարար չէ, որպեսզի գյուղացին վստահ լինի, որ իր արտադրանքը վաղը կկարողանա իրացնել։ Եվ, որ շատ կարևոր է, ինչ գնով կիրացնի։

Իսկ եթե վարչապետի ասած արտահանողը չգա ու չգնի այդ ապրանքը, ո՞վ է պատասխան տալու գյուղացու կրած վնասների համար։ Բնականաբար, ո՛չ արտահանողը, և ո՛չ էլ կառավարությունը։ Գյուղացին ինքն է տապակվելու իր հոգսերի մեջ։

Ու եթե կառավարությունն իսկապես ուզում է թեթևացնել գյուղացու հոգսը, ապա պետք է առաջին հերթին լուծի բերքի իրացման հետ կապված խնդիրները։ Մարդը պետք է հստակ իմանա, որ իր աճեցրած բերքը վաղը ջուրը չի լցնելու։ Քանի դեռ չի լուծվել այս հարցը, գյուղատնտեսությունն առաջ չի գնա։ Իսկ դա այն հարցը չէ, որ գյուղացին կարող է ինքնուրույն լուծել։

Ինչքան էլ վարչապետը կրկնի, որ Հայաստանից տարեկան 600 հազար մանր եղջերավոր անասունի, մասնավորապես՝ ոչխարի արտահանման պահանջարկ կա, դրանից ոչխարաբուծությունը չի զարգանա, կամ ոչխարների թիվը չի ավելանա։ Ու դա՝ այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը երաշխիք չի ստեղծել, որ ոչխարը կիրացվի և կիրացվի արդարացված գնով։

Եթե կառավարությունն այդքան վստահ է, որ վաղը ոչխարի իրացման հետ կապված խնդիր չի լինի, գուցե ինքը ստեղծի կազմակերպություն և գոնե սկզբնական շրջանում պետության մասնակցությամբ ու աջակցությամբ իրականացնի ոչխարի մթերումն ու արտահանումը, մի բան էլ՝ շահույթ ստանա։ Սա կլինի իրական օժանդակություն գյուղացուն ու գյուղացիական տնտեսություններին` միանշանակ կնպաստի ոլորտի զարգացմանն ու արտադրության ծավալների ավելացմանը։

Թե չէ օդի մեջ եղած խոսակցություններով կառավարությունն ուզում է տնտեսություն զարգացնել։ Տնտեսությունը չի զարգանա այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը չի գիտակցել իր անելիքը, և քանի դեռ գյուղացիական տնտեսությունների ինքնակազմակերպման մակարդակն և հնարավորություններն այնպիսին չեն, որ ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները։ Դրա համար ժամանակ է պետք, բայց մեր երկիրն այդքան սպասելու պոտենցիալ չունի։ Ուստի կառավարությունն ինքը պետք է փորձի արագացնել այդ պրոցեսը։ Բայց ոչ թե՝ զուտ խոսքերով ու հայտարարություններով, այլ՝ գործնական քայլերով, որոնք, ինչպես նախկինում, առավել ևս՝ հիմա, չեն արվում։

Հասկանալի է, որ այդ քայլերը շատ ավելի դժվար են ու շատ ավելի ռիսկային։ Սխալվելու և կորուստներ կրելու հավանականությունը մեծ է, որի համար էլ կառավարությունը չի ուզում մտնել նման պատասխանատվության տակ` ամբողջ բեռը փորձելով դնել քաղաքացու վրա։

Այս ճանապարհը մեզ հեռուն չի տանի։ Անհրաժեշտ են գործնական քայլեր։ Այնինչ կառավարությունը շատ երկար է պատրաստվում փոփոխություններ անելուն։

Մեկ տարի շարունակ խոսվում է բարեփոխումների մասին, բայց դրանք այդպես էլ չեն երևում։ Ինչքան երկար է ձգվում այդ գործընթացը, այնքան տնտեսության զարգացումները հետ են ընկնում։ Պատահական չէ, որ տնտեսական իրավիճակը Հայաստանում չի բարելավվում։ Ավելին, գնալով վատանում է։ Տնտեսության մեջ վտանգավոր դրսևորումներ են նկատվում։

Այն, ինչ ներկայացվում է տնտեսական ակտիվության տեսքով, երևույթի միայն մի կողմն է։ Երբ հասարակության եկամուտները չեն ավելանում կամ չափազանց դանդաղ են ավելանում, չի կարող առևտրի և սպառման ծավալների երկնիշ աճ լինել։ Մինչդեռ այսօր Հայաստանի տնտեսության ներկայացվող ակտիվությունը նստած է հիմնականում այս ոլորտների վրա։ Բայց դա, այսպես ասած, կեղծ աճ է և կապված է ոչ այնքան՝ իրական սպառման կամ պահանջարկի ավելացման, որքան՝ ստվերից շրջանառությունների որոշ մասի դուրսբերման հետ։

Ուստի, երբ վարչապետը հայտարարում է, որ հեղափոխությունից հետո 65 միլիոն հատով ավելի ՀԴՄ կտրոն է տպվել, պետք է բարի լինի ասել նաև, թե դա որքանո՞վ է ավելացրել հայտարարագրվող շրջանառությունները և ի՞նչ ազդեցություն է ունեցել տնտեսական աճի ցուցանիշների վրա։

դիտվել է 463 անգամ
Լրահոս
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am