Հայաստանը հա­կա­մար­տող կողմ չէ. Վիտալի Բալասանյան

«Փաստ» օրաթերթի հարցազրույցը Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ:

-Պարո՛ն Բալասանյան, որքան տեղյակ ենք, որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, սկսել եք հանդիպումների շարք: Ի՞նչ ֆորմատով են դրանք իրականացվելու և ի՞նչ նպատակ են հետապնդում՝ ավելի շատ ինչ-ինչ հարցերի շուրջ բնակչության իրազեկմա՞ն, թե՞ տեղերում տեսակետներ լսելու:

-Այս հանդիպումներն արտառոց չեն, նորություն չեն: Մենք ժամանակ առ ժամանակ պետական խողովակով, նաև հանրապետության նախագահի հետ միասին տարբեր ֆորմատների հանդիպումներ ենք ունեցել ազգաբնակչության հետ թե՛ համայնքներում, թե՛ կոլեկտիվներում: Հիմա առկա են որոշակի հարցեր, որոնց վերաբերյալ իրազեկման անհրաժեշտություն կա: Նախ՝ ՀՀ իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նոր կուրս են հայտարարել, այն է՝ ԱՀ-ն պետք է մասնակցի բանակցություններին որպես լիիրավ կողմ: Կարծում ենք՝ հանրության մեջ այս հարցի կապակցությամբ առավել մանրամասն պարզաբանումների անհրաժեշտություն կա: Նույնը վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստին, որը տեղի ունեցավ Ստեփանակերտում: Ուստի, որպես պետական պաշտոնյա, հանրապետության նախագահի հետ համաձայնեցված, տարբեր հանդիպումներ եմ ունենալու, որպեսզի հանրությանը ներկայացնենք այն կետերը, օրակարգային այն հարցերը, որ քննարկվել են: Ես համարում եմ, որ պետք է տեղյակ պահել հանրությանը, միևնույն ժամանակ օրակարգային հարցերի մասին լսել հասարակության տեսակետներն ու առաջարկները: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն բանակցային ընթացքին, այլև բանակում բարեփոխումներին, միջպետական պայմանագրին, Արցախում կառուցվածքային փոփոխություններին, որոնց մասին վերջին շրջանում շատ է խոսվում: Եվ ընդհանրապես, անվտանգությունը չի սահմանափակվում միայն հակամարտությամբ, սահմաններով, բանակով, անվտանգային հիմնախնդիրներ կան գրեթե բոլոր ոլորտներում՝ կրթություն, առողջապահություն, գյուղատնտեսություն և այլն:

Մասնավորաբար, առաջարկություն ենք ներկայացրել ՀՀ իշխանություններին՝ Արցախի տարածքում պարենային անվտանգության ծրագրի իրականացման համար: Համոզված եմ, որ Արցախի տարածքը բավարար հնարավորություններ ունի գյուղատնտեսական տարբեր ծրագրեր ու միջոցառումներ իրականացնելու համար: Մեր առաջնային խնդիրներից մեկը միանշանակ նաև հոգևոր անվտանգությունն է: Դեռ անցյալ տարի մեր հոգևորականների հետ, ի դեմս Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, նախաձեռնել ենք ծխական համայնքների ստեղծման ծրագիրը: Ավելին, արդեն իսկ ունենք մի քանի կայացած համայնքներ, և գործընթացը հետևողականորեն շարունակելու ենք: Մկրտվել ցանկացողների թիվը անսահման շատ է: Մի խոսքով, բազմաթիվ ոլորտներում բազմաթիվ անելիքներ ունենք, և ամեն ինչ անելու ենք, որ ցանկացած գործում, ցանկացած հարցում ժողովուրդն անմասն չմնա:

-Անցած շաբաթվա վերջին կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քանի որ դա առաջին պաշտոնականն էր, այդ հանդիպումից ընդգծված, որոշ փորձագետների կարծիքով՝ չափազանցված սպասումներ կային: Արդյո՞ք արտառոց ինչ-որ բան կարելի էր սպասել առաջին հանդիպումից, թեկուզ և պաշտոնական:

-Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ միանշանակ՝ ոչ: Իհարկե, պետք է հաշվի առնել, որ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի ժողովուրդների ակնկալիքները շատ մեծ էին, ուստի գուցե բնական էր նաև այդպիսի ուշադրությունն ու ակնկալիքները: Համոզված եմ, որ ժողովուրդները պատերազմ չեն ուզում: Բայց... Ինչպես նշեցի, Հայաստանի Հանրապետության վարչապետը նոր կուրս է հայտարարել, որ բանակցություններին Արցախը պետք է ներկայացված լինի, մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ չենք շեղվում ֆորմատից, որ Մինսկի խմբի ներքո շարունակվում են բանակցությունները, դեմ չենք այն փաստաթղթերին, որ դրված են սեղանին: Մենք կողմ ենք և պաշտոնապես հայտարարել ենք, որ կա խաղաղության պայմանագրի անհրաժեշտություն: Ու ասել, թե Ադրբեջանի իշխանությունները, համանախագահները կարող են մեր մոտեցումները հրատապ, միանշանակ ընդունել, կասկածելի է:

-Դուք ասում եք, որ խոսքը ֆորմատի փոփոխության մասին չէ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս նույնն է ասում, որ Հայաստանը չի առաջարկում արցախյան հակամարտության կարգավորման ձևաչափի փոփոխություն, Հայաստանն առաջարկում է բանակցային ֆորմատի վերականգնում: Իրականում ինչի՞ մասին է խոսքը:

-Տեսեք, դեռևս մինչ 1997 թվականը Ղարաբաղը մասնակցում էր ու լիիրավ սուբյեկտ էր. 1994 թ. մայիսի 12-ի հրադադարի ռեժիմի պայմանագրի ներքո ստորագրել են Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը, 95թ. տարբեր ֆորմատներով միջազգային հանրության կողմից արձանագրվել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցություններին ԼՂՀ-ն մասնակցում է: Մենք այսօր էլ հայտարարում ենք, որ արցախյան կողմը պարտադիր պետք է մասնակցի բանակցություններին: Հայաստանի Հանրապետությունը հակամարտող կողմ չէ, և նրանք, ովքեր ՀՀ-ն համարում են հակամարտող կողմ, թող իրենք իրենց գնահատականը տան, մենք բարոյական իրավունք չունենք նրանց գնահատական տալու:

Այո, ՀՀ-ն հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավոր, դա բազմիցս հայտարարվել է թե՛ բանավոր, թե՛ գրավոր, թե՛ ընդունված համապատասխան իրավական ակտերով, և այսօր էլ պիտի շարունակի այդ կուրսը, միաժամանակ ՀՀ-ն պիտի հայտարարի, որ երաշխավորն է Արցախի միջազգային ճանաչման:

-Ի վերջո, ինչո՞ւ Արցախը ժամանակին դուրս մնաց բանակցություններից: Կարծիքներ կան, որ դա եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղքով: Կա՞ ճշմարտություն այդ պնդումների մեջ:

-Ոչ, բացարձակ չի կարելի այդպես ասել: Մինսկի խմբի այն ժամանակվա համանախագահների առաջարկությամբ է եղել, և քանի որ ՀՀ երկրորդ նախագահը և Արցախի առաջին նախագահը լիարժեք տիրապետում էր բանակցային գործընթացին, Արցախի Հանրապետության այն ժամանակվա իշխանությունները տվել են համապատասխան լիազորություն, որ նա ներկայացնի Արցախը միջազգային հարթակներում, մասնավորաբար՝ Մինսկի խմբում:

-Պարո՛ն Բալասանյան, Արցախում կայանալիք երկու համապետական ընտրություններին դեռ մեկ տարի ժամանակ կա, բայց այնպիսի տպավորություն կա, որ դրանք արդեն սկսվել են: Ավելին, այս ֆոնին ոմանք սկսել են պատմության վերանայման, սեփական տեսանկյունից մեկնաբանման, Արցախի կարգավիճակի հետ կապված ինչ-որ մեկնաբանությունների գործընթաց: Սա ի՞նչ է՝ վաղաժամ նախընտրական արշա՞վ, սեփական ես-ն առաջ տանելու ձգտո՞ւմ, թե՞ պատմության «վերմակը» իրենց վրա քաշելու փորձ:

-Նախ, կարծում եմ՝ անընդունելի է այսպիսի հապճեպությունը, պետք չէ ժողովրդին դնել աժիոտաժի մեջ, տանել պառակտման: Դա վերաբերում է նաև բուն քարոզարշավին, առավել ևս՝ անընդունելի են մեկ տարի առաջ նման քայլերը: Ինչ վերաբերում է տարբեր շահարկումներին: Մեկ անգամ չէ, որ ասել եմ, ու հիմա նորից կրկնում եմ. մենք ունենք մեկ հայրենիք՝ երկու հայկական պետականությամբ: Արցախը ՀՀ մարզ չէ: Երբ Արցախի հարցը միջազգային հարթակներում կլուծվի հայանպաստ, թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի քաղաքացիներն ու Սփյուռքի հայությունը միասնական կորոշեն, թե մեկ Հայրենիքի մեջ ինչպիսի՞ կարգավիճակով է լինելու Արցախը: Դա համայն հայության որոշելիքն է: Իսկ նրանք, ովքեր այսօր արդեն, ժամանակից առաջ ընկած փորձում են շահարկել այս հարցը, ինչ-որ ստորագրահավաքի մասին են հայտարարում՝ Արցախը ճանաչելու որպես մարզ, ապա, այո, բարոյական առումով այդ մարդկանց մուտքն արգելվում է Արցախի Հանրապետության տարածք: Կլինեն մարդիկ, որ կասեն՝ բա, մենք կռվել ենք Արցախի պաշտպանության համար: Եթե կռվել են, սիրում ու հարգում են այս հայրենիքը, բնակչությանը, որ ապրում է այս տարածքում, պետք է նաև հարգեն գործող Սահմանադրությունը, օրենքները և բնակչության քվեով ստեղծված պետական միավորն ու կարգավիճակը:

-Դուք մինչ այս հանդիպումները սկսել էիք խորհրդակցությունների շարք: Դրանք որևէ կերպ ազդեցի՞ն ձեր վերջնական որոշման վրա՝ առաջադրվել կամ չառաջադրվել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու:

-Իսկապես, իմ համակիրները, նաև տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ առաջարկել են առաջադրվել, և ես պատրաստակամություն եմ հայտնել քննարկել առաջարկությունը: Այս պահի դրությամբ չէի ասի, թե բոլորի հետ հասցրել եմ հանդիպել, հանդիպումները շարունակվում են: Բայց կարող եմ վստահ ու հստակ ասել, որ կա մեծամասնության դրական կարծիքը, որոնք ինձ տեսնում են ԱՀ ապագա նախագահի պաշտոնում: Կընտրվեմ, թե ոչ, ժողովրդի որոշելիքն է, մեր ժողովրդի վստահության քվեն ցույց կտա: Բայց, որպես ԱԽ քարտուղար, առաջիկա հանդիպումներից հետո (ինչի մասին զրույցի սկզբում խոսեցինք) նորից կլինեն առանձին հանդիպումներ հասարակական կազմակերպությունների, քաղաքական ուժերի, անհատների հետ, արդեն որպես ոչ պաշտոնյա, այլ որպես քաղաքացի: Նախնական տրամադրվածությունս դրական է, սակայն երբ կգա օրենքով սահմանված ժամանակը, իմ որոշումը կլինի հստակ: Արցախի օրենսդրությամբ թեկնածու իրավունք ունի առաջադրել կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը: Եվ, ըստ այդմ, իմ առաջադրումը կլինի օրենքի տառին ու կետին համապատասխան:

դիտվել է 3104 անգամ
Լրահոս
Փաշինյանն արգելել է մարզեր այցի ժամանակ եկեղեցու թեման դնել–վերցնել․ «Իրավունք» Մարզային կառույցներ այցի անվան տակ քարոզարշավ են անում. «Հրապարակ» Իրանի ռազմավարական խորքը թույլ է տալու երկարաժամկետ դիմադրություն կազմակերպել․ իրանագետ Գանձաքարցիները Փաշինյանին չընտրելու ևս մեկ պատճառ ունեն․ «Հրապարակ» Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Վարդենյաց լեռնանցքը փակ է Իրանի հարվածներն այնքան ուժգին են եղել, որ ամերիկյան ռազմակայանների մի մասը ջնջվել է երկրի երեսից Աննայի գնալուց ամենաշատ նեղսրտողներից մեկը Կճոյանն է եղել. «Իրավունք» Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ» Սգո և հիշատակի օրերին ո՞ր գովազդի հեռարձակման արգելքը կվերացվի. նախագիծ. «Փաստ» Ի՞նչ կա իրականում «սիրուն» թվերի տակ. տնտեսական ցուցանիշների ախտաբանական պատկերը. «Փաստ» Ցանկացած պահի որպես «պեշկա» կդնի զոհասեղանին․ ՔՊ-ականները անցել են գլխների ճարը տեսնելու. «Իրավունք» Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ» Բոլորն էլ ընտրակաշառքի օրինակներ են. «Փաստ» Աննայի իշխանությունն ինչ-որ պահի ավելի մեծ է եղել, դա դուր չի եկել Փաշինյանին. «Հրապարակ» Նախարար Ավանեսյանը Հակակոռուպցիոն դատարան է գնացել «Քովիդի գործով». «Ժողովուրդ» ՔՊ քարտուղարի գործով Քննչականը հաստատում է․ կա քրեական վարույթ. «Ժողովուրդ» 15 մլն աշխատավարձ, 8անշարժ գույք, 100 հազարավոր կանխիկ դոլարներ․ փոխնախարարի ունեցվածքը. «Ժողովուրդ» Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am