Ինչո՞ւ հեղափոխությունից անմիջապես հետո Սամվել Ալեքսանյանը որոշեց նոր ընկերություն բացել. Մենաշնորհների վերացումն ինքնանպատակ չէ

168 ժամը գրում է.Վարչապետի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենաշնորհները Հայաստանում վերացված են։ Դրանից կարճ ժամանակ անց հատուկ խորհրդակցություն հրավիրվեց՝ ցույց տալու համար, որ մենաշնորհների վերացումը տալիս է իր արդյունքը. էժանացել են բանանն ու շաքարավազը, որոնց շուտով կհաջորդեն նաև այլ ապրանքներ։

Այդպես էլ այդ էժանացումները, բացառապես մեկ կամ երկու դեպքի, չնկատվեցին, իսկ բանանի գինն այսօր շատ ավելի բարձր է, քան մինչև հեղափոխությունը։

Մինչդեռ մենաշնորհների վերացումն ինքնանպատակ չէ։ Տարիներ շարունակ ընդունված էր ասել, որ բազմաթիվ ապրանքային շուկաներում հաստատված բարձր գները մենաշնորհների հետևանք են։ Իրականում այդպես էլ կար։ Հայաստանում մենաշնորհային շուկաների պակաս երբևէ չի եղել։

Ժամանակին Համաշխարհային բանկը մի ուսումնասիրություն էր կատարել Հայաստանում մենաշնորհների վերաբերյալ` արձանագրելով, որ շուկաների գրեթե 60 տոկոսում առկա են գերիշխող դիրք զբաղեցնողներ։ Այդ ցուցանիշով մենք առաջատար դիրքում էինք՝ ինչպես Արևելյան Եվրոպայում, այնպես էլ՝ ԱՊՀ-ում։ Որպես այդպիսին, զիջում էինք շատ քիչ երկրների։ Այնպիսին, ինչպիսին, ասենք` Ադրբեջանն էր կամ Ղրղըզստանը։

Հայաստանում ձևավորված ապրանքների բարձր գները միշտ էլ պայմանավորվել են մենաշնորհների առկայությամբ, որտեղ շուկայի մասնակից հատուկենտ խաղացողներն են թելադրում գները` արհամարհելով շուկայական գնագոյացման մեխանիզմները։ Թվում էր, թե դաշտն ազատականացնելուց հետո, հատկապես բարձր կենտրոնացվածության շուկաներում, ապրանքները պետք է էժանանային։ Սակայն այդպես չեղավ, որքան էլ Նիկոլ Փաշինյանի հայտարարած ապամենաշնորհացումից հետո Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ամեն ինչ անում է՝ հիմնավորելու, որ շուկայի մասնակիցների քանակը գնալով ավելանում է, իսկ մրցակցությունը՝ խորանում։

Ո՞րն է գների չիջնելու պատճառը։ Այս հարցի պատասխանը շարունակում է բաց մնալ, չնայած դրա կարևորությանը։

Այն, որ առանձին ապրանքային շուկաներում ավելացել են մասնակիցները, դեռ ոչինչ չի նշանակում։ Միշտ չէ, որ մասնակիցների ավելացումն իսկապես բերում է մրցակցության խորացման։ Նման իրավիճակներ նախկինում ևս հանդիպել են։ Փաստացի ավելացել են շուկայի մասնակիցները, բայց իրականում մրցակցությունը դրանից չի շահել։

Տպավորություն ստեղծելու համար` շուկայի հիմնական խաղացողները սովորաբար բացում են նոր ընկերություններ, որոնք մտնում են դաշտ` կիսելով մասնակցությունը։ Ստացվում է, որ մի կողմից՝ ավելանում է մասնակիցների թիվը, մյուս կողմից` խորանում է մրցակցությունը։ Իրականում, սակայն, դրանից ո՛չ շուկան է շահում, և ո՛չ էլ սպառողները։

Իշխանափոխությունից հետո ևս այդպե՞ս է, թե՞ ոչ, այնքան էլ միանշանակ չէ։ Ամեն դեպքում, նման կասկածներ կան։

Ոչ վաղ անցյալում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարեց որոշ կարևոր ապրանքային շուկաներում գերիշխողների դիրքերի թուլացման մասին։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր այնպիսի հայտնի ընկերություններին, ինչպիսին են` Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգը», Միհրան Պողոսյանի «Քեթրին գրուպը» և Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշը»։

Հանձնաժողովի դիտարկումներով՝ շաքարավազի, բանանի, ալյուրի, վառելանյութի շուկաներում ավելացել է մասնակիցների քանակը` հանգեցնելով գերիշխող տնտեսվարողների մասնաբաժնի նվազեցման։ Մասնավորապես՝ շաքարավազի շուկայում մասնակիցների թիվը հասել է 75-ի, բանանի շուկայում` 28-ի, ալյուրի շուկայում` 171-ի, իսկ վառելանյութի շուկայում` 6-ի։ Արդյունքում՝ ասենք` շաքարավազի ներմուծմամբ զբաղվող «Ալեքս Հոլդինգի» տեսակարար կշիռը, ըստ Հանձնաժողովի, այս տարվա փետրվարին կազմել է 78 տոկոս` նախորդ տարիների 95 տոկոսի դիմաց։

Որ «Ալեքս Հոլդինգի» մասնակցությունը շաքարավազի շուկայում նվազել է, գուցե և իրականում այդպես է։ Բայց դա դեռ չի նշանակում, որ պակասել է Սամվել Ալեքսանյանի մասնակցությունը։ Հատկապես որ, անցած տարվա վերջին «Ալեքս Հոլդինգի» մասնաբաժինը դեռևս բավական մեծ էր` այն հասնում էր 92 տոկոսի։

Դժվար է հավատալ, որ նման կարճ ժամանակահատվածում Հայաստանի շաքարավազի շուկայի «արքան» կարող էր այդքան հեշտ ու հանգիստ ձեռքից բաց թողնել շահութաբեր բիզնեսը` շուկայում իր մասնակցությունը միանգամից նվազեցնելով 14 տոկոսով։ Այլ հարց է, որ գուցե կրճատվել է «Ալեքս Հոլդինգի՞», բայց ոչ՝ Սամվել Ալեքսանյանի մասնակցությունը։

Սրանք բոլորովին տարբեր հասկացություններ են։ Բազմաթիվ ապրանքային շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնող այս գործարարը ժամանակին բավական լավ յուրացրել է մենաշնորհային դաշտում խաղալու հմտությունները` երբեմն-երբեմն վերնայելով իրեն պատկանող ընկերությունների անունները։

Դրանցից հերթականը ծնվեց անմիջապես հեղափոխությունից կամ իշխանափոխությունից հետո։ Խոսքն «Ալեքս ընդ Հոլդինգի» մասին է։ Արդեն անցած տարի այն հասցրեց բավական լուրջ տեղ զբաղեցնել առանձին ապրանքների ներմուծման շուկայում։ Գործելով ընդամենը 7 ամիս, այս ընկերությունը պետական բյուջեի նկատմամբ ձևավորեց ավելի քան 2,8 մլրդ դրամի պարտավորություն, որից 2,5 միլիարդը՝ ներմուծման հաշվին։

«Ալեքս ընդ Հոլդինգի» ստեղծումով Սամվել Ալեքսանյանը կիսեց իր մասնակցությունը կարագի շուկայում։ Մի կողմից՝ շուկան արտաքուստ համալրվեց նոր խաղացողով, մյուս կողմից` նվազեց գերիշխողի մասնաբաժինը։ Այլ հարց է, թե այս փոփոխությունից ի՞նչ շահեց շուկան, կամ ընդհանրապես շահե՞ց, թե՞ ոչ։

Չի բացառվում, որ հիմա էլ Ս.Ալեքսանյանը որոշել է ի հաշիվ նորաբաց «Ալեքս ընդ Հոլդինգի»` նվազեցնել «Ալեքս Հոլդինգի» մասնակցությունը շաքարավազի, ինչո՞ւ չէ, նաև այլ շուկաներում` տպավորություն ստեղծելով, որ կորցրել է դիրքերը։

Այսպիսի օրինակները կարող են բազմաթիվ լինել։

Եթե այս սկզբունքով պետք է տեղի ունենա ապրանքային շուկաների ապամենաշնորհացումը կամ ապակենտրոնացումը, դա ոչինչ էլ չի տալու։ Քանի դեռ հայտնի չէ, թե մենաշնորհային շուկաներում գործող ընկերությունները որքանո՞վ են փոխկապակցված, և ովքե՞ր են դրանց իրական սեփականատերերը, դժվար է խոսել մրցակցային պայմանների լուրջ ձեռքբերումների մասին։

Խոշոր խաղացողները միշտ էլ կարող են տարբեր ձևերով փորձել փոխել շուկայի պատկերը։ Բայց դա բնավ էլ այն չէ, ինչը ակնկալվում է` մենաշնորհների դեմ պայքարում։

Հատկապես որ, ինչքան էլ կարող է տարօրինակ լինել, իրականությունն այն է, որ մենաշնորհների առկայությունը Հայաստանում հիմնավորված և կարգավորված է օրենսդրությամբ։ Տնտեսական մրցակցության պաշտպանության գործող մոդելը թույլ է տալիս տնտեսվարողներին՝ մենաշնորհային կամ գերիշխող դիրք զբաղեցնել ցանկացած շուկայում։

Խոսքն ամենևին էլ բնական մենաշնորհների մասին չէ։ Հայաստանում գործող տնտեսական մրցակցության պաշտպանության համակարգը ենթադրում է պայքարել ոչ թե՝ մենաշնորհների, այլ՝ ընդամենը դրանց կողմից թույլ տրվող չարաշահումների դեմ։

դիտվել է 2298 անգամ
Լրահոս
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am