Կարևոր շարժեր ԱՄՆ-ից՝ Արցախի հարցում. ո՞րն է մեր պատասխանը Վաշինգտոնին

Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին օգնություն տրամադրելու հարցն օրերս քննարկվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած լսումների ընթացքում: Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին ներկա Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կառավարչին նման ելույթով է դիմել կոնգրեսական Բրեդ Շերմանը. «Դուք տեղյակ եք, որ Հայաստանը, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է, արժանի է մեր օգնությանը: Դուք տեղյակ եք, որ Լեռնային Ղարաբաղը, այժմ՝ Արցախի Հանրապետությունը, ռազմատենչ ուժի հարևանությամբ է գտնվում, և որ Վրաստանի հանրապետության հարավային շրջանը, որը կոչվում է Սամցխե-Ջավախետի, շրջան է, որն արժանի է ստանալ մեր օգնության զգալի մասը: Հավատացած եմ, գործընկերներիցս շատերը նամակ են ուղղել այդ կապակցությամբ»: Հայաստանին ամերիկյան օգնության չափը 60 միլիոն դոլարի հասցնելու կոչով իրենց գործընկերներին են դիմել Միացյալ Նահանգների 37 կոնգրեսական: Կոնգրեսականները մասնավորապես կոչ են Հայաստանին հատկացնել 30 միլիոն դոլարի տնտեսական, 10 միլիոն դոլարի ռազմական օգնություն և 20 միլիոն դոլար տրամադրել Հայաստանում օթևան ստացած Մերձավոր Արևելքի հայ փախստականներին: Նամակում նաև կոչ է արվում դադարեցնել ցանկացած օգնությունը Ադրբեջանին և փոխարենը 10 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու և զինադադարի խախտումներ գրանցող սարքավորումներ տեղադրելու նպատակով: Լսումների ընթացքում անդրադառնալով նախկին ԽՍՀՄ մյուս երկրներին՝ ահաբեկչության դեմ պայքարի ենթահանձնաժողովի նախագահ կոնգրեսական Թեդ Փոն ընդգծել է ԱՄՆ-ի աջակցության կարևորությունը, հատկապես, Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային. «Արդյոք դրանք կընթանան ռուսական արջի ուղղությամբ, թե՝ դեպի Արևմուտք»: Կոնգրեսականի խոսքով, այդ երկրներում իրական ժողովրդավարության զարգացումն ու կոռուպցիայի վերացումը ոչ միայն մարդասիրական այլև՝ քաղաքական կարևորագույն խնդիր է Միացյալ Նահանգների համար: Վերջին շաբաթներին ԱՄՆ Կոնգրեսում տեղի են ունենում հաջորդ տարվա բյուջեի շրջանակում այլ երկրներին ֆինանսական օգնության տրամադրման շուրջ քննարկումներ: Քննարկումների շրջանակում ԱՄՆ հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչները ելույթ են ունեցել Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովում՝ ընդգծելով, որ, հաշվի առնելով անցած տարի երկրում գրանցված առաջընթացը, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվելիք ֆինանսական օգնության չափը պետք է ավելանա, ասված է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կայքում: «Կոչ ենք անում զարգացման ժողովրդավարական ուղին բռնած Հայաստանին 100 մլն դոլարի չափով օժանդակություն ցուցաբերել: Կոչ ենք անում նաև 10 մլն դոլար տրամադրել Հայաստանի հետ ռազմական համագործակցության համար և ևս 20 մլն՝ Հայաստանում հաստատված մերձարևելյան երկրներից փախստականներին»,- իր ելույթում ասել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Վան Գրիգորյանը: Հայ դատի հանձնախմբի ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչ Րաֆֆի Քարաքաշյանը նույնպես ընդգծեց Հայաստանին և Ղարաբաղին ամերիկյան օգնության ավելացման կարևորությունը. «Հայաստանը քրիստոնյա երկիր է, ժողովրդավարության մեջ արմատացած արժեքներով: Չնայած Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակմանը, Հայաստանն այսօր հանդիսանում է տարածաշրջանում Միացյալ Նահանգների կարևոր գործընկեր»: Նույն լսումներին մասնակցած «ԱՄՆ-ի ադրբեջանական ցանց» կոչվող կազմակերպության ներկայացուցիչ Սևինջ Մամադովան իր ելույթում կոչ էր արել ԱՄՆ-ի կոնգրեսականներին չհաստատել որևէ օգնություն ուղղված Հայաստանին կամ Ղարաբաղին. «Անկախացման ձեռքբերումից ի վեր, Հայաստանը հանդիսացել է Ռուսաստանի շահերի ներկայացուցիչ: 2014-ի մարտին, երբ Ադրբեջանը Միացյալ Նահանգների և ևս 100 երկրների հետ միասին ՄԱԿ-ում աջակցեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, Հայաստանը միացավ ՝ Հյուսիսային Կորեային, Սուդանին ու Զիմբաբվեին, որոնք աջակցեցին Ռուսաստանի քաղաքականությանն այդ հարցում»: Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանի խոսքով, սակայն, Հայաստանի ժողովրդավարացումն ու կոռուպցիայի դեմ պայքարն ակնհայտ են բոլորին. «Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն արձանագրեց մեծ առաջընթաց և դա արձանագրվեց աշխարհի չորս կողմը: Այժմ ժամանակն է օժանդակել, որ Հայաստանն ավելի հզորանա և ժամանակն է, որ Ամերիկայի և Հայաստանի միջև հարաբերություններն ավելի ընդլայնվեն»: Չուլջյանի խոսքով, հայ համայնքի աշխատանքը դեռ նոր է սկսվում: Բյուջեի քննարկումներն անցնում են նաև ամերիկյան Կոնգրեսի վերին պալատում, Սենատում, և ամերիկահայերը ակնկալում են իրենց ընտրյալ սենատորներից միջնորդել Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնության չափի ավելացմանը, որից հետո բյուջեի վերջնական նախագիծը քվեարկության կդրվի Կոնգրեսի երկու պալատներում: Ինչևէ, անկախ քննարկումներից և որոշումից, Հայաստանը ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունների հարցում, կարելի է ասել, առայժմ չունի նոր տեսլական: Ամեն տարի, կարծես, իներցիայով, ԱՄՆ-ի Կոնգրեսում լսումներ, քննարկումներ են ընթանում, դիմում են Հայաստանի ու Արցախի համար օգնության համար, ապա կայացվում է որոշում գումարների հատկացման վերաբերյալ, ու այդպես շարունակաբար: Բայց ո՞րն է Հայաստանի նոր իշխանության ծրագիրը՝ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում, օրինակ՝ առևտրատնտեսական ոլորտում: Հայ-ամերիկյան հարաբերությունների որակը վաղուց բարձրացնելու, նոր մակարդակի վրա դնելու անհրաժեշտություն կա: Թե ինչն է խանգարում դրա իրագործմանը, թերևս՝ Հայաստանի իշխանությունների զգուշավորությունը՝ Մոսկվային չզայրացնելու հարցում: Առաջիկայում պարզ կդառնա, թե ՀՀ իշխանությունները որքանով են լուրջ վերաբերում գործընկեր պետությունների հետ, ավելին՝ Հայաստանի ամենախոշոր դոնոր պետության հետ հարաբերությունների զարգացմանը:

Թամար Բագրատունի

դիտվել է 187 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am