Սահակաշվիլին կթողնի պաշտոնը

«Կուսակցության մեջ անհրաժեշտ է մշտական նորացում, ուստի այժմ անհրաժեշտ են նոր մարդիկ եւ կուսակցական ղեկավարման նոր սկզբունքների կիրառում: Նախ՝ Իվանիշվիլին ամեն բան անում է, որպեսզի ինձ թույլ չտա երկիր մտնել: Երկրորդ՝ մեր մի քանի ղեկավարներ գտնվում են բանտում: Այդ ամենը դժվարացնում է մեր կազմակերպության աշխատանքը: Ուստի այս իրավիճակում անհրաժեշտ է ընտրել «Միասնական ազգային շարժում» կուսակցության նոր նախագահ»,-Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտնել է,որ որոշել է թողնել վրացական «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցության նախագահի պաշտոնը, քանի որ հնարավորություն չունի տեղում իրականացնել կուսակցության ղեկավարումը։ «Կարծում եմ՝ Գրիգոլ Վաշաձեն շատ լավ անցկացրեց նախագահական ընտրարշավը, եւ անձամբ ես նրան կպաշտպանեի նրա թեկնածությունը մեր կուսակցության նախագահի պաշտոնի համար»,-նշել է Սահակաշվիլին: Նրա խոսքով՝ ներկայում ՄԱՇ-ին աջակցում են գրանցված 400 հազար ակտիվ կողմնակիցներ, որոնք պետք է մասնակցեն կուսակցության նախագահի ընտրությանը: