Ֆիննախը բացում է հարկայինի գաղտնիքը. Ինչո՞ւ են առանձին հարկատեսակների մուտքերը հունվարին բացասական եղել

168 ժամը գրում է. Պետեկամուտների կոմիտեի գործունեության հետ կապված՝ վերջին շրջանում մութ պատմությունների բացահայտման պակաս չկա։ Դրանք կապված են թե՛ ծանոթ-բարեկամներին համակարգում բարձր պաշտոնների նշանակելու, թե՛ միլիոնների հասնող պարգևավճարների, թե՛ բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման աճպարարությունների, և թե՛ բազմաթիվ այլ երևույթների հետ։ Ու որքան էլ ՊԵԿ-ն անմեղ ձևանալու, արդարացումներ գտնելու փորձեր է անում, դրանից իրավիճակը բնավ չի փոխվում։ Փաստերն այլ բան են ասում։ Դրանցից մեկն էլ, կամա թե ակամա, բացահայտել է Ֆինանսների նախարարությունը։ Մինչ դրան անցնելը հիշեցնենք, որ վերջերս անդրադարձել էինք հարկային եկամուտների հավաքագրման հունվար ամսվա կատարողականին` արձանագրելով, որ մուտքերի հետ կապված ինչ-որ տարօրինակություններ կան։ Մասնավորապես՝ առանձին հարկատեսակների գծով մուտքերը բացասական են։ Այլ կերպ ասած, բյուջեն դրանց մասով ոչ միայն եկամուտ չի ստացել, այլև պարտք է կուտակել։ Խոսքը հատկապես շահութահարկի և բնապահպանական ու բնօգտագործման վճարների մասին էր։ Եթե մի դեպքում բյուջեն հարկատուներին պարտք էր մնացել 1,4 միլիարդ, ապա մյուս դեպքում` 939 մլն դրամ։ Հասկանալի պատճառներով Պետեկամուտների կոմիտեն այդպես էլ որևէ բացատրություն չտվեց այս տարօրինակությանը։ Փոխարենը՝ գաղտնիքը բացել է Ֆինանսների նախարարությունը։ Վերջինս հրապարակել է այս տարվա հունվար ամսվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը, որտեղ անդրադարձել է նաև շահութահարկի և բնապահպանական ու բնօգտագործման վճարների հետ կապված խնդրին։ Խնդիր, որն ուղղակիորեն առնչվում է անցած տարվա վերջին արձանագրված հարկային եկամուտների աննախադեպ աճերին, որոնք լուրջ կասկածների տեղիք տվեցին։ Հետագայում պարզվեց, որ այդ կասկածներն ամենևին էլ անտեղի չէին։ Դա է վկայում նաև Ֆիննախի հրապարակումը։ Ի տարբերություն անցած տարվա վերջի հարկային որոշ մուտքերի վերաբերյալ ՊԵԿ-ի չհիմնավորված պատճառաբանություններին, Ֆինանսների նախարարությունն ընթացիկ տարվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվության մեջ ուղղակիորեն արձանագրել է, որ հունվարին որոշ հարկատեսակների գծով հարկատուներին են վերադարձվել ինչ-ինչ պատճառներով ավելի փոխանցված գումարները։ Այսպես` «2019թ. հունվար ամսվա ընթացքում նախորդ տարվա սխալ փոխանցված գումարների վերադարձի արդյունքում շահութահարկի և բնապահպանական ու բնօգտագործման վճարների ցուցանիշները կազմել են համապատասխանաբար -1,4 մլրդ դրամ և -939,3 մլն դրամ»։ Կարևոր չէ, թե սխալ փոխանցումներն ինչի հետևանք են եղել։ Փաստն այն է, որ դրանով արհեստականորեն ուռճացվել է հարկային եկամուտների կատարողականը։ Մի բան, որը հետագայում ճշգրտման ենթակա չէ։ Այն, ինչ արձանագրվում է տարվա վերջին` նույնիսկ նման սխալ փոխանցումների կամ անհասկանալի տուգանքների միջոցով, համարվում է բյուջեի վերջնական ցուցանիշ։ Այդպես է, եթե անգամ հետագայում տարբեր պատճառաբանություններով միլիարդավոր դրամներ վերադարձվում են հարկատուներին։ Մի բան, ինչի ականատեսը եղանք տարեսկզբին։ Թեև գնացքն արդեն գնացել է, այնուհանդերձ այս փաստերը վկայում են, որ իրականում 2018թ. բյուջեի մուտքերն ամենևին էլ այնքան չեն եղել, ինչքան ներկայացվել է։ Թերակատարումը շատ ավելին է, քան հայտարարված 4 մլրդ դրամը։ Ի դեպ, Ֆինանսների նախարարությունը դեռևս չի հրապարակել անցած տարվա բյուջեի կատարողականի հաշվետվությունը, որը ևս որոշակի լույս կսփռի տարեվերջի հարկային մուտքերի աննախադեպ բարձր ցուցանիշների վրա։ Թե փաստացի որքա՞ն է եղել շահութահարկի և բնապահպանական ու բնօգտագործման վճարների գծով ավելի փոխանցված այն գումարը, որը հունվարին վերադարձվել է, հայտնի չէ։ Այդ մասին Ֆինանսների նախարարությունը, բնականաբար, նաև՝ Պետեկամուտների կոմիտեն, ոչինչ չեն ասում։ Փաստն այն է, որ 2018թ. դեկտեմբերին մուտքերն ակտիվ էին թե՛ մեկի, և թե՛ մյուսի մասով։ Այդ ամիս հավաքվել էր գրեթե 34 մլրդ դրամի շահութահարկ, ինչը տվյալ շրջանի համար ռեկորդային բարձր ցուցանիշ էր։ Պակաս ակտիվ չէին իրենց դրսևորել նաև բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողները։ Դեկտեմբերին նրանք բյուջե էին փոխանցել ավելի քան 9,2 մլրդ դրամ։ Թե այս մուտքերից ինչքանն է եղել սխալի հետևանք, հավանաբար մի օր կպարզվի։ Ամեն դեպքում, եթե նույնիսկ ընդունենք, որ շահութահարկի և բնապահպանական ու բնօգտագործման վճարների մասով հունվարին բացարձակ մուտք չի եղել, ապա նախորդ տարվա վերջին ավելի փոխանցված գումարը կկազմի առնվազն 2,3 մլրդ դրամ։ Թեև քիչ հավանական է, որ տարեսկզբին երկու հարկատեսակների գծով էլ ընդհանրապես մուտքեր ապահովված չլինեն։ Դա նշանակում է, որ, այսպես ասած, սխալ կատարված փոխանցումներն իրականում շատ ավելին են եղել։ Ու դեռ հարց է, այդ գումարները պատահաբա՞ր, թե՞ միտումնավոր են սխալ փոխանցվել` անցած տարվա պետական բյուջեի եկամուտների թերակատարումը հնարավորինս կրճատելու ակնկալիքով։ Ի վերջո, խոսքն իշխանափոխությունից հետո Հայաստանում ձևավորված նոր կառավարության կողմից կատարված առաջին բյուջեի մասին է։ Հատկապես որ, կառավարությունը խոստացել էր շատ ավելի մեծ մուտքեր ապահովել, քան նախատեսված էր։ Ու հանկարծ կարող էր պարզվել, որ այդ խոստումը ոչ միայն չի կատարվել, այլև բյուջեն մի բան էլ թերակատարվել է։ Այն էլ՝ ոչ թե 4, այլ, ասենք` տասնյակ միլիարդ դրամի չափով։ Հասկանալի է, որ սա ամենևին էլ չէր բխում հեղափոխական փոփոխություններ խոստացած և բազմաթիվ ձախողումներ ունեցած կառավարության շահերից։ Ուստի տարեվերջին հարկային մարմիններն ամեն ինչ արեցին իրենց արդարացնելու և, որ ավելի կարևոր է, կառավարությանն անհարմար վիճակից հանելու համար։ Թեև անգամ այդ դեպքում չհաջողվեց ամբողջությամբ խուսափել մուտքերի թերակատարումից։ Եվ սա՝ այն դեպքում, երբ կառավարությունը պատերազմ էր հայտարարել ստվերային տնտեսությանն ու օլիգարխներին։ Օլիգարխներ և արտոնյալ հարկատուներ Հայաստանում այլևս կարծես չկան, եթե հավատանք Նիկոլ Փաշինյանին։ Բայց անգամ այդ պայմաններում բյուջեի մուտքերի ապահովման հետ կապված խնդիրների պակաս չկա։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ին ով ընտրում է Նիկոլ Փաշինյանին, ըստ էության, ընտրում է «Ենի Ադրբեջան» կուսակցության նարատիվները. Շարմազանով Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով մեկ օրում ավելի քան 30 մարդ է զոհվել Խորվաթիայի նախագահը հերքել է մեղադրանքը Արտառոց դեպք․ կինը ոստիկաններին հայտնել է Ութ տարի է վարչապետ է, բայց այդպես էլ չդարձավ վարչապետ. Ժաննա Ալեքսանյան Թրամփը հաստատել է Իրանի ծովային շրջափակման ուժի մեջ մտնելը Նույն բերանից դուրս են գալիս օրհնություններ և անեծքներ, եղբայրնե՛ր իմ, պետք չէ, որ այդ այդպես լինի Թուրքիայում հայտարարել են Իրանի և ԱՄՆ-ի միջև նոր բանակցություններ համար ջանքեր գործադրելու մասին Սպասվում է 0-ից ցածր ջերմաստիճան Դավիթին ՔԿՀ են տարել անվասայլակով, գլխապտույտով. փաստաբան Երևանում 74 համարի երթուղայինի վարորդը բռնության է ենթարկվել ՀՐԱՏԱՊ. Դավիթ Մինասյանին Նաիրի ԲԿ-ից տարել են բանտ 26-ամյա վարորդը «Ford Mustang»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և  երկաթե կրպակին․ կան վիրավորներ Երևանում հայտնի բլոգեր «Թու թու թու Լավան» «BMW X5»-ով խախտել է երթևեկության կանոնները Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը․ փաստաբան ՆԳՆ-ն Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ տեղեկության մասին Խնդրում եմ չաղավաղել. Արմեն Բաբալարյանի կարևոր հայտարարությունը Արթուր Ալեքսանյանի վերաբերյալ ԱՄՆ-ն հաղորդել է Խաղաղ օվկիանոսում նավերին նոր հարվածներ հասցնելու մասին ԿԸՀ-ն Աժ ընտրությունների առաջադրման փաստաթղթեր այսօր չի ստացել «Իսրայելն առանց թշնամու չի ապրում ու Իրանից հետո նոր թշնամի է փնտրում». Ֆիդան Հնչել է երկու ուղերձ ԱՄՆ-ին․ իրանագետ Իսպանիան վերաբացել է դեսպանատունը Թեհրանում Ֆրանսիայի հայոց թեմում քննարկվել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնան հարցի կարևորությունը Երևան-Գյումրի ճանապարհին «Kia Forte»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am