Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումից հետո իրավիճակը սրվելու է

Փետրվարի 20-21-ը, ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելեցին Հայաստան և Ադրբեջան, հանդիպեցին երկու երկրների ղեկավարներին ու արտգործնախարարներին: Նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ամփոփել են իրենց տարածաշրջանային այցի արդյունքները: Պարզվում է, Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը համաձայնել են մոտ ապագայում հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ կողմերի հետ վերջին բանակցություններից հետո, նշում են միջնորդները: «Տարածաշրջան կատարած մեր այցի ժամանակ առաջնորդները ներկայացրեցին հունվարին Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում տեղի ունեցած կարճատև երկխոսության մանրամասները», - հայտարարում են Մինսկի խմբի համանախագահները, հավելելով՝ տարածաշրջան այցի ժամանակ կողմերի հետ քննարկել են տեղում ստեղծված իրավիճակն ու հաջորդ քայլերի վերաբերյալ նրանց ակնկալիքները: «Համանախագահները դրական են գնահատում շփման գծում կորուստների նվազումը և ողջունում տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու շուրջ քննարկումները: Երկու կողմերի առաջնորդներն ընդունեցին Մինսկի խմբի հովանու ներքո հանդիպում անցկացնելու՝ համանախագահների առաջարկը», - ընդգծվում է հայտարարությունում: Հակամարտության շուրջ վերջին զարգացումների և կողմերի հետ ձեռք բերված համաձայնությունների մասին համանախագահները տեղեկություններ են փոխանցել նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին ու կառույցում նախագահող երկրի՝ Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակին: Ի դեպ, Միրոսլավ Լայչակն օրերս նշել է, որ ԵԱՀԿ-ն առաջընթացի նշաններ է տեսնում ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում: «Վերջին զարգացումները մեզ զգուշավոր լավատեսության հիմք են տալիս: Շփման գծում մարդկային կորուստներն ու հրադադարի խախտման դեպքերը նվազել են, մենք տեսնում ենք, որ Երևանի և Բաքվի միջև բարձր մակարդակով հանդիպումներ են անցկացվում որոշակի պարբերականությամբ», - ասել է Լայչակը՝ ընդգծելով, որ իր երկրի նախագահությունը հանձնառու է աջակցել հակամարտության բանակցված, խաղաղ և կայուն կարգավորմանը: ԵԱՀԿ գործող նախագահը միաժամանակ նշել է, որ Մինսկի խմբի համանախագահները ևս դրական տպավորություն են ստացել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Փարիզում կայացած վերջին հանդիպումից: Հիշեցնեք, որ հունվարի կեսերին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կայացավ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: «Ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը», - ասված էր պաշտոնական հաղորդագրությունում: «Հանդիպման նոր ժամկետները դեռևս հաստատված չեն, այնուամենայնիվ, ԱԳ նախարարները համաձայնեցին առաջիկա ամիսներին շարունակելու հետևողական, նպատակաուղղված շփումները», - փոխանցում էր Հայաստանի ԱԳՆ-ն: Փորձենք հասկանալ՝ ի՞նչ պայմաններում են Փաշինյանն ու Ալիևը համաձայնել հանդիպել, արդյոք նման հանդիպումը կարող է արդյունավետ լինել... Հայաստանի վարչապետն արդեն մի քանի առիթներով ասել է, որ Արցախի՝ բանակցությունների սեղանին վերադառնալու անհրաժեշտը հայկական կողմը շատ լուրջ դրել է: Ասել է թե՝ հայկական կողմից դա գրեթե կարելի է նախապայման համարել: Ի՞նչ է պատասխանում պաշտոնական Բաքուն... Որ՝ հայկական կողմը «փակուղի է մտցնում» բանակցությունները, տապալում է բանակցային գործընթացը: Նաև Բաքվից հստակ շեշտեցին, որ բանակցությունների «ձևաչափի փոփոխություն» չեն ընդունում: Հետևաբար, այս պայմաններում՝ ի՞նչ կարող են քննարկել Փաշինյանն ու Ալիևը առաջիկա հանդիպմանը, եթե երկուսն էլ մի հարցի վերաբերյալ՝ Արցախի իշխանությունների մասնակցության վերաբերյալ ունեն տրամագծորեն հակառակ դիրքորոշում: Եթե այս հարցից բացի Փաշինյանն ու Ալիևը ունեն նաև այլ թեմաներ քննարկելու, միևնույն է, մի օր Փաշինյանը կրկին բարձրացնելու է բանակցություններում Արցախի մասնակցության հարցը: Իսկ դա նշանակում է, որ այսպես, թե այնպես այդ բանակցությունները չեն պսակվի հաջողությամբ, որն էլ հանգեցնելու է սահմանային լարվածությանը՝ վաղ թե ուշ: Իհարկե, Փաշինյանը կարող է նաև օգտվել ստատուս-քվոյի պահպանման հնարավորությունից, բայց ամբողջ խնդիրն այն է, որ վերջին մի քանի ամիսներին Հայաստան-Ադրբեջան հանդիպումների արդյունքում ձևավորվել էր որոշակի սպասում, և այդ սպասումը ակամայից կապվում է Նիկոլ Փաշինյանի կողմից կատարվող քայլի հետ: Թամար Բագրատունի

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am