Ճգնաժամային խումբը նախազգուշացրել էր ԼՂ հակամարտության փոփոխվող դինամիկայի մասին
Twitter-ի իր էջում Շվեդիայի նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար Կառլ Բիլդտը գրել է, որ Միջազգային ճգնաժամային խումբը նախազգուշացրել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության փոփոխվող դինամիկայի մասին։ Բիլդտը նաև կիսվել է ՄՃԽ-ի կայքում 2016 թվականի փետրվարի 26-ին հրապարակված վերլուծությամբ, որտեղ հոդվածագիրն այդ ժամանակ մոտ օրերին սպասվող ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի՝ Հայաստան և Ադրբեջան նախատեսված այցելությունների ֆոնին գրում է, որ առնվազն չորս փոփոխություն է տեղի ունեցել, որոնց պետք է ուշադրություն դարձնեն ԵՄ բարձրագույն ներկայացուցիչը և ԵՄ անդամ պետությունները: Հեղինակի խոսքով՝ առաջինը Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարված հարաբերությունների դինամիկան է, երկրորդը՝ տարածաշրջանի քաղաքականություն Իրանի վերադարձը, երրորդը՝ Հայաստանում և Ադրբեջանում տնտեսական խնդիրները, իսկ չորրորդը և ամենամտահոգիչ բաղադրիչն անվտանգության հետ կապված միջադեպերի աճն է։
