Ե՞րբ կժայթքի «հրաբուխը». Ինչ է կատարվում Բաքվում

Ադրբեջանում ձերբակալվել է «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության հերթական ներկայացուցիչը: «Թուրան» գործակալության փոխանցմամբ, Ռովշան Գուլիևը ձերբակալվել է՝ իր բնակարանում անցկացված խուզարկություններից հետո, որոնց արդյունքում նաև առգրավվել է նրա համակարգիչը: Ընդդիմադիր ակտիվիստը, ընտանիքի անդամների վկայությամբ, պահվում է կազմակերպված հանցավորության դեմ գլխավոր վարչությունում: Ադրբեջանի ընդդիմադիր ուժերին միավորող «Դեմոկրատական կուսակցությունների ազգային խորհուրդը» փետրվարի 23-ին Բաքվում հերթական բողոքի ցույցը կանցկացնի քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով, որոնց թիվը, անկախ աղբյուրների գնահատականներով, ավելի քան 130 է: Ալիևի վարչակազմը հերքում է պնդումները, թե տասնյակ բլոգերներ, լրագրողներ, ընդդիմադիր գործիչներ ճաղերի ետևում են հայտնվել քաղաքական դրդապատճառներով: Առհասարակ, վերջին շաբաթներին ուշագրավ պրոցեսներ են ընթանում Ադրբեջանում: Հունվարի վերջին Ադրբեջանում ընդդիմությունը կրկին բողոքի ցույց անցկացրեց՝ պահանջելով իշխանության հրաժարականը: Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը հավաքվել էր Նովխանի գյուղում: Ելույթ ունենալով վերջինիս ծննդավայրում, ընդդիմության առաջնորդներից Ջամիլ Հասանլին պնդել է՝ ի տարբերություն առաջին հանրապետության պաշտոնյաների, ներկայիս վարչակազմը խրված է կոռուպցիայի մեջ, թալանում է ազգային հարստությունն ու ոտնահարում մարդկանց իրավունքները: Ավելի վաղ՝ հունվարի 19-ին Ադրբեջանի ընդդիմությունը բազմամարդ հանրահավաք էր անցկացրել Բաքվում, որը ամենամարդաշատն էր վերջին 14 տարիների ընթացքում: Հունվարի 19-ին ադրբեջանական ընդդիմությանը հաջողվեց վերջին 14 տարիների ընթացքում ամենամարդաշատ հանրահավաքն անցկացնել: «Թուրան» գործակալության ռուսալեզու Contact.az կայքում հրապարակած հոդվածում Մեհման Ալիևը պնդել էր, որ Ալիևի վարչակազմը հիմնարար ճգնաժամի մեջ է: Դրա պատճառները, ըստ ադրբեջանցի լրագրողի, մի քանիսն են` տնտեսական ծանր կացությունը, տեղեկատվական հոսքերի առատությունը և ներիշխանական պայքարը: «Անկասկած է, որ դժգոհությունների աճի հիմնական խթանը դարձավ Ադրբեջանում անհիմն կերպով ձգձգված սոցիալ-տնտեսական ճգնաժամը, որի շուտափույթ հաղթահարման բնակչության հույսերն այդպես էլ չարդարացան», - նշում է Մեհման Ալիևը` թվային մի շարք տվյալներով ապացուցելով, որ 2015-ից ի վեր ադրբեջանական տնտեսությունը բավական ծանր վիճակում է գտնվում: «Ազգաբնակչության գրեթե բոլոր խմբերի կենսամակարդակի անկումը շարունակվում է: Միջին աշխատավարձը 542 ամերիկյան դոլարից նվազել է` հասնելով 224 դոլարի: Առաջին անհրաժեշտության ապրանքների գներն աճել են շուրջ 40 տոկոսով, մանաթն արժեզրկվել է ավելի քան երկու անգամ, երկիրը մեծապես կախված է տարատեսակ ապրանքների ներկրումից: Կաթի ներկրումը Ադրբեջան աճել է 2, իսկ մսինը` 4 անգամ», - գրել է «Թուրան»-ի տնօրենը` մանրամասնելով. - «Ճգնաժամի մյուս պատճառը համացանցի հասանելիությունն է, ինչը զրոյացնում է պետական քարոզչության ջանքերը»։ Ադրբեջանում համացանցը հասանելի է 8 միլիոն մարդու համար, նրանցից 3 միլիոնը ներկայացված են սոցիալական ցանցերում: Նման պայմաններում համացանցը զարգանում է իշխանությունների սահմանափակ վերահսկողության պայմաններում` տեղեկատվության տարածման տեմպերով առաջ անցնելով հեռուստատեսությունից և տպագիր մամուլից: «Նման իրավիճակում պետական քարոզչական մեքենան տեղեկատվական հասարակությանը հակադարձելու շատ սահմանափակ հնարավորություններ ունի: Կառավարամետ տեղեկատվության հանդեպ վստահությունն ուղղակի կապ ունի իշխանության հանդեպ վստահության հետ, որը, սակայն, օրեցօր հալչում է», - նշում է Մեհման Ալիևը: Լրագրողի պնդմամբ, Ադրբեջանում առկա ճգնաժամն է՛լ ավելի է խորանում իշխանության ներսում ներկայացված կլանների պայքարի պատճառով: «Վերջին միտումները վկայում են, որ իշխանությունը կենտրոնանում է նախագահի ձեռքում, իսկ չինովնիկական օլիգարխիան գնալով թուլանում է», - պնդում է «Թուրան» գործակալության տնօրենը` համոզմունք հայտնելով, որ վերը նշված գործոններն «իրական քաղաքական գործընթացի գլխավոր բաղադրիչներն են, դրանք կարող են հանգեցնել հեղափոխական հետևանքների»: Ալիևի համար խառը իրավիճակներում օրերս կայացել է մեկ այլ ուշագրավ միջոցառում... Հայաստանի հետ խաղաղություն փնտրելու թեմայով Բաքվում համաժողով է անցկացրել «Հումանիտար հետազոտությունների ընկերակցությունը»: «Թուրան» լրատվական գործակալության հետ հարցազրույցում այդ հ/կ-ի ղեկավար Ավազ Հասանովն ասել է, թե այսօրվան հասել են բավականին թուլացած, քանի որ 2014-ից Ադրբեջանի իշխանությունները քաղաքացիական հասարակությանը հասցրել են կաթվածահարության: Հակամարտությունների կարգավորմամբ զբաղվող կազմակերպությունները ոչնչացվել են: Իսկ ի տարբերություն Ադրբեջանի՝ հայկական կազմակերպություններն իրենց հնարավորությունները պահպանել են, ու Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո նրանց դիրքերը նույնիսկ ամրապնդվել են: Մեր կազմակերպությունը արդեն 4 տարի սեփական պետության կողմից շրջափակման զոհն է: Վերջերս Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները հայտարարեցին փոխադարձ վստահության միջոցներ ստեղծելու անհրաժեշտության մասին, եթե իշխանություններն անկեղծ են, մենք կարող ենք խաղաղության հարցերով հասարակական քննարկումներ անցկացնել», - ասել է Հասանովը: Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է հանրային կարծիքը, Ավազ Հասանովն ասել է, որ հարյուրավոր քաղաքացիական ակտիվիստներ հակամարտությունը միայն ռազմական ճանապարհով լուծելու կողմնակից են, ցանկացած այլ առաջարկ մերժվում է: Հայրենասիրական նման հայտարարությունները ժողովրդահաճո են, սակայն հակասում են խնդիրը ոչ միայն ուժային մեթոդներով լուծելու պետական ռազմավարությանը: Հասանովը նշել է, որ եթե պետական ռազմավարությունը կառուցվի միայն նման գաղափարների վրա, դա բանակցություններում կհանգեցնի պարտության: Նման գործընթացները պետք է շատ ճկուն ու բազմակողմ քայլերով իրականացվեն: Փաշինյանի թիմի գործողությունները ցույց են տալիս, որ նա ճկուն քայլերի է դիմում: «Եթե մեր կառավարությունը հիմա կոշտ դիրքորոշում որդեգրի, մենք կպարտվենք, ու միջազգային հանրության ճնշումները մեզ վրա կուժեղանան: Խաղաղապահությունը եղբայրանալու կոչ չէ, այլ՝ ինչ-որ շահավետ մի բան, հաշվենկատ ամուսնություն, հաղթում է նա, ում փաստաբանն ավելի լավն է», - ասել է ադրբեջանցի հասարակական գործիչը, իսկ իրենց հետագա գործողությունների մասին նշել է, թե խաղաղապահության հարցն անհրաժեշտ է քննարկել իշխանությունների հետ, սինքրոնացնել գործողությունները «Խաղաղությանը անպատրաստ իշխանությունների խաղաղության կոչերը հանրության կողմից կընկալվեն որպես դավաճանություն», ասել է Ադրբեջանի «Հումանիտար հետազոտությունների ընկերակցության» ղեկավարը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am