Մեկնարկեց Երրորդմասցի Լյովիկի և նրա երկու ընկերների սպանության գործով վերաքննիչ բողոքի քննությունը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ այսօր՝ փետրվարի 22-ին, մեկնարկեց քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով վերաքննիչ բողոքի գործով առաջին դատական նիստը։ Գործով պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը վերաքննիչ դատարանից պահանջում են բեկանել և փոփոխել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն ու Վահան Հակոբյանին, Սարգիս Հախանումյանին և Սարգիս Գրիգորյանին առաջադրված մեղադրանքներում ճանաչել նրանց անմեղությունը։ Դատախազություն էլ պահանջում է ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։ Այս գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև տուժող կողմը։ Նրանք պահանջում են մասնակի բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռն ու ամբաստանյալների նկատմամբ նշանակել առավել խիստ պատիժներ: Այսօրվա դատական նիստին նախագահող դատավորը ճշտեց, արդյոք ամբաստանյալները ստացել են դավճիռը։ Առաջին նիստը, սակայն չկայացավ, քանի որ պաշտպանական կողմը չէր ներկայացել դատարան՝ անհետաձգելի քննչական գործողությունների պատճառով։ Այսպիսով այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց մարտի 20-ին։